կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-14 14:42
Առանց Կատեգորիա

Ցեմենտի արտահանման ռեկորդային անկում

Ցեմենտի արտահանման ռեկորդային անկում

Հայաստանի տնտեսությունն ուսումնասիրելիս ցանկացած տեսակի և ճաշակի թվերի հետ շփվել ենք` անկում 10 տոկոսով, նույնիսկ` 40 տոկոսով, բայց այս մեկը լրիվ անիրական է թվում:

 

Բայց նախքան այդ թվերը հրապարակելը հիշենք ոչ վաղ անցյալը, երբ ցեմենտի արտադրության հարցում գործերն իրականում շատ լավ էին: Դատեք ինքներդ` 2010-ից մինչև 2013-ը ցեմենտի արտահանումն աճում էր երանելի թվերով, օրինակ` 2011-ին, 2010-ի համեմատ, 2.5 անգամ, 2012-ին` 40.000 տոննայով, իսկ 2013-ին` 50.000 տոննայով: Արտահանման ծավալների շարունակական աճը տրամաբանական էր, քանի որ տեղական շինարարությունը կաղում էր, և ցեմենտ արտադրող երկու խոշոր ընկերությունները՝ «Արարատ»-ն ու «Միկա»-ն, շեշտը հիմնականում դրել էին արտահանման վրա: Այդ իսկ պատճառով պատահական չէր, որ 2013-ին Հայաստանում արտադրված ցեմենտի մոտավորապես 50 տոկոսը արտահանվում էր:

 

Հիմա, երբ ուսումնասիրում ես ցեմենտի արտադրության և արտահանման ցուցանիշները, տպավորություն է, որ խոսքը, ասենք, բանանի աճեցման ոլորտի մասին լինի, որի հետ Հայաստանը ընդհանրապես կապ չունի ու, եթե կապ էլ ունենար, առավելագույնը տարեկան 5 կգ կարող էր աճեցնել:

 

Այժմ անդրադառնանք այս տարվա տխրահռչակ թվերին, որից հետո նաև կխոսենք հիմնական պատճառների մասին: Սկսենք արտահանումից: Վերեւում նշեցինք, որ 2013-ին Հայաստանից արտահանվել է 185.000 տոննա ցեմենտ, իսկ այժմ ուշադիր` այս տարվա առաջին 6 ամիսների արտահանման ցուցանիշը (մի' փորձեք կռահել, որովհետև դա ձեզ մոտ չի ստացվի)` 27.500 տոննա: Այսինքն` եթե հաշվենք, որ սա կես տարվա ցուցանիշն է, ապա տարեկանը մոտավորապես կկազմի, ասենք, 55.000 տոննա: Փաստորեն, ցեմենտի ոլորտը շատ է սիրում ռեկորդներ սահմանել:

 

Եթե 2011-ին ռեկորդը արտահանման ոլորտում 2.5 անգամ ավելի էր` նախորդ տարվա համեմատ, ապա այս տարի ենթադրվում է, որ կգրանցվի արդեն հակառեկորդ, և մենք կարտահանենք 3.5 անգամ ավելի քիչ ցեմենտ, քան 2013-ին: Ո՞րն է հիմնական պատճառը, և ո՞վ է մեղավոր, որ ցեմենտի ճակատագիրն այսպես տխուր է դասավորվում:

 

Հիմնական մեղավորը, անշուշտ, «Միկա» ցեմենտն է, որը տարեսկզբից չգիտես`  աշխատո՞ւմ է, թե՞ չի աշխատում: Ինչպես ասում են` ահավոր խառն են, ապրիլից  արտադրությունն ընդհանրապես կանգնեցվել էր պարտքերի պատճառով, և  ցեմենտ արտադրող միակ խոշոր ձեռնարկությունը մնացել էր «Արարատ ցեմենտ»-ը: «Միկա»-ն իր աշխատանքները սկսել է սեպտեմբերից, ըստ գործարանի տնօրինության` աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և դեռ նոր-նոր մտածում են Վրաստան և Ռուսաստան արտահանման մասին:

 

Հիշեցնենք, որ  «Միկա ցեմենտ»-ի գույքը գրավադրվել էր «ՎՏԲ» բանկում` պարտքի դիմաց: Ընկերության վնասը 2012-ին հասնում էր 2,3 միլիարդ դրամի:

 

Հիմա հարց է առաջանում` արդյո՞ք միայն «Միկա ցեմենտ»-ի չաշխատելը կարող էր հանգեցնել ցեմենտի արտահանման ծավալների` 3.5 անգամ անկման, թե՞ ոչ: Դա հասկանալու համար կարող ենք դիմել մի շատ պարզ քայլի` արտահանման փոխարեն պարզենք, թե ինչքան ցեմենտ ենք արտադրել այս տարվա առաջին ութ ամիսներին: Այսպես` եթե արտահանման դեպքում ծավալը կրճատվել է 3.5 անգամ, ապա արտադրության դեպքում կրճատումը կազմել է ընդամենը 10 տոկոս, սա էլ, իհարկե, «Միկա ցեմենտ»-ի «շնորհքն» է: «Արարատ ցեմենտ»-ի ուսերին ընկել է, փաստորեն, տեղական պահանջարկը ապահովելու խնդիրը, որի տակից գործարանը, կարծես, դուրս է եկել: Ասվածն ապացուցելու համար կարող ենք ուշադրություն դարձնել մեկ այլ թվի՝ շինարարության ոլորտին: Բավական է միայն այն, որ շինարարության ոլորտում անկում չենք արձանագրել: 2014-ի հունվար-օգոստոսին շինարարության ծավալն ավելացել է 0.4 տոկոսով, իսկ ահա օգոստոսին արձանագրված տվյալը, հուլիսի համեմատ, կազմում է պլյուս 12 տոկոս:

 

Այսինքն` պարզ է դառնում, որ հիմնական պատճառը նախ` «Միկա ցեմենտ»-ի ձախողումն է, շինարարության ոլորտի աճը: Իհարկե, պետք չէ մոռանալ նաև Ռուսաստանում առկա տնտեսական խնդիրները, որտեղ նույնպես հանգրվանում է հայկական ցեմենտը: Միջազգային փորձագետների գնահատմամբ` Ռուսաստանում այս տարի տնտեսական աճը լավագույն դեպքում կարող է կազմել 0.1-0.4 տոկոս, իսկ ահա հոռետեսները ընդհանրապես աճի մասին խոսելը ծիծաղելի են համարում:

 

Գևորգ Խաչատրյան