Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չենջի դռան մոտ դեմքով ընկած էր գետնին` աչքերը դուրս եկած, երանի չտեսնեի». «Բանդա-2»-ի գործով վկա Շողիկ Ղազարյանը դատարանում ցուցմունք տվեց, թե ինչպես է փորձել օգնություն ցույց տալ հրազենի կրակոցից վիրավորված` տարադրամի փոխանակման կետի աշխատակից Հակոբ Մկրտչյանին:
Առևտրով զբաղվող Շողիկի կրպակն ու տարադրամի փոխանակման կետն իրարից մի քանի կրպակներ են բաժանում, սակայն դեպքի օրը կինը արտառոց ձայներ չի լսել. տարածքում ճայթռուկներ շատ են պայթեցնում: Իսկ հետո լսել է, որ կրպակների այլ աշխատողներ էլ են գոռացել, օգնություն կանչել, դուրս է եկել, մոտեցել դեպքի վայրին, հետո զանգահարել է շտապօգնություն:
Դրանից հետո իրեն ու մյուս կրպակների երկու աշխատողների տարել են ոստիկանության բաժանմունք, ժամերով մնացել են այնտեղ, հարցաքննվել են:
Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի այն հարցին, թե արդյո՞ք ինքը ճանաչել է գործով վկա և տեղանքի կրպակներից մեկի աշխատող Կարենին, այս վկան պատասխանեց, որ, այո, ճանաչում է, ընդ որում, ըստ նրա, Կարենը ոչ այնքան ադեկվատ է ու կարող է իրականությանը չհամապատասխանող բաներ ասել: Երբ արդեն դեպքից հետո Կարենի հետ զրուցել են դեպքի մասին, Շողիկը նախատել է Կարենին` սուտ ցուցմունք տալու համար: Նա իմացել է, որ Կարենն ասել է, թե քայլելով մոտեցած է եղել շենքի կամարին, ձայներ է լսել ու հետ վազել, այնինչ` Շողիկը պնդում է, որ եթե նա կամարի մոտ եղած լիներ, հաստատ ձայներ լսել չէր կարողանա:
Մյուս վկան` Խաչիկ Հակոբյանը, ով տարածքի կրպակներից մեկի վաճառողներից է, պատմեց, թե ինչպես է լսել, որ Կարենը օգնություն է կանչում, վազել է, տեսել վիրավոր ընկած Հակոբին ու հուզական ծանր վիճակի պատճառով չի կարողացել զանգել շտապօգնություն, թեև ցանկացել է:
Այս վկայի հետ կապված խնդրահարույց էր այն, որ նրա գրավոր ցուցմունքում ավելացված է, թե դեպքի վայրում սպիտակ «Նիվա» մակնիշի մեքենա է տեսել: Պաշտպանական կողմի պնդմամբ` այդ նախադասությունը ցուցմունքի նախորդ մտքերի հետ կապ չունի:
Վկան էլ դատարանում պարզաբանեց, որ դեպքի օրը ցուցմունք տալիս շփոթվածության պատճառով այդ մասին չի գրել, իսկ դեպքից երեք օր հետո գրավոր ցուցմունքի մեջ ավելացում է արել:
Այս մասը որոշակիորեն կասկածելի էր պաշտպանական կողմի համար: Մասնավորապես` այն հարցին, թե ե՞րբ է տեսել այդ մեքենան և ինչո՞ւ է ֆիքսել հենց այդ մեքենան բանուկ փողոցում, վկան հստակ պատասխան չտվեց:
Հետաքրքիրն այն է, որ նա ասաց, որ մի քանի անգամ ոստիկանության բաժին են տարել իրեն ու մյուս երեք աշխատողներին` գործի տեղից, չեն ծանուցվել ոստիկանություն հրավիրվելու մասին: Ավելին` վկան առաջին անգամ էր լսում, որ փաստաբանի ներկայությամբ հարցաքննվելու իրավունք ունի: Նախաքննության փուլում այդ մասին նույնպես չեն տեղացրել նրան: