կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-03 13:29
Քաղաքական

Ռուբեն Հակոբյանը Փոստանջյանի հարցը չէր տա

Ռուբեն Հակոբյանը Փոստանջյանի հարցը չէր տա

ԱԺ-ում լրագրողների խնդրանքով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, որ խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների հետ եւ մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում: Ըստ պատգամավորի` ԱԺ նախագահն առնվազն պետք է ասեր, թե խմբակցություններից որը ինչ տեսակետ է հայտնել, գոնե` «Ժառանգության»  տեսակետը:

 

«Նախ` ես ասել եմ, որ դեմ եմ որևէ հայտարարության, երկրորդ՝ թե ով պիտի ընդգրկվի ԵԽԽՎ պատվիրակության կազմում, խմբակցություններին տրված է Դոնթի բանաձևով, խմբակցություններն իրենք են որոշում, թե ում առաջադրեն: Բայց, մյուս կողմից, ԱԺ կանոնակարգի 18-րդ հոդվածի համաձայն՝ ի վերջո, բոլոր պատվիրակությունների կազմը հաստատում է Հովիկ Աբրահամյանը, դա նրա լիազորությունների շրջանակում է»,- նշեց Հակոբյանը:

 

Ըստ նրա` յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում, թե իր պատգամավորական լիազորությունները որ ամբիոնում ինչպես իրացնի։

 

Պարզվում է` «Ժառանգությունը»  սպասում է Փոստանջյանի վերադարձին: Հակոբյանի համար այս ամենում անհասկանալի պահեր կան, եւ նա իր գնահատականը կտա Փոստանջյանի հետ խոսելուց հետո միայն։ Նրա համար անհասկանալի է նաեւ հարցի շուրջ ստեղծված «պսևդոգավառական հայրենասիրության բարոյախրատական շքերթը»։

 

Yerkir.am-ի հարցին` ինքն էլ կտար նույն հարցը, Հակոբյանը պատասխանեց, որ ինքը նման հարց չէր տա, բայց ոչ թե այն պատճառով, որ կեղտոտ սպիտակեղենը դուրս չհանի, այլ այն պատճառով, որ Եվրոպան ցույց է տվել, որ մեր թերությունները, սխալներն օգտագործում է մեր պետության վրա ճնշում գործադրելու համար։ «Այո, մենք ունենք կեղտոտ սպիտակեղեն, բայց այդ սպիտակեղենը մենք պետք է լվանանք, և դրա համար պիտի լինի հավաքական գիտակցություն»,- ասաց Ռ․Հակոբյանը, նաեւ հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Փոստանջյանի վերաբերյալ չի խոսել: