կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-14 09:35
Քաղաքական

Հաֆթարը հեռացել է Մոսկվայից՝ առանց հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման

Հաֆթարը հեռացել է Մոսկվայից՝ առանց հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման

Լիբիայի ազգային բանակի առաջնորդ, մարշալ Խալիֆա Հաֆթարը հեռացել է Մոսկվայից՝ առանց Ֆայեզ Սարաջի կառավարության հետ հրադադարի համաձայնագիր ստորագրելու. ըստ Yerkir.am-ի՝ գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ լիբիական իրազեկ աղբյուրին հղումով։

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ամփոփիչ փաստաթուղթը Մոսկվայում ընթացող բանակցությունների ժամանակ ստորագրել են Լիբիայում հակամարտող մի քանի կողմեր, բայց Հաֆթարը լրացուցիչ ժամանակ է խնդրել։

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի տեղեկություններով՝ Մոսկվայից Հաֆթարի գնալուց հետո Տրիպոլիի հարավում զինված ընդհարումները նոր թափ են ստացել։  Լրատվամիջոցի հետ զրույցում Հաֆթարն ասել է, որ փաստաթղթում անտեսվել են իրենց պահանջներից շատերը։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեկ՝ հունվարի 13-ին, Լիբիայի ազգային բանակի ղեկավար, մարշալ Խալիֆա Հաֆթարը ժամանել էր Մոսկվա, որտեղ հնարավոր է՝ բանակցություններ կայանան Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայեզ Սարաջի հետ:

Հիշեցնենք, որ ավելի քան 9 տարի է, ինչ երկրում զինված գործողությունները չեն դադարում: 2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի տապալումից ու սպանությունից հետո երկրում փաստացի երկիշխանություն է տիրում: