կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-21 16:56
Իրավական

Քննիչն ասել ա` գրի, ես էլ գրել եմ. «Բանդա-2»-ի գործով վկա

Քննիչն ասել ա` գրի, ես էլ գրել եմ. «Բանդա-2»-ի գործով վկա

«Քննիչն ասել ա` գրի, ես էլ գրել եմ»,- վկան այսպես բացատրեց նախաքննության ժամանակ տված և դատարանում հայտնած ցուցմունքների միջև առկա հակասությունները:

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Բանդա 2»-ի գործով վկաների հարցաքննությունը: Այսօրվա նիստում ավարտվեց «Դաշինք» ՍՊԸ-ի տնօրեն Բաբկեն Հովհաննիսյանի վրա հարձակվելու և նրան հրազենային վնասվածք հասցնելու դրվագով դատակոչվածների հարցաքննությունը:

 

Վկա Նորայր Ղազարյանը, ով աշխատելիս է եղել տուժողին պատկանող տաքսի-ծառայությունում` որպես վարորդ, համաձայն նախաքննական ցուցմունքների, տեսել է, թե ինչպես մի երիտասարդ վազելով նստել է իրեն սպասող, պետհամարանիշեր չունեցող «Նիվա» ավտոմեքենան ու փախել դեպքի վայրից:

 

Հարցաքննության ընթացքում նա մի քանի անգամ հարցին պատասխանեց, թե քննիչն է թելադրել, ինքը գրել է նախաքննական ցուցմունքը, հետո էլ, թե` քննիչին ինքն ասել է, թե չի ուզում խառնվել էս պատմությանը, մեծ մարդ է, քննիչն էլ ասել է` «մի երկու բառ ասա, գնա» և այլն: Ի վերջո, ամբաստանյալներից մեկի փաստաբան Լիանա Գրիգորյանը հարց տվեց, թե վկան եղե՞լ է դեպքի վայրում, ականատես եղե՞լ է որևէ դրվագի, տաքսու վարորդն ասաց. «Ոչ, ոչ մի բան էլ չեմ տեսել»:

 

Հարցաքննվեց նաև տուժող Բաբկեն Հովհաննիսյանի եղբայրը` Ռուբեն Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ կրակոց է լսել, պատշգամբից նայել է, տեսել, որ եղբայրն ընկած է: Հետո երբ եղբորը վիրահատել են, և նա ուշքի է եկել, պատմել է, թե ինչպես շքամուտքում դիմակավոր և նիհար կազմվածքով մեկը, ում ձեռքին որսորդական հրացան է եղել, ասել է. «Փողերդ դիր ու գնա»: Սակայն եղբայրը չի վախեցել նրանից, հակահարձակ է եղել, դիմակավորը փախել է, 4 մետրից կրակել է եղբոր վրա, հետո նստել մեքենան ու հեռացել:

 

Վկան հայտնեց, թե իր տպավորությամբ հարձակվել են եղբոր վրա` կարծելով, թե ձեռքի պայուսակի մեջ գումար կա, և ցանկացել են հենց ձեռքի պայուսակը տանել:

 

Դատական նիստն անցնում էր բավականին լարված միջավայրում: Պաշտպանական կողմն այս նիստում ևս հայտարարեց, թե դատախազը հուշում է վկային, և դրանից հետո վկայի պատասխանի էությունը փոխվում է:

 

Իսկ վկաների հարցաքննությունից հետո ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդություն արեց` տեղազննություն կատարելու, քանի որ վկաներն իրենց ցուցմունքներում չեն հստակեցրել շենքերի, մեքենայի տեղակայման հարցը: Դատարանը որոշեց միջնորդությունը քննել դատաքննության վերջնական փուլում: