կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-29 12:26
Իրավական

Մարդկանց 81 տոկոսը չի վստահում սահմանադրական փոփոխությունների գործընթացին

Մարդկանց 81 տոկոսը չի վստահում սահմանադրական փոփոխությունների գործընթացին

Հասարակության 81 տոկոսը չի վստահում սահմանադրական բարեփոխումներ կատարելու գործընթացին: Այս եզրակացությանն են հանգել քանական և որակական հետազոտության միջոցով, որը կատարվել է «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի կողմից:

 

Հետազոտության առաջին մասում իրականացվել է 36 հարցազրույց, որոնք ընդգրկել են սահմանադրական փոփոխությունների գործընթացի բոլոր դերակատարներին և կողմերին` պաշտոնական, ակադեմիական և հանրային: Երկրորդ փուլում իրականացվել է քանական հարցում ամբողջ Հայաստանի տարածքում` 1300 բնակչի շրջանում:

 

«Սա իրավիճակի փոքր քարտեզագրումն է»,- ասաց  «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Սարգսյանը` նշելով, որ հետազոտությունը գիտական-մասնագիտական աշխատանք է, որում որևէ քաղաքական, առավել ևս` ՀԿ-ի դիրքորոշումը չկա:

 

Հետազոտությանը մասնակցած փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանը ներկայացրեց փորձագետների դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ:

 

Կառավարման համակարգի փոփոխությանը` կիսանախագահականից խորհրդարանականի անցնելուն, փորձագետները, ընդհանուր առմամբ, կողմ են արտահայտվել, սակայն ունեցել են երկու դիտարկում-պայման:

 

Նրանց դիրքորոշմամբ` եթե չփոխվի քաղաքական մշակույթը և ընտրությունների լեգիտիմությունը չվերականգնվի, ապա թե' կիսանախագահական, թե' խորհրդարանական կառավարման կարգերն էլ հասցնելու են միապետության:

 

Ա. Ղազարյանն օրինակ բերեց այն, թե բոլորովին կապ չունի կառավարման կարգը, եթե խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցությունը կարող է լռեցնել փոքրամասնությանը, ընդ որում` եթե վերջինս արտահայտում է հասարակության կարծիքը:

 

Ծրագրի փորձագետ, փաստաբան Հերիքնազ Տիգրանյանն էլ, անդրադառնալով ներկայացված թվերին, նշեց նաև, որ հարցվածների 46.8 տոկոսն է միայն տեղեկացված եղել սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին, ինչը, հավանաբար, պատճառ է այն բանի, որ հասարակության իրազեկման աշխատանքները քիչ են եղել: