կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-03 11:55
Քաղաքական

Բնականաբար, իրար չենք ուտում. Ռուբեն Հակոբյանը` իր և Զարուհի Փոստանջյանի հարաբերությունների մասին

Բնականաբար, իրար չենք ուտում. Ռուբեն Հակոբյանը` իր և Զարուհի Փոստանջյանի հարաբերությունների մասին

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ասաց, որ կառավարությունը կամ, ընդհանրապես, իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք օրակարգում չունեն այնպիսի հարց, որը պետք է համարժեք լինի պետության մեջ կատարվող գործընթացներին:

 

«Իշխանությունն ասում է` մենք ձեզ համար, սիրելի' ժողովուրդ, լավ բաներ ենք անում, բայց դուք չեք հասկանում: Այդպես եղավ` կուտակային բարեփոխման հետ կապված, երբ նշվեց որ հասարակության 58 տոկոսը դեմ է, բայց այդքան մարդ չի հասկանում, թե ինչ լավ բան է անում իշխանությունը: Նույն բանը եղավ` շրջանառության հարկի հետ կապված»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

 

Նա անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության կեցվածքին, նշեց, որ Հանրայինի երեկվա ռեպորտաժը խորհրդարանում Հանրային հեռուստա-ռադիոընկերության 2013թ. գործունեության վերաբերյալ ևս մեկ անգամ հաստատեց, որ ընկերությունը ծառայում է իշխանությանը:

 

«Եթեր տվեցին միմիայն գովեստի խոսքեր, սակայն խորհրդարանում հնչել էին բավական քննադատություններ Հանրայինի վերաբերյալ: Հանրային հեռուստատեսությունը չի ներկայացնում հանրային շահը և արհամարհում է հանրության մեծ մասի շահն ու մոտեցումները: Ես կրթության հարցերի հանձնաժողովում օրակարգային հարց եմ դարձնելու Հանրայինի կեցվածքը, թե որքանո՞վ է այն համարժեք իր կոչմանը»,- ասաց պատգամավորը:

 

Խոսելով երեք քաղաքական ուժերի նախաձեռնած իրազեկման հանրահավաքների մասին` նա նշեց, որ իշխանությունն արդեն բաց է գործում` այդ հանրահավաքներին ուղարկելով մի խումբ մարդկանց: Օրինակ` Հրազդանում մի խումբ կանայք գովեստի խոսքեր էին ասում նախագահի մասին, Սիսիանում բոլոր ճանապարհները փակ էին, հասարակական տրանսպորտը չէր աշխատում:

 

Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով իշխանափոխության հարցին, կարծիք հայտնեց, որ ժողովուրդը դրել է ռեալ իշխանափոխության հարց, բայց կարևոր է, թե հոկտեմբերի 10-ին ինչ հրապարակ կունենան, և այդ առումով երեք ուժերը դեռևս չեն ձևակերպել հանրահավաքի վերջնական օրակարգը:

 

«Հանրահավաքի օրակարգում 12 կետերի կատարման գնահատականն է, սակայն քաղաքական օրակարգն ավելի ընդգրկուն է լինելու»,- ասաց պատգամավորը:

 

Լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի մամուլում տարածված լուրերը, թե Ռուբեն Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը «իրար են ուտում», նա պատասխանեց. «Բնականաբար, իրար չենք ուտում, հասկանում եմ, որ ինտրիգային դաշտն ուզում են պահել, սակայն մեր միջև որևէ խնդիր չկա»: