կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-30 10:42
Հասարակություն

Նախարարը նշում է, որ ապրիլին արտահանման 9.9 % աճ է գրանցվել, բայց 4 ամսվա կտրվածքով 8.6 % անկում ունենք. Սուրեն Պարսյան

Նախարարը նշում է, որ ապրիլին արտահանման 9.9 % աճ է գրանցվել, բայց 4 ամսվա կտրվածքով 8.6 % անկում ունենք. Սուրեն Պարսյան

Ապրիլին ապրիլի համեմատ արտահանման ծավալի 9.9 տոկոս աճ է գրանցվել, բայց 2019 թ. առաջին 4 ամսվա կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք 8.6 տոկոս անկում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հայտարարությանը: Տնտեսագետի կարծիքով՝ 2019 թ. ապրիլին արտահանման կտրուկ աճը պայմանավորված է նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ում կատարվող իրադարձություններով. «Մենք լոգիստիկայի հետ կապված խնդիրներ ունեինք, ճանապարհներ էին փակված և այլն, և այլն: Այսինքն՝ մենք խնդիր ունեինք՝ արտահանման գործընթացը կազմակերպելու: Սա միանշանակ կարող է ազդել կտրուկ աճի վրա»,- նշեց Սուրեն Պարսյանը:

– Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին հայտարարել էր, որ երեք ամիսների անկումից հետո ապրիլին առաջին անգամ ապրանքների արտահանման գրեթե 10 տոկոսանոց աճ է գրանցվել: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված արտահանման ծավալների աճը, ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ 9.9 տոկոս աճ է եղել:

– Այո, ապրիլին ապրիլի համեմատ արտահանման ծավալի 9.9 տոկոս աճ է գրանցվել, բայց 2019 թ. առաջին 4 ամիսների կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք 8.6 տոկոս անկում: Ապրիլին արտահանման աճը, ենթադրում եմ, որ պետք է պայմանավորված լինի արդյունաբերական արտադրանքի արտահանմամբ, բայց դրա տվյալները մեզ դեռևս հասանելի չեն: Գյուղմթերքի մասով չունենք շատ կտրուկ աճ, ընդհակառակը՝ առաջին եռամսյակում 0.2 տոկոս անկում է եղել:

Այստեղ կմնա միայն արդյունաբերության մասով արտահանումը, իսկ արդյունաբերական արտադրանքի արտահանման մեջ հիմնականում հանքարդյունաբերությունն է, որը նախորդ տարվա համեմատ, չեմ կարծում՝ կտրուկ աճ ունեցած լինի: Մնում է վերամշակվող արդյունաբերությունը և տեքստիլը:

Կարծում եմ՝ այս մասով լրացուցիչ պարզաբանում պետք է տան ԱՎԾ-ն և նախարարությունը: Ողջունելի է, որ ապրիլին ապրիլի համեմատ աճ կա, բայց դրա բացատրությունը տրված չէ, թե ինչի հաշվին է եղել այդ արտահանումը, ո՞ր ապրանքների արտահանման հաշվին: Պետք է փաստենք, որ վերջին շրջանում մեծ քանակությամբ վերաարտահանում ունենք, մասնավորապես, ավտոմեքենաների մասով: ԱՄՆ-ից, Ճապոնիայից բերում են մեզ մոտ, մաքսազերծում են և արտահանում են: Եթե սրանով պայմանավորված մենք աճ ենք ունեցել, ապա դա, ըստ էության, ոչինչ է, որևիցե բան չի տա մեր տնտեսությանը, բնակչությանը:

– 2019 թ. ապրիլին կտրուկ՝ 9.9 տոկոս արտահանման աճի գործոններից մեկը կարող է նախորդ տարվա ապրիլին ՀՀ-ում ստեղծված իրավիճակը լինել: «Թավշյա հեղափոխության» օրերին, կարելի է ասել, Հայաստանում կանգ էր առել տնտեսությունը:

– Միանշանակ, մենք լոգիստիկայի հետ կապված խնդիրներ ունեինք, ճանապարհներ էին փակված և այլն, և այլն: Այսինքն՝ մենք խնդիր ունեինք արտահանման գործընթացը կազմակերպելու: Սա միանշանակ կարող է ազդել կտրուկ աճի վրա: Բայց այս պահի դրությամբ հնարավոր չէ վերջնական գնահատական տալ, քանի որ դեռ բացվածքը չկա այդ 9.9 տոկոսի: Օրինակ՝ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը ևս բավականին ցածր մակարդակում է՝ 9.2 տոկոս անկում ունենք: Մենք էլեկտրաէներգիա ենք արտահանում Իրան և այդ մասով էլ չունենք որոշակի դրական տեղաշարժեր:

– 2019 թ. հունվարին 2018 թ. հունվարի համեմատ արտահանումը նվազել է 16.3 տոկոսով, փետրվարին՝ փետրվարի համեմատ՝ 8.4 տոկոս և մարտին՝ մարտի նկատմամբ՝ 18.9 տոկոս: Ինչո՞վ է պայմանավորված է առաջին 3 ամիսների արտահանման ծավալների անկումը:

– Այդ անկումը հիմնականում պայմանավորված էր հանքարդյունաբերական արտադրանքի, նաև գյուղմթերքի արտահանման ծավալների անկմամբ: Հիմնականում այս երկու գործոններն էին, որ ազդեցություն են ունեցել արտահանման տեսակարար կշռի վրա:

– Իսկ գյուղմթերքի և հանքաարդյունաբերական արտադրանքի արտահանման նվազման պատճառը ո՞րն է:

– 2018 թ. մեր գյուղատնտեսության համար բավականին վատ տարի էր, մենք ունեցանք 4.4 տոկոս անկում: Եվ դա, բնականաբար, զգացվել է նաև այս տարվա առաջին եռամսյակի վրա, քանի որ պաշարներ են կուտակվում և դրանք հետագայում արտահանվում են: Հանքաարդյունաբերության մասով էլ պատկերը հետևյալն է՝ և´ Թեղուտն է հունվարին իր գործունեությունը դադարեցրել, և´ մյուս հանքարդյունաբերական ձեռնարկություններն էին ավելի մեծ ծավալներով արտահանում իրականացնում, քան այս տարի:

– Վարչապետը և կառավարության շատ անդամներ շտապեցին իրենց ֆեյսբուքյան էջերում գրել ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշի 9.2 տոկոս աճի մասին: Սակայն, մի շարք տնտեսագետներ, փորձագետներ հայտարարում են, որ սա մանիպուլյատիվ է: Համամի՞տ եք այս գնահատականների հետ:

– Միանշանակ համաձայն եմ, հատկապես գյուղոլորտի ցուցանիշներն են բավականին կասկածելի: Չնայած, նախորդ եռամսյակին ցույց տվեցին, որ 0.2 տոկոս անկում է եղել, դա շատ կասկածելի էր, քանի որ նույն պտուղ-բանջարեղենները ջերմոցների դեպքում աճ էին գրանցել 47 տոկոսով: Այսինքն՝ մոտ 50 տոկոսով ջերմոցների արտադրողականությունն ավելացել է նախորդ տարվա համեմատ, որը հնարավոր չէ, մենք այդքան շատ ջերմոցներ չենք կառուցել 2018 թ. ընթացքում: Ինչ վերաբերում է 9.2 տոկոս ակտիվության ցուցանիշին, դրա հետ միաժամանակ պետք է նշել, որ շինարարության աճի տեմպն է կտրուկ նվազել, առևտուրը, ծառայության ոլորտն է նվազել: Եվ այդ աճը հիմնականում ընկած է 13.2 տոկոս արդյունաբերական արտադրանքի վրա: Իսկ այդ արդյունաբերական արտադրանքը որ ճյուղերին է բաժին ընկնում, այս պահին դժվարանում եմ ասել: Ենթադրաբար, դա կարող է լինել վերամշակվող արդյունաբերությունը՝ կոնյակագործություն, ծխախոտագործություն և այլն: