կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-24 20:03
Աշխարհ

Թուրքական դիվանագիտության խորամանկ մանևրները՝ Ռուսաստանին ներքաշում են թուրք-հունական տարաձայնությունների մեջ

Թուրքական դիվանագիտության խորամանկ մանևրները՝ Ռուսաստանին  ներքաշում են թուրք-հունական տարաձայնությունների մեջ

Թուրքիան և Հունաստանը վերսկսել են Էգեյան և Միջերկրական ծովերում ուժերի հավասարակշռությանը վերաբերող հին վեճը: Թեև երկրները ձևականորեն նույն ռազմա-քաղաքական դաշինքում են՝ ՆԱՏՕ-ում, Անկարան կոչ է արել Հունաստանին՝ դադարեցնել թուրքական ափերից մի քանի կիլոմետր հեռու գտնվող կղզիներում սպառազինության տեղակայումը: Իրավիճակը սրվում է նաև Կիպրոսի շուրջ տարաձայնության պատճառով. իր ափերի մոտ գազի հորատանցքեր բացելու համար Նիկոսիան Թուրքիան անվանել է «ծովահեն պետություն» և օգնության կանչել եվրոպական գործընկերներին: Թուրքիան, իր հերթին, այդ հարցում հույս է դնում Մոսկվայի հնարավոր դաշնակցության վրա. ըստ yerkir.am-ի՝ գրում է «Կոմերսանտ»-ը:

«Հունաստանը, որը հակառակ համաձայնագրերի, 16 ապառազմականացված կղզիներում սպառազինություն է տեղակայել, պետք է հետևի միջազգային իրավունքին»,- երեկ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ կոչ անելով Թուրքիայի բարիդրացիական վերաբերմունքը չընկալել որպես թուլություն:

Հունաստանի ԱԳՆ-ն նրան անմիջապես պատասխանել է. «Միջազգային իրավունքը վկայակոչելն առնվազն երեսպաշտություն է մի երկրի համար, որը պարբերաբար խախտում է գործնականում բոլոր հարևան երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, որը հարևաններին ու դաշնակիցներին վախեցնում է պատերազմով»:

Միջազգային իրավունք ասելով՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը հավանորեն նկատի ունի 1947 թվականի Փարիզի պայմանագիրը, 1923-ի Լոզանի պայմանագիրը և 1913-ի Լոնդոնի պայմանագիրը: Այդ փաստաթղթերից յուրաքանչյուրում առկա են նորմեր, որոնք սահմանափակում են Էգեյան ծովի արևելյան հատվածում սպառազինությունների մեծացումը: «Ապառազմականացված կղզիներ» եզրույթը, մասնավորապես, վերցված է Փարիզի պայմանագրից, որը նման կարգավիճակ է ենթադրում Դոդեկանես կղզիախմբի համար, այդ թվում՝ Հռոդոս, Կոս, Խալկի և Լերոս կղզիների:

Այդ պայմանագրերի այս կամ այն կետի մեկնաբանության վերաբերյալ վեճեր Թուրքիայի և Հունաստանի միջև ծագում են պարբերաբար:

Էգեյան և Միջերկրական ծովերում սահմանները ձևավորվել են Լոզանի և Փարիզի պայմանագրերով և իսկապես անսովոր տեսք ունեն: Թեև մայրցամաքային Թուրքիայի և Հունաստանի հեռավորությունն ամենանեղ հատվածում մոտ 150 կմ է, կղզիների մեծ մասը՝ ներառյալ նրանք, որոնք տեսանելի են թուրքական ափից, պատկանում են Հունաստանին: Այդ գործոնը հիշվեց 2019-ի վերջին, երբ Թուրքիան Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ ծովային տնտեսական գոտու սահմանազատման մասին պայմանագիր ստորագրեց: Այդ գոտու մեջ, համաձայն քարտեզի, որը ATV հեռուստաալիքով ցուցադրեց անձամբ Էրդողանը, մտնում էր նաև հունական Կաստելորիզո կղզին, ինչն անհանգստացրել է Աթենքին:

Իրավիճակը տարածաշրջանում բարդանում է նաև այն պատճառով, որ Անկարան մոտ ժամանակներս ծրագրում է գազ արդյունահանել Կիպրոսի ափերի մոտ: Այդ կղզում դե ֆակտո երկու պետություն կա՝ Կիպրոսի Հանրապետությունը՝ բնակեցված հիմնականում հույներով, և Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, որը ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից:

Կիպրոսի ափերի մոտ հորատման աշխատանքներ սկսելու մասին հունվարի 17-ին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոմեզը: Իսկ հունվարի 20-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարեց Անկարայի դեմ պատժամիջոցների մասին՝ «սև ցուցակում» ավելացնելով մի շարք թուրքական ընկերություններ ու անձանց, որոնք պատասխանատու են հորատման համար: Կիպրոսի իշխանությունները Թուրքիան անվանեցին «ծովահեն պետություն» և իրենց եվրոպացի գործընկերներին, օրինակ՝ Գերմանիային, խնդրեցին ազդել Անկարայի վրա:

Թուրքիան, իր հերթին, աջակցություն է ակնկալում Ռուսաստանից: ՌԻԱ «Նովոստի»-ի հետ հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Կիպրոսի ափերի մոտ գազի արդյունահանման գործում տեսնում է նաև Ռուսաստանին: Նրա խոսքով՝ Կիպրոսը եղել է երկու երկրների նախագահների վերջին հանդիպման ժամանակ քննարկված թեմաներից մեկը:

Սա Կիպրոսի շուրջ տարաձայնությունների համատեքստում Ռուսաստանի մասին արված ոչ միանշանակ հայտարարություններից առաջինը չէ: Ավելի վաղ Հյուսիսային Կիպրոսի ԶԼՄ-ները հայտնել էին, թե իբր Էրդողանը Ռուսաստանին առաջարկել է օգտվել չճանաչված հանրապետության նավահանգիստներից: Խոսքն իբր Մոսկվայի կողմից Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչման մասին է: Սակայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի այդ հրապարակումները որակել է որպես զրպարտություն, որի «հետևում կանգնած են ուժեր, որոնք ձգտում են ամեն գնով սեպ խրել Ռուսաստանի և Կիպրոսի հարաբերությունների մեջ»:

Նոր Թուրքիայի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Յուրի Մավաշևի կարծիքով՝ Անկարայի իրական նպատակը Միջերկրական ծովում սեփական գազատարը կառուցելն է՝ ի հակադրություն EastMed գազատարի, որի նախաձեռնողներն են Իսրայելը, Կիպրոսը և Հունաստանը:

«Անշուշտ, հունական կղզիներում առկա սպառազինությունը լուրջ սպառնալիք չէ Անկարայի համար, սակայն նա կարող է դա ներկայացնել որպես գոյության խնդիր: Ռուսաստանին էլ թուրքերն օգտագործում են որպես գրգռիչ Եվրամիության համար. EastMed-ը ռուսական «Թուրքական հոսք»-ի մրցակիցն է: Սակայն դրանք թուրքական դիվանագիտության խորամանկ մանևրներն են, վերջնական նպատակը Կիպրոսի գազային հանքավայրերին հասնելն է»,- «Կոմերսանտ»-ին ասել է փորձագետը: