Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ներկայումս աշխատող կինը մինչծննդաբերական և հետծննդաբերական շրջանի համար նպաստ ստանում է իր միջին աշխատավարձի 100 տոկոսի չափով, ապա, նոր օրինագծի համաձայն, 2016 թվականից առավելագույնս 80 տոկոսի չափով կստանա:
Սեպտեմբերի 25-ին կառավարությանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացվել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է հղիության և ծննդաբերության նպաստն անվանել մայրության նպաստ: Եվ այս նպաստն աշխատող կնոջ դեպքում հաշվարկվելու է` կապված նրա վերջին աշխատավայրում ունեցած աշխատանքային ստաժից: Եթե նա աշխատել է մինչև 1 տարի, ապա նպաստը լինելու է միջին աշխատավարձի 40 տոկոսի չափով, եթե մինչև 3 տարի, ապա` 60 տոկոսի չափով, իսկ եթե 3-ից ավելի` 80 տոկոսի չափով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը հայտնեց, որ մայրության նպաստը վճարվելու է նաև չաշխատող կանանց` սահմանված 140 օրվա համար: Այսինքն` նպաստ ստանալու իրավունք ունեցողների թիվն ավելանալու է: Տարեկան միջինը 43 հազար երեխա է ծնվում, որոնցից միայն 13 հազարի մայրերն են աշխատող:
Yerkir.am-ի այն դիտարկմանը, որ իրականում լավ է, որ բարենպաստ վիճակում են հայտնվելու նաև չաշխատող կանայք, սակայն ինչո՞ւ է դա արվում աշխատող կանանցից խնայելու հաշվին, Ս. Սաիյանն արձագանքեց, թե ցանկալի կլիներ, որ պետության ռեսուրսները սահմանափակ չլինեին և բոլոր կանանց ցանկալի չափով նպաստներ տրվեին, սակայն ռեսուրսները սահմանափակ են: Մյուս կողմից` կա նպատակային ծախսերի կառավարման խնդիր:
Նա նշեց, թե ներկայումս նպաստ ստացող աշխատող կանանց մոտ 20 տոկոսի դեպքում նկատվում է, որ նրանք աշխատանքի են անցել ծննդաբերությունից 15 օրից մինչև 2-3 ամիս առաջ: Այսինքն` ակնհայտ է, որ գրանցվել են` որպես աշխատող, հետագայում նպաստ ստանալու համար: Եվ այս դեպքում օրենքի որևէ խախտում չկա:
«Ազատություն» ռ/կ-ը հարց տվեց, թե ինչո՞ւ են խնայողություններն արվում աշխատող կանանց հաշվին, այլ ոչ, օրինակ, չի սահմանվում շքեղության հարկ և հենց դրանից բաժին հատկացվում չաշխատող և մայրացող կանանց: Ս. Սաիյանն այս հարցն անպատասխան թողեց` ասելով, թե հասցեատերն ինքը լինել չի կարող:
Yerkir.am-ը մեկ այլ դիտարկում արեց` եթե նույնիսկ նպաստի չափը հաշվարկվելու է` աշխատանքային փորձից կախված, ապա ինչո՞ւ է հենց վերջին աշխատավայրում ստաժը շեշտվում, չէ՞ որ կինը կարող է 10 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունենալ, սակայն հղիության վերջին եռամսյակում այլ աշխատանքի տեղափոխված լինել, և, փաստորեն, կստանա ոչ թե միջին աշխատավարձի 80, այլ 40 տոկոսի չափով նպաստ:
Սրա վերաբերյալ Ս. Սաիյանը նշեց, թե ներկայացվել է ընդամենը նախագիծ, որը ենթակա է լրամշակումների, և հանրային քննարկումներից հետո հավանական է, որ փոփոխություններ լինեն:
Ինչ վերաբերում է երեխայի խնամքի համար նախատեսված նպաստի տևողությանը, ապա այս դեպքում փոփոխություններ չեն նախատեսված:
Նշենք, որ երեկ դեռևս հայտարարություն էր եղել, թե երեխայի խնամքի համար ծնողը նպաստ է ստանալու ոչ թե մինչև երեխայի երկու տարեկան դառնալը, ինչպես ներկայում է, այլ մինչև մեկ տարեկանը: