Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Փարիզում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին, նշեց, որ Հայաստանն ու Արցախը խնդրի` բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են, և թե որքանով կհասնեն խնդրի խաղաղ կարգավորմանը, դա կախված է Ադրբեջանի դիրքորոշումից:
«Առանց ԼՂ իշխանությունների ուղիղ մասնակցության բանակցային պրոցեսին` հնարավոր չէ ակնկալել ռադիկալ առաջընթաց»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ է նշանակում երկու երկրների ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության մեծ համաձայնագրի ստորագրմանը, ինչի մասին նշել է Ֆրանսիայի նախագահ Օլանդը, և թե ի՞նչ փոխզիջումների գնով հնարավոր կլինի հասնել դրան, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Երբ Ադրբեջանը կներկայացնի իր փոխզիջումը, մենք էլ կներկայացնենք մերը: Բայց Ադրբեջանը ոչ միայն չի խոսում փոխզիջումից, այլ խոսում է խնդրի ռազմական լուծումից: Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի նստել բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե իր հասարակությանը կպատրաստի պատերազմի, այն ժամանակ միգուցե հնարավոր կլինի խոսել համաձայնագրի մասին: Բայց Ադրբեջանը մինչ այս հանդիպումը իր հասարակությանը պատրաստել է պատերազմի: Եթե մի պետության ղեկավար ասում է` Երևանը ադրբեջանական տարածք է, եթե դիվերսիաներ են անում ու հայատյացություն քարոզում, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Շարմազանովը:
Հարցին` ուրեմն չի՞ հավատում, որ այդ համաձայնագիրը կստորագրվի, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Եթե հրաշք կատարվի, ու Ադրբեջանը վերադառնա կառուցողական դիրքի, միգուցե: Բայց այսօր ես դա չեմ տեսնում»: