կարևոր
553 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-22 22:32
Հասարակություն Քաղաքական

Փաշինյանը ունի մի՝ անգերազանցելի թվացող հմտություն․ նա «մեջքով զգում» է իր ընտրազանգվածը և լիուլի բավարարում դրա հետաքրքրությունը․ Բադալյան

Փաշինյանը ունի մի՝ անգերազանցելի թվացող հմտություն․ նա «մեջքով զգում» է իր ընտրազանգվածը և լիուլի բավարարում դրա հետաքրքրությունը․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք թռչելիս օդանավից թերեւս տեսանյութ չի հրապարակել միայն սանհանգույցի վերաբերյալ։ Նա մանրամասնորեն ներկայացնում էր, թե ինչ կա օրինակ ուղեւորների փաթեթում։  Կատակը մի կողմ, բայց Փաշինյանը ունի մի՝ անգերազանցելի թվացող հմտություն։ Նա «մեջքով զգում» է իր ընտրազանգվածը եւ լիուլի բավարարում դրա հետաքրքրությունը, անմնացորդ լիությամբ։ Ուրիշ անելիք նա չունի։

Իր «միակ» անելիքն էլ իրականացնում է առավելագույն արդյունավետությամբ։ Իսկ դա ստեղծում է մի հեռանկար, որը կարող է ժամանակի մեջ թվալ աներեւակայելի, բայց աշխատում է «կաթիլը քար է ծակում» սկզբունքով։ Այսինքն, նա 1+1 սկզբունքով է փորձում ավելացնել իր ընտրազանգվածը, թեկուզ շաբաթը +1 պարբերականությամբ, բայց համակարգված եւ հետեւողական։  Մի բան, որը բավականին բաց «գոտի» է ընդդիմության դաշտում։ Միեւնւյն ժամանակ՝ կենսական անհրաժեշտություն։

Ընդդիմությունն իհարկե այս մասով գտնվում է ավելի մեծ մթնոլորտային ճնշման տակ, որովհետեւ նրանից պահանջում են արագություն։ Փաշինյանից արագության պահանջ չկա, իսկ ընդդիմությունից պահանջում են՝ «ինչո՞ւ դեռ չեք փոխել իշխանությունը», «բա ե՞րբ եք փոխելու իշխանությունը», «դեռ ինչքա՞ն պետք է սպասենք», ու այդպես շարունակ։  Իսկ դա մեծ ճնշում ու ծուղակ է միաժամանակ, որը կաշկանդում եւ խափանում է համակարգային աշխատանքը։

Իսկ Փաշինյանը օգտագործում է իր այդ «առավելությունը»։  Ես կողմնակից եմ, որ ընդդիմության հանդեպ թուլանա այդ մթնոլորտային ճնշումը։

Դա բացարձակապես ապարդյուն երեւույթ է, անօգուտ, ոչ մի տեղ չտանող։ Ընդդիմությանը պետք է ազատել այդ իռացիոնալ պահանջների ճնշումից եւ օգնել, խթանել, ու միաժամանակ պատասխանատվության տակ պահել համակարգային ռազմավարական աշխատանքի թեմայով, ինստիտուցիոնալ միջավայրեր ձեւավորելու թեմայով»։