կարևոր
1741 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-11 12:57
Հասարակություն

Սեպտեմբերի 6-7-ի պրովոկացիան… Միայն Ստամբուլը չէր… Ի՞նչ է տեղի ունեցել Անատոլիայում՝ գավառ առ գավառ․․․

Սեպտեմբերի 6-7-ի պրովոկացիան… Միայն Ստամբուլը չէր… Ի՞նչ է տեղի ունեցել Անատոլիայում՝ գավառ առ գավառ․․․

Պատմաբան Էմրե Ջան Դաղլըօղլուն հարցազրույցում նշել է. «Չպետք է մոռանալ, որ նախկինում օսմանահպատակ քրիստոնյաների և հրեաների զգալի մասը ցածր դասակարգի գյուղացիներ և բանվորներ էին։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ՝ անհրաժեշտ է ուշադրությունը ավելի ցածր խավի վրա սևեռել և ավելի լայն շրջանակի անդրադառնալ»։

Այս օրերին սեպտեմբերի 6-7-ին տեղի ունեցած ջարդի 68-րդ տարելիցն է, որը պատմության մեջ մտել է որպես Թուրքիայում փոքրամասնությունների (այստեղ և հետագայում նկատի է առնված ազգային փոքրամանությունները-Ակունքի խմբագրութուն) դեմ իրականացված ամենամեծ պոգրոմներից մեկը։

68 տարի առաջ այս օրը՝ 1955 թ․ սեպտեմբերի 6-ին, ժամը 13։00-ին պետական ռադիոյով հաղորդվեց և միաժամանակ Ժողովրդական կուսակցությանը հարող «Իսթանբուլ Էքսփրես» թերթով հրապարակվեց «Մեր Աթայի (Աթաթուրքի-Ակունքի խմբագրություն) տանը ռումբով վնաս է հասցվել» վերնագրով լուրը, որից անմիջապես հետո հարձակումներ են սկսվել հույն, հայ և հրեա քաղաքացիների վրա։

Ստամբուլի Բեյօղլու, Քուրթուլուշ թաղամասերի ավերածությունների և հարձակումների պատկերները այդ օրերի շատ կարևոր վկայությունն են, որ բացահայտեց հարձակումների զանգվածային բնույթը։ Սակայն ի՞նչ է տեղի ունեցել Ստամբուլից բացի այլ քաղաքներում, որտեղ ևս փոքրամասնություններ էին ապրում:

Ունկնդրում ենք պատմաբան Էմրե Ջան Դաղլըօղլուին

«ՍՏԱՄԲՈՒԼԻՑ ԴՈՒՐՍ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ ԷՐ ՍՏԵՂԾԵԼ»

Նախ՝ ճի՞շտ մոտեցում է սեպտեմբերի 6-7-ի պոգրոմին նայել միայն Ստամբուլի մակարդակով։

Ստամբուլի վրա կենտրոնանալու պատճառներից մեկն այն է, որ Ստամբուլում բռնությունը շատ ինտենսիվ էր։ Սակայն այնպես չէ, որ Ստամբուլից դուրս ոչինչ չի եղել։ Բռնության լուրջ դեպքեր են գրանցվել հատկապես Իզմիրում, ուր զգալի թվով հույներ էին ապրում։

Երբ ասում եմ, որ սրանցից ոչ մեկը լուրջ չէ՝ դրանք չեմ համեմատում Ստամբուլի հետ։ Այնուամենայնիվ, փոքրամասնությունների նկատմամբ բռնություն ենք տեսնում նաև այլ վայրերում, թեև ոչ այնքան ինտենսիվ, որքան Ստամբուլում:

Գավառ առ գավառ կներկայացնե՞ք։

Օրինակ՝ Իզմիրում թալանվում է 15 տուն և մոտ 10 աշխատատեղ։ Հարձակումների և թալանի ականատես ենք լինում։ Տեսնում ենք, որ Ալսանջակում մի եկեղեցի է այրվել և Հունաստանի հյուպատոսությունը։

Միաժամանակ տեսնում ենք, որ տոնավաճառի տարածքում գտնվող հունական տաղավարը նույնպես հրկիզվել է։ Վնասվածքների և գույքային վնասների ականատես ենք դառնում։ Նույնիսկ հյուպատոսության վրա հարձակումը Հունաստանի և Թուրքիայի միջև խնդրո առարկա է դարձել:

Թուրքիան փոխհատուցում է վճարում հյուպատոսության շենքի վերանորոգման համար և որպես հատուցում առաջարկում նախարարների մասնակցությամբ բացման արարողությունը։ Սակայն կա այսպիսի այլ դրություն ևս. այն չի սահմանափակվում սեպտեմբերի 6-7-ով։ Մեկ շաբաթ անց Իզմիրի եկեղեցին կրկին հարձակման է ենթարկվում և հրկիզվում է։

Այսպիսով, եթե նայենք այլ քաղաքներին, ապա որքանո՞վ են ուժեղ միջադեպերը:

Մյուս կողմից, այս քաղաքներում մենք տեսնում ենք, որ հնարավոր են բռնի միջադեպեր և ելույթներ տեղի են ունեցել, սակայն տարբեր խնդիրների պատճառով  դրանք ոստիկանության և բյուրոկրատական ​​ուղիների միջամտությամբ կանխվել են։

Օրինակ՝ տեսնում ենք, որ քաղաքում բնակվող մոտ 100 հույներ տեղավորվել են հյուրանոցում՝ ընդդեմ Բուրսայում սեպտեմբերի 6-ի գիշերը տեղի ունեցած ելույթների, և այդ հյուրանոցը նույնպես պաշտպանության տակ է առնվել։

Նմանապես տեսնում ենք, որ Սամսունում մնացած շատ քիչ հույն ընտանիքներ պաշտպանվում են ոստիկանության կողմից։

Բացի սրանից, կարևոր ելույթներ են լինում Անկարայում և Ադանայում։ Այստեղ կրկին տեսնում ենք, որ ելույթներ են տեղի ունենում այն ​​թաղամասերում, որտեղ շատ քիչ փոքրամասնություններ են ապրում, և նույնիսկ բախումներ՝ ոստիկանության հետ, և տեսնում ենք, որ զինվորականների վերահսկողության տակ մարդկային կամ գույքային կորուստներ չեն պատճառվում։

Այնուամենայնիվ, չնայած սեպտեմբերի 6-7-ից հետո արտակարգ դրության հայտարարմամբ իրադարձությունները հանդարտվեցին, բայց գիտենք, որ ներկայում երկրաշարժից մեծ վնաս կրած Իսքենդերունի Սուրբ Նիկողայոս եկեղեցին 8-ի լույս 9-ի գիշերը դինամիտով վնասվել է։ Տեղեկանում ենք, որ երկու անհայտ անձինք դինամիտ են տեղադրել եկեղեցու դռան վրա։

Ստամբուլի և Իզմիրի դեպքերի հետ կապված հանցագործների մասով որևէ զարգացում չկա, և դատավարությունները շատ խնդրահարույց են ընթանում այս հարցերի վերաբերյալ։

Ուրֆայում, Մարդինում և Միդյաթում ասորիների նկատմամբ բռնության, Չանաքքալեում հրեաների նկատմամբ ոտնձգության դեպքեր են գրանցվել։

«ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՊԱՏԺԻ ՄՆԱՑԻՆ».

Ի՞նչ կասեք հանցագործների մասին։

Հանցագործների հետ կապված գործընթացը խնդրահարույց է. տեսնում ենք, որ Ժողովրդավարական ​​կուսակցությունը կարճ ժամանակում բերման է ենթարկել մեծ թվով մարդկանց, բայց հետո այդ ձերբակալվածներին կամաց-կամաց ազատ են արձակվել՝ առանց պատշաճ իրավական գործընթացի, և շատ քիչ կասկածյալներ են կալանավորվել։ Տեսնում ենք, որ նրանց մեծ մասին ազատ են արձակում և անպատիժ թողնում:

Այնուհետև, Ժողովրդավարական ​​կուսակցության կողմից կպնդվի, որ կոմունիստներն են կազմակերպել այս միջադեպը, և այս հարցը բարդվելու է ձախակողմյան գրողների ու մտավորականների վրա։

Երբ 1960 թ․ մայիսի 27-ի հեղաշրջումից հետո Ժողովրդավարական ​​կուսակցության անդամները դատվեցին, տեսնում ենք, որ սեպտեմբերի 6-7-ի ջարդը բնութագրվեց որպես իրավիճակ, միայն Ժողովրդավարական ​​կուսակցության կառավարության կազմի կողմից կազմակերպված միջադեպ, և այդ հանցագործության զանգվածային լինելը դուրս մնաց։

Սակայն տեղյակ ենք, որ Ստամբուլում լինչի մասնակիցների թիվը շատ մեծ էր, և շրջակա այլ գավառներից էլ շատ մարդիկ գնում էին Ստամբուլ և մասնակցում այս հանցագործությանը։

Ի լրումն Ստամբուլի մեծ ջարդերի մեծ թվով մասնակիցների, նույնիսկ գիտենք, որ երբ Էսքիշեհիրից, Անկարայից, Քոջաելիից և Սաքարիայից մարդիկ լսել են դրա մասին՝ նստել են ավտոբուսներ և գնացել Ստամբուլ ու մասնակցել այս հանցագործությանը։

Արդյոք կարո՞ղ ենք ընդհանրացնել Ստամբուլից դուրս այն վայրերը, որտեղ սեպտեմբերի 6-7-ի ջարդերը կենտրոնացած էին՝ Իսքենդերուն, Ադանա, Իզմիր և Բուրսա:

Կարող ենք ավելացնել նաև Մարդինը, Ուրֆան։ Նույնիսկ եթե այստեղ չենք կարող խոսել շատ լուրջ բռնության միջադեպերի մասին, հաստատ եղել են վայրեր, որտեղ առնվազն զանգվածային մասնակցություն եղել է՝ Անկարա, Իզմիր և Ադանա։

Այսօր, օրինակ, Ստամբուլում՝ Բեյօղլուում, շրջելիս կամ երբ գնում ենք Քուրթուլուշ, ասում ենք՝ հույներ են ապրել այստեղ։ Հենց այսպես ենք ասում։ Նրա հետքերը տեսնում ենք գրեթե բոլոր շենքերում։ Իսկ ի՞նչ իրավիճակ է, երբ գնում ենք այլ գավառներ։

Իհարկե, նոստալգիկ հիշողության հետքեր կարող ենք տեսնել նաև Իզմիրում, Անկարայում և Չանաքքալեում, որտեղ շատ քիչ հույներ, հրեաներ կամ հայեր են մնացել։

Երկրաշարժից առաջ Անթաքիան և որոշ չափով Մարդինն այս առումով տարբերվում էին դրանցից։ Դրանք վայրեր են, որոնք մի փոքր ավելի են մոտենում Ստամբուլին։ Որովհետև այնտեղ ոչ մուսուլմանները նման չեն թանգարանային առարկաներին, նրանք կյանքում են և գոյություն ունեն այս քաղաքների առօրյա կյանքում: Այնուամենայնիվ, դեռ չենք կարող տեսնել հանցագործությունների հետքերը, որոնք լուրջ վնաս են հասցրել այս քաղաքներում այդ մարդկանց մշակութային արժեքներին։ Դրանք չեն հիշվում որպես հանցագործություններ։

Այսպիսով, Ստամբուլից դուրս գավառներից գաղթողներ եղե՞լ են։

Բորա Սելիմ Գյուլը Twitter-ում մի լուսանկար է հրապարակել։ Անթաքիայի հայտնի պատմական բակային տների դիմաց ցուցատախտակ է։ Սա ասորի ընտանիքի կառուցած տուն է, և մի նախադասություն կա, ըստ որի՝ նրանց ժառանգները լքել են Անթաքիան 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի ջարդերից հետո։ Այսինքն չգիտենք, թե ով ինչ պատճառով կամ վախով հեռացավ, բայց սխալ չենք լինի, եթե ասենք, որ այս ջարդը կարևոր դեր է խաղացել Թուրքիայում փոքրամասնությունների մոտ վախի մթնոլորտի ձևավորման գործում, և որ այն դեր է խաղացել որոշ մարդկանց գաղթի մեջ, հատկապես Անատոլիայում։

Կա՞ որևէ բան, որի վրա ցանկանում եք ուշադրություն հրավիրել։

Իրականում Իսքենդերունում խոսեցինք եկեղեցու խնդրի մասին։ Ի վերջո, կարելի է բացատրել այն վախի մթնոլորտը, որ առաջացրել են սեպտեմբերի 6-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները, երբ դրանք հնչեցին Հաթայում և նրա շրջակայքում սեպտեմբերի 7-ին։ Ալթինոզյուում երկու գյուղ կա, որտեղ քրիստոնյաներ են ապրում։ Գիտենք, որ այս գյուղերում մարդիկ հավաքվում են մեծ տներում և մի քանի օր միասին ապրում, որպեսզի պաշտպանվեն իրենց գտած ծիծաղելի զենքերով։ Ուստի պետք է ընդգծել, որ նույնիսկ եթե դա ուժեղ ավերածություն չառաջացնի էլ, որոշակի վախ է հարուցում և այս առումով կարող է փոխել էմոցիոնալ վիճակն ու սոցիալ-տնտեսական դրությունը։

Երբ խոսքը վերաբերում է փոքրամասնությունների խնդրին, այսինքն՝ Թուրքիայի պատմության ընդհանուր խնդիրներից մեկին, տեսնում ենք, որ Ստամբուլի վրա կենտրոնացումը շատ ավելի գերիշխող է։

Փոքրամասնությունների խնդրի համատեքստում ակնհայտ է, որ սա դասակարգային մոտեցման արդյունք է։ Իհարկե, դրա պատճառն այն է, որ ավելի հեշտ է նկատել նրանց, ովքեր ավելի հարուստ են և թողնում են գեղեցիկ ու շոշափելի բաներ։

Իհարկե, հեշտ է հիշել գեղեցիկ տները, գեղեցիկ եկեղեցիները, մեծ վայրերն ու հարստությունը, սակայն բացի այդ, չպետք է մոռանալ, որ օսմանյան հետնորդ քրիստոնյաների և հրեաների մի զգալի մասը ցածր խավի գյուղացիներ և բանվորներ էին։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ անհրաժեշտ է ուշադրությունը ավելի ներքև սևեռել և ավելի լայն շրջանակի անդրադառնալ։

https://www.odatv4.com/guncel/67-eylul-provokasyonu-sadece-istanbul-degil-anadoluda-neler-oldu-il-il-120000153

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net