կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-20 16:42
Քաղաքական

Պաշտոնի նշանակում եմ այն մարդկանց, ում վստահում եմ. Կարեն Կարապետյան

Պաշտոնի նշանակում եմ այն մարդկանց, ում վստահում եմ. Կարեն Կարապետյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացնում էր կառավարության ծրագիրը:  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց վարչապետին, թե ինչո՞ւ են Հայաստանում ներդրումները այդքան քիչ:

Վարչապետը պատասխանեց, որ բազմաթիվ պատճառներ կան` երկրի փոքրությունը, լոգիստիկ դաշտը, հարկային-մաքսային դաշտը, աշխարհաքաղաքական վիճակը, պատերազմական գործոնը  և այլն: «Փող դնելու ռիսկայնությունը բարձր է»,- ասաց նա:

Կարապետյանի խոսքով` այսօր բիզնես միջավայրն էլ է հուսահատված, այդ իսկ պատճառով պետք է հիմնադրամ ստեղծեն` նրանց աջակցելու համար:

ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը հարցրեց ծանոթ-բարեկամների պաշտոնների նշանակման մասին` ասելով, որ կառավարությունում աշխատում են հենց վարչապետի բարեկամները, որոնք էլ իրենց հերթին են պաշտոնի տեղավորում իրենց ծանոթ-բարեկամներին: Պատգամավորը հարցրեց նաև ՊՈԱԿ-ների կրճատման մասին, նրան հետաքրքրում էր վարչապետի տեսակետը գործազրկության ավելացման մասին:

«Չեմ բացառում, որ երբևիցե պաշտոնի կնշանակեմ իմ բարեկամին, եթե նա արժանի է, բայց առ այսօր մի բարեկամ չկա, որին նշանակել եմ: Եթե իմ գործընկերներին, որոնց ես նշանակել եմ, անվանենք բարեկամ, ուրեմն` այո, ես նշանակում եմ այն մարդկանց, ում վստահում եմ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կրճատումներին, վարչապետը հռետորական հարց ուղղեց. «Եթե կրճատում ենք անարդյունավետ աշխատողին, ապա դա ի՞նչ է, գործազրկությո՞ւն»: