կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-24 15:10
Հասարակություն

«Պարիր, թե կարող ես»-ի մասնակիցն իր` աղանդավոր լինել-չլինելու մասին

«Պարիր, թե կարող ես»-ի մասնակիցն իր` աղանդավոր լինել-չլինելու մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սևակ Հովհաննիսյանը նշել էր, թե Հայաստանում հայտնվել է նոր աղանդ` «Նոր ուղի» անվամբ, որի ներկայացուցիչները մարդկանց դրդում են ինքնասպանության: Աղանդի պարագլուխներից մեկն էլ, ըստ Հովհաննիսյանի, «Պարիր, թե կարող ես» նախագծի մասնակից Մարի Հովհաննիսյանն է, ով փորձում է շոու բիզնեսի ներկայացուցիչներին ներգրավել աղանդի մեջ: Հովհաննիսյանը նշել էր նաև, թե Մարին մինչ այդ հայտարարել էր, որ Սևակն անձնական հակակրանք ունի իր հանդեպ, այդ պատճառով էլ իր անունը կապում է աղանդավորական ինչ-որ խմբի հետ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Մարին նշեց, որ նախ` առաջին անգամ է լսում Սևակ Հովհաննիսյանի մասին, նրան անձամբ չի ճանաչում, երբևէ նրա հետ առնչություն չի ունեցել, ուստի չի կարող լավ կամ վատ վերաբերմունք ունենալ նրա հանդեպ:

 

«Եթե Սևակը համարձակություն է ունեցել ինձ նման բանում մեղադրելու և եթե իր գործում պրոֆեսիոնալ լիներ` անձամբ կճշտեր` տվյալ ինֆորմացիան համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Ովքե՞ր են այդ հայտնի մարդիկ, երգիչ-երգչուհիները, որոնց ես հավաքել եմ ինչ-որ աղանդի համար, չէ՞ որ նա պետք է փաստեր ներկայացնի մարդուն ինչ-որ բանում մեղադրելուց առաջ: Եթե չկա նման բան, ու մարդը համարձակվում է մեղադրանք հնչեցնել, ես այդ մարդուն կարող եմ բնութագրել մեկ բառով` անբարոյական»,-ասաց Մարին:

 

Նա նշեց նաև, որ «Նոր ուղի» աղանդի մասին ընդհանրապես չի էլ լսել և պատկերացում անգամ չունի, թե ինչու են, որպես թիրախ, իրեն ընտրել:

 

«Ախր, ես ինքս եմ մարդկանց հորդորում, որ հեռու մնան աղանդներից, քանի որ դա ճիշտ չէ, սխալ ուղի է, ուր մնաց` ես մարդկանց նման բաներ հորդորեմ, ուղղակի աբսուրդ է: Սա ակներև ինչ-որ մեկի ձեռքի գործն է, ով իմ դեմ ինչ-որ բան ունի և փորձում է նման կերպ հարցերը լուծել: Նորից եմ ասում` Սևակին չեմ էլ ճանաչում, և նույնիսկ, երբ ասացին, որ նման բան է եղել, «Ֆեյսբուք»-ով սկսեցի փնտրել նրան: Չգիտեմ` ի՞նչ ունի երիտասարդն իմ դեմ»,- ասաց Մարին:

 

Նա նշեց նաև, որ առաջիկայում անպայմանորեն կդիմի իրավապահ մարմիններին` Սևակ Հովհաննիսյանին պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ նա առանց որևէ փաստի իրավունք չուներ իր անունը շահարկելու: