կարևոր
673 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-14 12:40
Քաղաքական

ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը Ֆիդանի հայտարարությանը՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը Ֆիդանի հայտարարությանը՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետի վերաբերյալ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի՝ ստորագրման ժամկետին վերաբերող հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը:

«Երբ այս տարվա մարտի 13-ին հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին,  հայկական կողմը միաժամանակ հայտնեց համաձայնագրի արագ ստորագրման իր պատրաստակամությունը: Այս մոտեցումը վերահաստատվեց օգոստոսի 8-ին համաձայնագրի նախաստորագրմամբ, որը, որպես խաղաղության հաստատումն արձանագրող կարևոր իրադարձություն, արժանացավ միջազգային լայն աջակցության: Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնագրի ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ»,- ընդգծեց Անի Բադալյանը։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը սպասվում է 2026 թվականի առաջին կեսին։