|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Տեղեկացրել ենք, որ այսօր Բաքվում կկայանա Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը: Վաղը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ հաջորդ օրը Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է Մոսկվա:
Yerkir.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ նման հանդիպումները, առհասարակ, կարևոր են:
«Կարևոր են այն առումով, որ ևս մեկ անգամ բոլոր այդ հանդիպումների ժամանակ ընդգծվում է խաղաղության և կայունության պահպանման հրամայականը, այս իրավիճակում` աշխարհաքաղաքական հավասարակշռվածության պահպանումը: Այս տեսանկյունից շատ կարևոր են այս հանդիպումները, հատկապես, որ և՛ Ռուսաստանը, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները միշտ էլ արժևորում են խաղաղության և կայունության պահպանումը»,- ասաց նա:
Ըստ Բաբայանի` հիմա ամենաքննարկվող խնդիրը հետաքննության մեխանիզմների ներդրումն է, որն ինքնին շատ բարդ խնդիր է, իսկ Ադրբեջանն էլ, իր հերթին, խոչընդոտում է այդ գործընթացին: Մնացած խնդիրները, թե ինչպես պետք է կարգավորվի ԼՂ հիմնահարցը, մեր զրուցակցի համոզմամբ, հեռավոր ապագայի հարց է:
«Առաջին հերթին զինադադարի պահպանման մեխանիզմների մասին պետք է մտածել և քայլերի անցնել, ինչը բարդ գործընթաց է: Տեսեք` պետք է նախ աշխատանք տարվի այդ մեխանիզմների հետ կապված մոտեցումների, գաղափարների շուրջ, թե ինչպե՞ս պետք է դա լինի, Արցախն ինչպե՞ս պետք է մասնակցի: Բացի այդ` ասենք` ինչ-որ ընդհանուր բան պատրաստեցին, միասի՞ն պետք է պատրաստեն, թե՞ առանձին-առանձին ներկայացնեն: Հետո պետք է մեկ ընդհանուր հայտարարի բերեն, փորձեն ներդնել դրանք, և նաև հարց է, թե երբ մեկը խախտի դրանք, ինչպե՞ս պետք է պատասխանատվության կանչեն: Բարդ գործընթաց է, բայց անհրաժեշտ»,- ասաց Բաբայանը: