Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ավագանու անդամները շատ բան են ասում` կապելով շատ մարդկանց հետ, ինչը ես չեմ ընդունում»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշում է Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը` անդրադառնալով համայնքային 1300 քմ հողակտորը աճուրդի հանելուն: Բանն այն է, որ կառուցվող սպորտդպրոցին հարակից այդ հատվածում գազալցակայան կառուցելու մասին խոսակցություններ կան:
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Աշտարակի ավագանու երեկվա նիստում պետք է կրկին քննարկվեր 1300 քմ հողակտորի օտարման հարցը, սակայն ավագանու անդամները անհասկանալի պատճառներով բոյկոտեցին նիստը` մեծամասնությունը դուրս եկավ դահլիճից:
Քաղաքապետն ասաց, որ ինքը որևէ օրենսդրական լծակ չունի, որ ավագանու անդամներին ստիպի կարգուկանոն պահպանել, և իրականում նրանք կարող ենք ցանկացած պահի իրենց այդպես պահել: «Ես չէի կարող ամբողջ անձնակազմին, ավագանու մյուս անդամներին սպասեցնել, թե «լայաղ» (ներողություն` բառի համար) կանեին ներս գալ` օրակարգը հաստատելու համար: …Դե դա էլ կապված է մարդու կրթությունից, դաստիարակությունից, ուրիշ բան ես չեմ կարող ասել»,- նշեց նա:
Ավագանու անդամ, ՀՅԴ-ական Կարեն Շահազիզյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հողակտորի հարցն արդեն իսկ լուծվել էր. մայիսի 30-ին ավագանու նիստի ժամանակ հարցը քննարկվել էր, 7 հոգի դեմ, յոթ հոգի կողմ էին քվեարկել: Եվ անհասկանալի է, թե ինչո՞ւ է երկրորդ անգամ հարցը դրվում քննարկման:
Քաղաքապետը, սակայն, բացատրում է, որ հարցը չի անցել, քանի որ ձայները հավասար են եղել, այդ պատճառով է կրկին քննարկման դրվել: «Եթե նայենք, ապա այս ավագանու նիստին կան հարցեր, որոնք մինչ այս էլի չեն հաստատվել կամ չեն ընդունվել, այդ շարքում նաև դա է»,- ասաց նա:
Իսկ թե ինչո՞ւ է հողակտորը աճուրդի հանելու հարց դրվել, քաղաքապետը պարզաբանում է, որ ինչպես այդ, այնպես էլ համայնքային այլ հողակտորների օտարման միջոցով լցվում է բյուջեի ֆոնդային մասը, և այդ գումարներով էլ նախատեսվում է որոշակի աշխատանքների կատարում:
«Այդ նույն ավագանին սահմանել է 2014 թվականին ֆոնդային մասը հասցնել 147 միլիոն դրամի, և միակ աղբյուրը հողի օտարումն է, որպեսզի մենք կարողանանք աշխատանք կատարել: Եթե չեմ սխալվում դեռևս 20-22 միլիոնի գույք է օտարվել: Վաղն այդ նույն ավագանին ինձ հարցնելու է, թե` ինչո՞ւ չեք ներկայացրել շատ հողակտորներ, որ օտարեինք, և դուք էլ գործ անեիք: Էսօր ներկայացնում եմ և ուզում եմ` մեկ առ մեկ քննարկվի: Եթե կան հիմնավոր պատճառներ, չօտարենք»,- ասաց Ա. Անտոնյանը:
Ինչ վերաբերում է տվյալ հողամասում գազալցակայան կառուցելու խոսակցություններին, քաղաքապետի խոսքով, ավագանու անդամի գործը չէ գնահատականներ տալը, քանի որ կան համապատասխան գերատեսչություններ, օրինակ` քաղաքաշինության և բնապահպանության նախարարությունները, որոնք էլ գնահատում են, թե որ վայրում ինչ տիպի կառույց կարելի է կառուցել, շահագործել:
Մեր հարցին` եթե հետագայում այդ տարածքում օրենքի խախտմամբ գազալցակայան կառուցել ցանկանան, քաղաքապետը դեմ կլինի՞, պատասխանեց. «Ես իրավունք չունեմ այդ դիրքը բռնելու, որովհետև ես ուզում եմ հավատալ կոմպետենտ կառույցներին, որոնք այդ թույլտվությունը տալու են: Բայց, բնականաբար, առաջինը ես դեմ կլինեմ, եթե օրենքին հակասող լինի»:
Ի դեպ, մամուլի հրապարակումների համաձայն` գազալցակայան կառուցելու հարցում շահագրգռվածություն ունի Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը: Եղան հրապարակումներ նաև այն մասին, որ ավագանու` մայիսի 30-ի նիստից հետո ավագանու անդամների հանդեպ ճնշումներ են եղել, փակվել են կարատեի խմբակները, որոնց ղեկավարելիս է եղել ավագանու անդամներից մեկը:
Կարեն Շահազիզյանը հերքեց, թե որևէ ճնշում կա և եղել է իր հանդեպ: Իսկ ինչ վերաբերում է կարատեի խմբակներին, քաղաքապետն ասաց, թե դա իրականությանը չի համապատասխանում. «Քաղաքում որևէ խմբակ չի փակվել: Չխորանանք, թե դրանք օրինական դաշտում են աշխատում, թե` ոչ: Այնուամենայնիվ, էդ հարցը կապել սրա հետ, հիմքեր չեմ տեսնում»:
Նշենք նաև, որ ավագանու մի քանի անդամներ մտահոգված են մարզադպրոցի ճակատագրով. եթե վերոնշյալ 1300 քմ հողակտորը օտարվի, և տեղում էլ «խոստացված» գազալցակայանը կառուցվի, ապա նախ` փակվելու է մարզադպրոցի մուտքը, նաև անվտանգության մեծ խնդիր է առաջ բերելու մարզադպրոց հաճախող երեխաների և ուսուցիչների համար:
«Պետք է ամեն կերպ նպաստել մարզադպրոցի կառուցմանը: Եթե չեմ սխալում այդ մարզադպրոցի կառուցումը հենց նախագահի նախընտրական ծրագրերից մեկն է եղել: Հսկայական սպորտկոմպլեքս է, որը եզակի է ողջ Հայաստանում»,- ասաց Կարեն Շահազիզյանը:
Ամենայն հավանականությամբ, Աշտարակի ավագանին առաջիկա նիստի ժամանակ կքննարկի հողակտորը օտարելու հարցը եւ դարձյալ քվեարկության կդնի: