Գագիկ Ծառուկյանը բացառիկ հարցազրույց է տվել
zham.am-ին, որից մի հատված ներկայացնում ենք ստորև:
- Պարո՛ն Ծառուկյան, Ձեր վերջին ձևակերպումները ԲՀԿ-ի` ընդդիմություն լինել-չլինելու վերաբերյալ, որոշ քաղաքական և լրատվական շրջանակներում բուռն քննարկումների առիթ դարձան: Չե՞ք կարծում, որ անհրաժեշտություն կա ավելի հստակեցնել Ձեր դիրքորոշումը:
- Մի քանի առիթներով ասել եմ, որ ես դասական պատկերացումներով քաղաքական գործիչ չեմ: Դա այդպես է, և ես չեմ էլ հավակնում այդպիսին դառնալու: Այսօր ուզում եմ ահա այս միտքը զարգացնել. Հայաստանի քաղաքական դաշտն ինքնին որևէ կերպ չի տեղավորվում դասական պատկերացումների մեջ: Որոշ քաղաքական ուժերի վարած հրապարակային քաղաքականությունն ու ստվերային պայմանավորվածությունները եւ պարտավորությունները այնպիսի հակասության մեջ են, որ քաղաքացին իրավացիորեն խորը հիասթափություն է ապրում քաղաքական բոլոր ուժերից և չի վստահում նրանց: Դասական ձևակերպումներով շատ դժվար, եթե ոչ՝ անհնար է բնութագրել այսօրվա Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը: Ի՞նչ դասական ձևակերպում տաս արտագաղթի, աղքատության բարձր ցուցանիշներին, բիզնես և ներդրումային մթնոլորտի վատթարացմանը, համատարած հուսալքությանը:
Հայաստանն ընդհանրապես դասական տիպի քաղաքական համակարգով երկիր չէ: Մեզ մոտ մեծ է թշնամանքը, անջրպետն ու անվստահությունը իշխանության եւ ընդդիմության միջեւ: Այդ ամենը, բնականաբար, ազդում է նաեւ մարդկային փոխհարաբերությունների վրա, որից չի շահում ո՛չ երկիրը, ոչ էլ ժողովուրդը: Ես իմ բնույթով եւ իմ տեսակով պարզ ու անկեղծ մարդ եմ, չունեմ թշնամիներ եւ ուզում եմ գիտակցենք, որ մենք բոլորս գտնվում ենք մեկ նավում եւ ճակատագրով կապված ենք միմյանց:
-Այնուհանդերձ, այս պայմաններում ո՞րն է ԲՀԿ-ի տեղն ու դերը ներկա քաղաքական դաշտում:
-Նախևառաջ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ սկզբունքով են առաջնորդվում քաղաքական ուժերը և քաղաքական լիդերները: Ինձ համար քաղաքականության մեջ ամենաառանցքային սկզբունքներից մեկը պատասխանատվությունն է, այդ թվում՝ անձնական և թիմային պատասխանատվությունը: Ես ինձ մեծապես պատասխանատու եմ համարում իմ ասած խոսքերի, իմ կատարած քայլերի, իմ ներկայացրած ծրագրերի, իմ տված խոստումների համար: Ես ունեմ պատասխանատվության մեծ զգացում յուրաքանչյուր իրական ընտրողի, ինձ և իմ թիմին վստահած հարյուր հազարավոր քաղաքացիների առաջ, և վերջապես՝ ես ունեմ հստակ պատասխանատվություն իմ պետության և իմ ժողովրդի առաջ:
Դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն հայտարարեց, որ ունի էական եւ լուրջ տարաձայնություններ կառավարության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության հետ: Մենք հանրությանը ներկայացրինք հակափաստարկների և այլընտրանքային ծրագրերի մեծ փաթեթ: Մենք ստացանք մոտ կես միլիոն ձայն, ինչը մեզ հնարավորություն չտվեց, սակայն, կազմելու մեր նախանշած լայն համախմբման կառավարությունը: Այս պայմաններում ԲՀԿ-ն հրաժարվեց մաս կազմել իշխող կառավարող կոալիցիայի, քանզի մենք պայքարում էինք ոչ թե պաշտոնների, այլ մեր ծրագրերը կյանքի կոչելու, իրականացնելու համար:
Ծրագրեր, որոնցից, անշուշտ, կշահեր միմիայն ժողովուրդը: Որևէ պաշտոն ինձ ու իմ քաղաքական թիմի համար ինքնանպատակ չէ: Մենք կամովին հրաժարվեցինք նախարարական աթոռներից, մարզպետների և այլ պաշտոններից: Սա եղել է մեր գիտակցված ընտրությունը: Այսպիսով, մենք փաստում ենք, որ մաս չենք իշխանության և հետևաբար պատասխանատվություն չենք կրում այս կառավարության գործունեության համար:
Մյուս կողմից՝ ես ուզում եմ նշել, որ անվստահության եւ թշնամանքի այս մթնոլորտը պետք է փոխել, երկրում պետք է հաստատել հանդուրժողականության եւ փոխվստահության մթնոլորտ: Եվ այս հարցում ԲՀԿ-ն պատրաստ է ստանձնել որոշակի դերակատարում: Հավատացե՛ք, սա բարդ և ինչ-որ տեղ նաև անշնորհակալ գործ է, քանի որ այսպիսի մթնոլորտում նման կեցվածքը շատերը չեն հասկանա, կամ չեն ցանկանա հասկանալ։ Հայաստանյան իրավիճակը հաշվի առնելով է, որ ԲՀԿ–ն մնում է որպես այլընտրանք՝ իշխանությունների վարած քաղաքականությանը։ Եթե ամեն ինչ իրապես խաղ լիներ, ինչպես այսօր հայտարարում են ոմանք, ապա այդ ի՞նչ մի դժվար բան էր ընդդիմություն լինելու մասին հայտարարություն անելը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք
այստեղ: