կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-31 15:16
Քաղաքական

Որտե՞ղ է ԲՀԿ-ի «կեսմիլիոնանոց» ընտրազանգվածը

Որտե՞ղ է ԲՀԿ-ի «կեսմիլիոնանոց» ընտրազանգվածը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ երկրում «ձևավորվել է համաժողովրդական շարժում», նաեւ հիշեցրել է, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն հավաքեց «մոտ կես միլիոն ձայն»:

 

Yerkir.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվել է, թե որտե՞ղ է ԲՀԿ-ի կեսմիլիոնանոց ընտրազանգվածի գոնե կեսը, ի վերջո, ոչ իշխանական երեք ուժերի հանրահավաքին երկու-երեք տասնյակ հազար մարդ է ներկա լինում, եւ, ըստ էության, եթե ոտքի կանգնի ԲՀԿ-ի «կեսմիլիոնանոց» ընտրազանգվածը, իշխանությունը խուճապի կմատնվի, գուցե ցանկալի իշխանափոխությունն էլ ավելի արագ կկատարվի:

 

ԲՀԿ-ական պատգամավորը նախ հայտարարեց, որ հանրահավաքներին ներկա է լինում 50-60 հազար մարդ (նշենք, որ, ըստ ոստիկանության տվյալների, հանրահավաքի մասնակիցների թիվը չի անցնում 20 հազարը), հետո հավելեց. «Եվ հետո` հանրահավաքը մեկ բան է, խորհրդարանական ընտրություններն ամբողջ հանրապետությունով մեկ այլ գործընթաց: Հանրապետության բնակչության երկու երրորդը մարզերում է ապրում, մարդիկ գնում են, իրենց բնակավայրերում ընտրությունների են մասնակցում: Որ հինգ հարյուր հազար մարդ գա՞ հրապարակ, չէ, տենց ո՞նց կարա լինի…»:

 

Պատգամավորը համակարծիք է Գագիկ Ծառուկյանի հետ, որ շարժումը համաժողովրդական է, «որովհետև ամբողջ ժողովուրդը շահագրգիռ է, որ լինեն փոփոխություններ»:

 

Անդրադառնալով ոչ իշխանականների շտաբների ձևավորումը` ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ հենց դրանք ստեղծվեն, այդ մասին նոր կխոսեն: «Հիմա այդ շտաբների ձևավորման մեխանիզմներն ենք մշակում»,- ասաց նա: