կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-02 11:20
Քաղաքական

Չգիտեմ` ինչ անեմ, որ ձեր կասկածները փարատեմ. փոխնախարարը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասին

Չգիտեմ` ինչ անեմ, որ ձեր կասկածները փարատեմ. փոխնախարարը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասին

Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի քննարկումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք վտանգված է ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը:

«Վերջերս մեր մամուլում իրարամերժ հրապարակումներ եղան, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կձգձգվի, և այդ ամենը լրատվամիջոցները գրում էին` հղում անելով ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանին»,- ասաց պատգամավորը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զորհաբյանն էլ ավելացրեց, որ վերլուծաբաններն արդեն կասկածի տակ են դրել այն, որ ստորագրումը իրականություն կդառնա:

Նազարյանը պատասխանեց, որ թե' Հայաստանը և թե' եվրոպական կողմը բարձրագույն մակարդակներով հայտարարել են, որ պատրաստ են ստորագրել համաձայնագիրը: «Ինչ վերաբերում է այդ հարցազրույցին, ապա ասեմ, որ նա իր խոսքում ասում է, որ այդ համաձայնագիրը կստորագրվի գագաթաժողովում կամ դրա շրջանակներում: Այլ բան է, որ նրա խոսքերը սխալ են թարգմանվել կամ այլ կերպ են մեկնաբանվել: Ինչպես հանրապետության նախագահն է նշել` մենք պատրաստ են ստորագրել համաձայնագիրը, իսկ եվրոպական կողմն էլ ասում է, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի: Ես չգիտեմ` ինչ անեմ, որ ձեր կասկածները փարատեմ»,- ասաց Նազարյանը: