կարևոր
2599 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-26 09:12
Քաղաքական

Ի՞նչ սպասել բանակցություններից․ «Հրապարակ»

Ի՞նչ սպասել բանակցություններից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռուսական խաղաղապահների հրամանատար, գեներալ մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ երեկ շարունակվել են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները, չնայած նա շուտով մեկնելու է Արցախից: Ռուսներն առանձին բանակցել են ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ արցախյան կողմի հետ, սակայն 3-րդ օրն է՝ որեւէ արդյունք չկա։ Հակառակը՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում երեկ տեղադրել է մի ցուցանակ․ «Ուշադրություն, դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»:

Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Ադրբեջանը կիրակի օրը փակեց Լաչինի միջանցքը ճիշտ այն մասում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, եւ նրանք չկանխեցին ադրբեջանական բեռնատարներով եւ ռազմական մեքենաներով Հակարի կամրջի փակումը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, թե անընդունելի է Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխությունը։

Արցախում վստահ են, որ ադրբեջանցիները չեն հրաժարվելու անցակետի գաղափարից: Միակ բանը, որին կփորձեն հասնել ռուսները, որ անցակետում տեղակայվեն ոչ միայն ադրբեջանցիներ, այլեւ ռուս խաղաղապահներ՝ լինի համատեղ տեղակայում։ Նշենք, որ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Լաչինում անցակետի տեղադրումն օրինական է, համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, եւ Պրահայում ու Սոչիում Հայաստանն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում