կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-05 16:37
Հասարակություն

Երեք ամսվա աշխատանքը եռօրյա ժամկետում են պահանջում կատարել. ՀՊՃՀ-ում իրավիճակը չի փոխվում

Երեք ամսվա աշխատանքը եռօրյա ժամկետում են պահանջում կատարել. ՀՊՃՀ-ում իրավիճակը չի փոխվում

ՀՊՃՀ-ում կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլեւ ավելի են բորբոքվում:

 

ՀՊՃՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նախաքննության ընթացքում օրերս հետախուզել են իր տունը, ինչն ինքը բնական երևույթ է համարում: Նա համարում է, որ այդտեղ ոչ մի միտում չկա, նախաքննական գործընթաց է:

 

Սակայն բանն այն է, որ Խոեցյանի համակարգիչը դեռ ամիսներ առաջ թերություններ է ունեցել, որոնք շտկվել են օրեր առաջ, և բուհի  աշխատակազմի նորանշանակ ղեկավարը` Սամսոն Զատիկյանը, այս ամենը կապում է քննչական մարմնի հետաքննության հետ:

 

«Իմ ստորաբաժաման հետ կապված` պարոն Զատիկյանի լարվածությունը շարունակում է մնալ նույնը: Ես հորդորում եմ, որ իմ աշխատաոճը, որը մենք ադապտացրել ենք, տարիների փորձից ելնելով, փորձեք ընկալել: Զատիկյանն ասում է` իմ բաժնի աշխատակիցներն ուշանում են աշխատանքից, բայց դա ուշացում չէ, նրանք աշխատում են տարբեր մասնաշենքերում: Հիմա ստիպված աշխատողներիս խնդրել եմ, որ գան առավոտյան ներկա ստանան և նոր գնան տարբեր մասնաշենքեր»,- ասում է Խոեցյանը:

 

Ավելի վաղ Զատիկյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ դեռ աշխատակազմի նախորդ ղեկավարի օրոք Խոեցյանը հանձնարարություն էր ստացել, որը մինչ այսօր չի կատարել: Խոեցյանը հայտնեց, որ, այո, եղել է նման բան, սակայն նախորդ անգամ նման առաջադրանք կատարելիս 3 ամիս է պահանջվել, իսկ հիմա նրան եռօրյա ժամկետ են տվել:

 

«Համակարգիչների ինվենտարիզացիա պետք է անեի, և ես ասացի, որ տվյալ ժամանակահատվածում հնարավոր չէ այն իրականացնել: Դրանից հետո ինձ 20 օր ժամանակ տվեցին, բայց, գիտակցելով, որ, մեկ է, նշված ժամանակահատվածում նույնպես չեմ հասցնի ինչ-որ բան անել, սկսեցի ֆակուլտետ առ ֆակուլտետ հավաքել տեղեկատվությունը, որը համակարգեցի և ներկայացրի Զատիկյանին, ինչը նրան չգոհացրեց: Ի դեպ, ինվենտարիզացիա անելը մեր գործառույթների մեջ չի մտնում, բայց ես ասել եմ, որ եթե անգամ պահանջում են, որ մեր ստորաբաժանումը դա անի, պետք է ադեկվատ ժամանակ տան»,- ասաց Խոեցյանը:

 

Այնուամենայնիվ, նրա հավաստմամբ, իր և Զատիկյանի հարաբերություններն աշխատանքային են: «Ուղղակի Զատիկյանը փորձում է իր արածները մատուցել, թե այդպես էլ պետք է լինի, իսկ իմ տված պատասխանները ոչ ադեկվատ է համարում, և, բնականաբար, ես չեմ կարող լռել: Դրա պատճառով ոչ շատ ջերմ շփման մեջ ենք, բայց աշխատանքային էթիկան առավելագույնս պահում ենք»,- ասաց Խոեցյանը: