Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող` «Բանդա 2»-ի գործով դատավարությունը, կարծես, դարձյալ փակուղի է մտել: Այսօր նշանակված հերթական նիստը հետաձգվեց, որպեսզի գործում ներգրավված նոր փաստաբան Մուշեղ Շուշանյանը կարողանա ծանոթանալ գործի նյութերին:
Նշենք, որ նախորդ նիստում ամբաստանյալ Գոհարիկ Գաբրիելյանը միջնորդություն էր ներկայացրել` որպես իր պաշտպան` գործում ներգրավել փաստաբան Մ. Շուշանյանին: Եվ որպեսզի փաստաբանը կարողանար գործի նյութերին ծանոթանալ, դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, նիստը հետաձգել էր երկու շաբաթով (այնինչ` նախապես որոշվել է, որ այս գործով դատական նիստերը նշանակվեն յուրաքանչյուր երեքշաբթի օր):
Ի դեպ, նիստերի այս հետաձգումները դժգոհություն են առաջացնում կալանքի տակ գտնվող ամբաստանյալների հարազատների շրջանում:
Այսօրվա դատական նիստում փաստաբանը հայտնեց, որ դիմել է դատարանի գրասենյակ, գործի նյութերից առանձնացրել է իր պաշտպանյալին վերաբերող հատվածները և խնդրել դրանց պատճեններն իրեն տրամադրել: Սակայն մինչ այժմ դրանք չի ստացել: Հետևաբար, պաշտպանը միջնորդեց դատական նիստը հետաձգել, որպեսզի կարողանա ծանոթանալ նյութերին, որից հետո արդեն դիրքորոշում կհայտնի երկու վկայի նախաքննական ցուցմունքները դատարանում հրապարակելու վերաբերյալ:
Նախորդ նիստերին պարբերաբար դատարան է հրավիրվել ամբաստանյալ, բանդայի պարագլուխ համարվող Ռաֆայել Հարոյանի կինը` վկա Զարուհի Պետրոսյանը, ով այդպես էլ չի ներկայանում: Վերջին անգամ ոստիկանության միջոցով էր դատարանը պարտավորեցրել դատարան ներկայանալ, սակայն պատասխան է եկել, որ հայրը լարված հարաբերություններ ունի նրա հետ ու տեղյակ չէ նրա գտնվելու վայրի մասին:
Մյուս դատական նիստում, հավանաբար, կքննվի վկա Զարուհի Պետրոսյանի և ամբաստանյալ Գոհարիկ Գաբրիելյանի մոր` արդեն հանգուցյալ Վարդուհի Գաբրիելյանի նախաքննական ցուցմունքների հրապարակման հարցը: Այս վկաների ցուցմունքների հրապարակումից հետո արդեն կսկսվեն գործով մյուս դրվագներով վկաների հարցաքննությունները:
Հիշեցնենք, որ ամբաստանյալի աթոռին ինը հոգի է: Բանդայի պարագլուխ է եղել Ռաֆայելը: Համաձայն մեղադրանքի` նրանք զինված հարձակումներ են կատարել տարադրամի փոխանակման կետերի վրա, ամբաստանյալներից Կարենը սպանել է տարադրամի կետերից մեկի աշխատողին, նաեւ «Հայբիզնեսբանկ»-ից հափշտակել են մոտ 1 միլիոն դոլար: