կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-24 11:33
Առանց Կատեգորիա

Դեպի Փարիզ. ի՞նչ սպասել Սարգսյան-Ալիև բանակցություններից

Դեպի Փարիզ. ի՞նչ սպասել Սարգսյան-Ալիև բանակցություններից

Հոկտեմբերի 27-ին Փարզում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ:

 

Այս տարվա օգոստոսի` հայ-ադրբեջանական շփման գծի գրեթե ողջ երկայնքով ծավալված ռազմական գործողություններից հետո սա կլինի Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև արդեն երրորդ հանդիպումը: Առաջինն անցկացվեց օգոստոսի 10-ին Սոչիում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, երկրորդը` սեպտեմբերի 4-ին Ուելսում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ: Օլանդի միջնորդությամբ կայանալիք այս հանդիպմամբ, փաստորեն, վերականգնվում է պարիտետը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև, որովհետև ստացվում է, որ երեք երկրներն էլ առանձին-առանձին Ալիևին և Սարգսյանին «նստեցրել են» բանակցությունների սեղանի շուրջ: Ըստ էության` դրանց միակ արդյունքը եղել է իրավիճակի կայունացումը` առանց դույզն-ինչ առաջ մղելու բուն հակամարտության կարգավորումը:

 

Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն օրերս լրագրողների եհտ հանդիպման ժամանակ, անդրադառանալով Փարիզում կայանալիք հանդիպմանը, նշել էր, որ թեեւ չի կարող դիվանագիտական մանրամասներ բացահայտել, սակայն նախագահ Օլանդի նախաձեռնության նպատակն է նոր լիցք հաղորդել բանակցային գործընթացին: Նրա խոսքերից պարզ է դառնում, որ այդ նախաձեռնությունն ավելի շատ ուղղված է ոչ այնքան կողմերին համաձայնության բերելուն, որքան նրանց միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը: Այլ կերպ ասած` դա լինելու է հանդիպում` զուտ հանդիպման համար:

 

Այդ իրողությունը գրեթե հաստատել է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախորդ օրը ԱԺ-ում լրագրողներին տված ճեպազրույցում նա անդրադարձել է փարիզյան առաջիկա հանդիպմանը` նշելով. «Թե ինչո՞ւ բանակցային գործընթացում առաջընթաց չկա, կարծում եմ` պարզ է բոլորին: Պատճառը ո՛չ Ղարաբաղն է, ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ եռանախագահները: Պատճառն Ադրբեջանն է։ Եթե ոչ վաղ անցյալում Ադրբեջանի գործելաոճը բանակցային գործընթացում կարելի էր բնորոշել որպես «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ», ապա այժմ այն կարծես թե արտահայտվում է «ոչ մի քայլ առաջ և մի քանի քայլ ետ» սկզբունքով: Թե ինչքանով հնարավոր կլինի կառուցողական դաշտ բերել ադրբեջանական կողմին, ցույց կտա ժամանակը»: Ըստ էության` Նալբանդյանը խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը Փարիզ է մեկնելու առանց որևէ ակնկալիքի` փաստացի առաջնորդվելով այն սկզբունքով, որ անպտուղ բանակցություններն ավելի լավ են, քան բանակցությունների բացակայությունը:

 

Մյուս կողմից` խոսուն հանգամանք է նաև այն իրողությունը, որը ընդհուպ մինչև երեկ նույնիսկ պարզ չէր` նախագահները հանդիպելու են եռակո՞ղմ ձևաչափով, թե՞ Օլանդը առանձին-առանձին է բանակցելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Հստակ օրակարգ ունենալու պարագայում այս հարցը պետք է ընդհանրապես գոյություն չունենար: Հաշվի առնելով այս հանգամանքը` Փարիզի համար թերևս ձեռքբերում կլինի, եթե հանդիպման արդյունքում Սարգսյանն ու Ալիևը որևէ փաստաթուղթ, թեկուզ` հայտարարություն ստորագրեն: Դա որոշակի կշիռ կհաղորդի Փարիզի միջնորդական ջանքերին, հատկապես` եթե նկատի ունենանք, որ ո'չ օգոստոսին Սոչիում, ո'չ էլ սեպտեմբերին Ուելսում կայացած հանդիպումների արդյունքում նման տեքստեր չեն ստորագրվել: ԵՄ-ն ձգտում է առնվազն ետ չմնալ ԱՄՆ-ից ու Ռուսաստանից` այս հակամարտության շրջանակում տարածաշրջանային խաղացող լինելու իմաստով: Պատահական չէ, որ առանց որևէ լուրջ հիմքի Բաքվում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարում է, թե հույս ունի, որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ կայանալիք հանդիպումը կհալեցնի երկու երկրների սառը դիրքորոշումները և կհանգեցնի հակամարտության լուծմանը: Մոտավորապես նույն ոգով հայտարարություն արել է նաև Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը, ով նշել է, թե հույս ունի, որ այդ հանդիպումը կհանգեցնի առկա ստատուս քվոյի փոփոխությանը: Այսինքն` երևում է, որ ԵՄ-ն ձգտում է որքան հնարավոր է չափազանցնել Փարիզում կայանալիք հանդիպման քաղաքական նշանակությունը:

 

Չնայած այս ամենին` ԼՂ հիմնահարցի հետ կապված առնվազն երկու խնդիր աստիճանաբար դառնում է ավելի ու ավելի հրատապ: Առաջինը վերաբերում է կարգավորման պրոցեսի վրա Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հնարավոր ազդեցությանը: Այս մասին թե' միջնորդները և թե' Բաքուն առայժմ լռում են: Ըստ ամենայնի` Բաքվի լռությունը պայմանավորված է նրանով. որ սպասում են 2015թ. հունվարից ԵՏՄ-ի գործարկմանը, որից հետո ի հայտ է գալու Հայաստանի և ԼՂՀ-ի հնարավոր սահմանազատման և մաքսակետի տեղակայման խնդիրը: Բաքուն, թերևս, հույս ունի, որ Ղազախստանի, գուցե նաև Ռուսաստանի օգնությամբ կարող է հասնել մաքսակետի տեղակայմանը, այսինքն` սկուտեղի վրա ստանալ ԼՂ-ն: Իսկ եթե հույսերը չարդարանան, կարող է առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության անհրաժեշտության հարցը` հղում կատարելով այն իրողությանը, որ այլևս Հայաստանի հետ լինելով միևնույն տնտեսաքաղաքական բլոկում, Ռուսատանը չի կարող անկողմնակալ միջնորդի գործառույթ իրականացնել: Սա հրաշալի խաղաթուղթ կարող է դառնալ նաև ԵՄ-ի ու ԱՄՆ-ի համար` փորձելու չեզոքացնել կամ էականորեն սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը թե' հակամարտության և թե' Հայաստանի վրա:

 

Երկրորդը, որը կարող է նաև Փարիզում կայանալիք բանակցությունների մաս դառնալ, վերաբերում է օրեր առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի արած այն հայտարարությանը, թե հնարավոր է` Հայաստանը և Ադրբեջանը որոշեն ԼՂ բանակցությունները շարունակել փորձագետների մակարդակով` կապված խաղաղության մեծ պայմանագրի դետալների մշակման հետ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օրերս գործնականում հերքել է նման հնարավորությունը` նշելով, որ նման ապատեղեկատվությամբ Բաքուն ուղղակի փորձում է տապալել կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման գործընթացը և բանակցությունները դուրս հանել ՄԽ ձևաչափից: Սակայն խնդիրն այն է, որ իրականում Մամեդյարովի հայտարարությունը Ադրբեջանի վառ երևակայության արդյունքը չէ: Այդպիսի սցենարով առաջնորդվելու հնարավորության մասին խոսել է նաև ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` նշելով. «Ժամանակն է, որ բանակցությունները տարվեն մեկ այլ մակարդակի վրա: Արդեն բավական չէ, որ նախագահները կամ արտգործնախարարները երբեմն հանդիպում են: Պետք է լինի պաշտոնական բանակցային գործընթաց, և պետք է կողմերը որոշեն, թե այն ինչպես պետք է լինի»: Կարելի՞ է,  արդյոք, Նալբանդյանի արտահայտած դիրքորոշումը համարել հենց ԱՄՆ-ի կողմից հավանության արժանացած այդ առաջարկի մերժում, դժվար է ասել: Բայց փաստ է, որ Բաքվի այս մտահղացումն աստիճանաբար համարժեք ընկալում է գտնում Արևմուտքում` իբրև բանակցային գործընթացը վերջնական տապալումից փրկելու հնարավոր ճանապարհ: Գուցե փարիզյան հանդիպումն ամենահարմար առի՞թն է Երևանի համար` վերջապես մերժելու այն:

 

Գևորգ Դարբինյան