Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օսմանյան կայսրության ժամանակ հասարակության կարևոր մասը հանդիսացող «թաղային տղերքն» իրենց թաղի պաշտպանության պատասխանատուներն էին համարվում: Սակայն 20-րդ դարասկզբից խախտված այս համակարգը նրանց դարձրել էր հանցավոր աշխարհի մի մասը:
«Տղերքի» մասին մանրամասն պատմող գրքերից մեկի` գրող, լրագրող Ռեֆի Ջևաթ Ուլունայի «Հին Ստամբուլի տղերքը. հատուկենտ փոթորիկներ», և ոստիկան Օմեր Ունալի հուշերի հիման վրա «Ակօս»-ը հայ և հույն «տղերքի» մասին պատմությունների շարք է հրապարակել:
«Ստամբուլի տղերքի աշխարհը յուրատեսակ է: Նրանց աշխարհն ընկալելը անհնար է: Հասկանալու համար պետք է նրանց թաղամասում գտնվել, ապրել»,- գրում է Ուլունայը: Նա անձամբ ճանաչել է Ստամբուլի հույն «տղերքին»:
«Խայտառակ չլինենք»
Ըստ Ուլունայի` «տղերքն» ունեն իրենց հատուկ օրենքները և դրանց հետևելը «տղամարդկության» կարևորագույն օրենքն է: Նրանք ունեն իրենց հատուկ դաստիարակությունը, սովորույթները, կոչերը (թաղերով անցնելիս իրենց ներկայությունը ցույց տալու համար) ու իրենց «ճիշտը», որի հանդեպ շատ ուշադիր են, քանի որ այն խախտելու դեպքում կարող են կանգնել հեղինակազրկման վտանգի առաջ: Նրանց ամենամեծ վախը խայտառակ լինելն է, այսինքն` հեղինակազրկվելը, դա համահավասար է մահվան: Սարսափում են նաև «խուլիգան» կոչումից, քանի որ «խուլիգան» անվանում են գիշերները հանրային բաղնիքների վառարանների բաժնում քնող, անօթևան, թափառող և «հասարակ» խոսելաձևով տղամարդկություն սովորեցնող մարդկանց: Ըստ Ուլունայի` «երբ տղերքը ցանկանում էին միմյանց նվաստացնել, իրար «խուլիգան» էին անվանում», բայց դարձյալ շարունակում էին միմյանց հարգել և խիստ ուշադիր լինել` այդ հարգանքին արժանի լինելու համար»:
Մինչ Ուլունայը «տղերքին» ներկայացնում էին որպես «տղա-տղամարդ, աղա», Հուլքի Աքթունչը նրանց մասին ասում էր. «Նրանք քաղաքի ավազակներ են, իշխանության և օրենքի թուլությունից օգտվողներ»:
Ուլունայը պատմում է, որ թեեւ նրանց մեծամասնությունն անուս էր, արվեստի նկատմամբ հակում ունեին, իրենց տրված հանձնարարությունն անհապաղ իրականացում էին: «Նրանք խոսում-խնդում են և նրանց զրույցը հաճելի է: Մեկի կնոջ վրա մյուսը երբեք «աչք չի դնում»: Նրանց սիրո մեջ խաղ չկա»,- գրում է Ուլունայը:
Ստամբուլի հայ և հույն «տղերքի» մասին պատմող հոդվածում «Ակօս»-ը թվել է նրանցից հայտնիների անունները` Բիճ Արտաշ, Նորաձև Մանոլ, Արաբ Հուսնու, Կարկտանով Յորգի, Ձախլիկ Լիգոր և Օդեսացի Կոստի: