կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-25 12:59
Առանց Կատեգորիա

Ծառուկյանի հանրահավաքային մանևրները կամ հրաժարականի պահանջ`«հաջորդ դասերին»

Ծառուկյանի հանրահավաքային մանևրները կամ հրաժարականի պահանջ`«հաջորդ դասերին»

Հոկտեմբերի 24-ին անցկացված եռյակի հանրահավաքը չտվեց այն հիմնական հարցերի պատասխանը, որոնք ի հայտ էին եկել հոկտեմբերի 10-ի հանրահավաքում հնչած ելույթներից և սկսված շարժմանը բավականաչափ անորոշության ֆոն հաղորդեց: Իսկ հարցերը հիմնականում կապված էին նրա հետ, թե ինչի՞ն է ուղղված այս շարժումը, ունի՞ այն ընդհանուր և ազնվորեն հրապարակայնացված համընդունելի նպատակներ, թե՞ ոչ և մինչև որտե՞ղ է այն հասունացվելու: Եվ չնայած դրան՝ հանրահավաքը լուծեց առնվազն հաջորդ նման միջոցառման մարդաշատությունն ապահովելու խնդիրը, որը գոնե այս պահին բավարարում է եռյակին ու հատկապես ԲՀԿ-ին:

 

Լևոն Տեր-Պետրոսյանը, ասելիքի իմաստով իր` թերևս, ամենաանհաջող և անլուրջ ելույթում, այնուամենայնիվ, հայտարարեց, որ շարժման հիմնական նպատակը, ստրատեգիան «սահմանադրության շրջանակներում իրականացվող համաժողովրդական ճնշման տակ իշխանություններին հրաժարական պարտադրելն է, դրանից հետո արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելը՝ նախապես հիմնովին վերափոխելով ընտրական օրենսգիրքը և նրանում ընդգրկելով այնպիսի դրույթներ, որոնք կբացառեն լայնածավալ և համակարգային բնույթ կրող ընտրակեղծիքների հնարավորությունը»։ Ընդ որում՝ Տեր-Պետրոսյանը ջանք չէր խնայում «բացահայտված» այս ստրատեգիան մատուցելու որպես հարթակում գտնվող չորս քաղաքական ուժերի և նրանց լիդերների կողմից վերջնականապես համաձայնեցված:

 

Սակայն թե Րաֆֆի Հովհաննիսյանի, թե Ստեփան Դեմիրճյանի և թե Գագիկ Ծառուկյանի ելույթները կառուցված էին բացարձակապես այլ տրամաբանությամբ: Առաջին երկուսն այդ ստրատեգիային ընդհանրապես չանդրադարձան, թեև ելույթը կառուցեցին հրատապ իշխանափոխության պահանջի տրամաբանությամբ: Իսկ ահա Գագիկ Ծառուկյանը, որի վերջնական որոշումը և անելիքները հստակեցնելու համար էլ, ըստ էության, հսկայական բազմություն էր հավաքվել Ազատության հրապարակում, բոլորովին այն ստրատեգիա ներկայացրեց: «Ճանապարհը հստակ է` ամենասեղմ ժամկետներում գնալ ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնելով մեծամասնական ընտակարգը` գնալ ընտրությունների: Մենք վերահաստատում ենք մեր պահանջը` ռացիոնալ քննարկումների դաշտում, հստակ ժամանակացույցով լուծել այդ խնդիրները:

 

…Եթե իշխանությունը շարունակի անտեսել և մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա մենք` երեք քաղաքական ուժերով, մեզ համախոհ այլ քաղաքական ուժերով և առավել լայն համախմբված ժողովրդական շարժմամբ, փողոցում և հրապարակներում կանգնած հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում և արտահերթ ընտրություններ»,-ասաց Ծառուկյանն իր այսպես կոչված ծրագրային ելույթում: Ուշադրություն դարձնենք՝ Տեր-Պետրոսյանը խոսում է նախ իշխանություններին հրաժարական պարտադրելու, ապա դրանից հետո միայն ընտրական օրենսգիրքը վերափոխելու և նոր համապետական ընտրություններ անցկացնելու մասին՝ նոր իշխանություն ձևավորելու համար: Այսինքն՝ ըստ էության, Տեր-Պետրոսյանն առաջարկում է այսպես կոչված հեղափոխության, ինչ-որ իմաստով մայդանական ճանապարհ:

 

Մինչդեռ Գագիկ Ծառուկյանը խոսում է իշխանությանը նախ ընտրական օրենսգիրքը փոխելու հարցում զիջումների պարտադրելու մասին, ապա դրանից հետո ընտրություններ անցկացնելու: Այստեղ խնդիրը միայն երկու լիդերների ներկայացրած գործընթացների հերթականության պարզ չհամընկնումը չէ: Բանն այն է, որ Ծառուկյանը նախ խոսում է օրենսգիրքը փոխելու «սեղմ» ժամկետների և ժամանակացույցով առաջնորդվելու մասին, իսկ «սեղմ» հասկացությունը չափազանց առաձգական է: Եվ երկրորդ՝ Ծառուկյանը ժամկետներ չի նշում նաև դրանից հետո անցկացվելիք ընտրությունների մասին:

 

Ավելին՝ դատելով այն մտքից, որ միայն այդ պահանջը չկատարելու դեպքում իրենք կառաջնորդվեն արտահերթ ընտրություններ պարտադրելու առաջնահերթությամբ, ցույց է տալիս, որ նա ենթատեքստային մակարդակով, առանց խոստովանելու, խոսում է հերթական, այսինքն 2017-18թթ. համապետական ընտրությունների մասին: Բայց ամենակարևորը՝ որ Ծառուկյանն իր ելույթով հստակ բացառեց մայդանական, այսինքն հեղափոխական ճանապարհը, իսկ դա միշտ էր իշխանության հետ լեզու գտնելու հնարավորություն է ստեղծում:

 

Իհարկե, ինքնին արդեն կարևոր է ընտրական օրենսգիրքը փոխելու, առավելևս մեծամասնական ընտրակարգը վերացնելու պահանջի առաջադրումն իշխանություններին, որովհետև լեգիտիմ իշխանության ձևավորման տեսակետից դրանք ուղղակի անհրաժեշտ, անհետաձգելի միջոցառումներ են: Սակայն Ծառուկյանի խոսքից այդպես էլ պարզ չդարձավ, թե որքանով է այս պահանջը դրվում որպես ուլտիմատում կամ դրվո՞ւմ է արդյոք որպես այդպիսին, թե՞ ոչ: Բանն այն է, որ եռյակը հիմա Աժ-ի մեծ օրակարգում ունի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մի օրինագիծ, որի ընդունման համար նախորդ քառօրյային հանդես եկավ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Մեծամասնությունը չի մերժել այն, բայց նաև չընդառաջեց արտահերթ նիստ հրավիրելու եռյակի նախաձեռնությանը՝ հարցը թողնելով առկախված, այսինքն ակնհայտորեն որդեգրելով ձգձգելու մարտավարությունը: Բայց դրա մասին հանրահավաքում ոչ մի խոսք չասվեց:

 

Քառյակում ոչինչ չհամաձայնեցված լինելու մասին էր խոսում նաև Ծառուկյանի հայտարարած՝ հանրապետության ողջ տարածքում համաժողովրդական շարժման միասնական շտաբներ ձևավորելու մասին որոշմանը մյուս ուժերի արձագանքը: Հանրահավաքի ավարտից անմիջապես հետո «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի այն հարցին, թե ինչ են իրենից ներկայացնելու այդ շտաբները և ինչ գործառույթ են իրականացնելու, ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը պարզապես պատասխանեց, որ դեռ չգիտի:
Այս իմաստով ճանապարհային քարտեզ չունենալու փաստը ինչ-որ կերպ բացատրելու Տեր-Պետրոսյանի արած մանևրները, թե չենք կարող տակտիկան բացահայտել ու սկուտեղի վրա տրամադրել Սերժ Սարգսյանին, քանի որ այդ դեպքում դա կդադարի տակտիկա լինելուց, ուղղակի խղճուկ, սկսնակ աճպարարի տպավորություն է թողնում: Տեր-Պետրոսյանը ոչ թե դրանով թաքցնում էր մարտավարությունը, այլ գոնե այս պահին դրա չգոյությունը՝ առաջին հերթին այն պատճառով, որ կարողանա հեշտությամբ մանիպուլիացիայի ենթարկել հենց եռյակին, ավելի կոնկրետ Գագիկ Ծառուկյանին, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը և Ստեփան Դեմիրճյանն այս համերգում ընդամենը ձայնակցողի դեր են կատարում:

 

Ինչևէ, չի բացառվում, որ շտաբներ ձևավորելու գաղափարն իրականում պատկանում է ոչ թե Ծառուկյանին, այլ Տեր-Պետրոսյանին, քանի որ դա այն տեխնոլոգիաներից մեկն է, որը կիրառվել է 1988թ. ղարաբաղյան շարժումը կազմակերպելիս:

 

Ու չնայած դեռևս անհասկանալի է՝ ինչով են դրանք զբաղվելու, բայց սա գոնե որոշակի գործողություն կատարելու մասին հայտարարություն է, եռյակի գործողությունների նկատմամբ հանրության հավատը մեծացնելու, հույս ներշնչելու, մոտիվացնելու նպատակ է հետաապնդում: Դրան ուղղված երկրորդ փոքրիկ «գործողությունը» Ծառուկյանի շուրթերից «իշխանափոխություն» և «արտահերթ ընտրություններ» եզրույթների հնչեցումն էր, թեկուզ լեզվի ծայրով, «թե»-ականով, որով նա նաև կատարեց այս հանրահավաքին իր «տղամարդավարի խոսքն ասելու» խոստումը: Այս դաշտից էր նաև հաջորդ հանրահավաքին նստացույց անկացնելու որոշում ընդունելու հնարավորության մասին Ծառուկյանի արած հայտարարությունը:

 

Հենց այս դետալների շնորհիվ է, որ չնայած հաջորդ հանրահավաքին ոչ մի կոնկրետ ասելիք այլևս չթողնվեց ու պարզ չէ՝ թե ինչ է անելու եռյակը հետո, կարելի է դրան հասարակության մասնակցությունը, թերևս ավելի շատ թվով, երաշխավորված համարել:

 

Եվ չնայած ներքին այս ակնհայտ խնդիրներին՝ հասարակությունը շարունակում ու դեռ որոշ ժամանակ շարունակելու է աջակցություն ցուցաբերել եռյակին: Իսկ պատճառն այն է, որ փոփոխություններ պարտադրելու հասարակության տրամադրվածությունը շատ ավելի լուրջ է, վճռականությունը՝ շատ ավելի տեսանելի, քան հարթակին գտնվողներինը: Եվ մարդիկ նույնիսկ արդեն նշանակություն չեն տալիս այն հանգամանիքն, թե ումով են ում փորձում հեռացնել, ինչպես կամ երբ են հեռացնելու:

 

Գևորգ Դարբինյան

 

ՀԳ. Առանձին անդրադարձի կարիք ունի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի հնչեցրած մաղձոտ, հակասական ելույթը, որին դեռ կանդրադառնանք առաջիկայում: