Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բազում աշխատանքներ հրապարակած պրոֆեսոր Թաներ Աքչամը անդրադարձել է դպրոցական դասագրքերում 1915 թվականի վերաբերյալ թուրքերի զառանցանքներին: Այդ մասին նա հոդված է հրապարակել:
Նշելով, որ թուրքական դասագրքերում հայերը ներկայացվում են որպես թշնամի, Աքչամն ասել է. «Երիտասարդ ուղեղները, որոնց վստահված է մեր ապագան, կրթվում են հայի` «հրահրող, մեր երկիրը մասնատել ցանկացող և թշնամու հետ համագործակցած» կերպարով: Դասագրքերում Ցեղասպանությունը ներկայացված է որպես հայերի պնդում՝ իրենց նպատակներին հասնելու նպատակով հորինված, և ոչ այլ բան, քան սուտ»:
Ստորև ներկայացնում ենք Աքչամի՝ Taraf-ում հրապարակված հոդվածը՝ կրճատումներով:
Շարունակում եմ ընթերցել միջնակարգ դպրոցների 10-րդ դասարանի պատմության դասագրքերում 1915 թվականի վերաբերյալ գրվածներըն:
Գրքում այնպիսի թեզեր են՝ չգիտես՝ ծիծաղես, թե` լաց լինես: Տեղահանումն իրականացվել է հայերի անվտանգությունն ապահովելու համար (!). կատակ չէ, սա ներկայացվում է որպես լուրջ թեզ: Տեղահանումը «հայերի անվտանգությունն էլ ապահովեց»: Լավ, իսկ ովքե՞ր են հայերի անվտանգությանը սպառնացողները: Չեք հավատա, բայց դարձյա’լ հայերը: Այսինքն` մեր պետությունը հայերին հայերից պաշտպանելու նպատակով է տեղահանման որոշում ընդունել: Ինչո՞ւ: Քանի որ «այդ «հայ» հանցախմբերը սպանում էին նաև այն հայերին, ովքեր մաս չէին կազմում իրենց «ահաբեկչությանը»:
Հայ հանցախմբերի հարձակման և սպանությունների պատճառով վտանգված հայերին ավելի ապահով բանակավայրեր տեղափոխելու համար քաղաքացուն պաշտպանելու գիտակցության տեր մեր պետությունն իրականացրել է մի գործողություն՝ տեղահանում…
Ամեն ինչ մտքովս կանցներ, բայց սա՝ երբեք... Հրավիրում եմ բոլոր «Նոր Թուրքիա»-ականներին գլուխ խոնարհել անգամ մեր երևակայությունների մեջ հաջողությամբ մտցված, խորաթափանց տեսլականների գերին դարձած այս հոյակապ տեսության առաջ: Գիտեմ՝ անհանգստություն է պատճառում: Բայց չմոռանանք, որ այս հիմար դատարկախոսություններով մեր երեխաներին են դաստիարակելու, և արդեն իսկ դաստիարակում եմ:
Շարունակում եմ մատուցել գրքի տեղեկությունները: Չնայած պատերազմական իրավիճակին՝ Օսմանյան կայսրությունը խիստ հետևողական է եղել հայերի «տեղափոխության» հարցում՝ այն գերագույնս բացառիկ իրագործելով: Օրինակ՝ «տարեցները, տկարները, կույրերը, այրիներն ու որբերը ենթակա չեն եղել տեղափոխության»: Իսկ մյուսների հաստատված վայրերում «խիստ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության համար մատչելի հողերին, և դարձյալ նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով հիմնվել են ոստիկանատներ… ու ընձեռվել է հնարավորություն՝ իրենց նախկին արհեստով զբաղվելու համար»:
Սրանք կարդալով՝ մարդ կարող է անգամ տեղահանված հայերին բախտավոր համարել, նույնիսկ հնարավոր է ասեն` «երանի ես էլ նրանց հետ տեղահանվեի»: Չնայած այդ ծանր պայմաններին` թե' անվտանգությունն են ապահովում, թե' բոլոր տեսակի հնարավորությունները: Էլ ի՞նչ ենք ուզում, չէ՞:
Թվեր եւ զանգվածային գերեզմանատներ
Դասագրքում տարօրինակ են նաև տեղահանվածների և սպանվածների վերաբերյալ թվերը: Ըստ երևույթին՝ աճ է գրանցվել Յուսուֆ Հալաչօղլուի գրանցած` ողջ տեղահանության ժամանակ 30.000 մահացած հայերի թվում: «Ըստ «անկողմնակալ» հետազոտողների հայտնած թվերի, պատերազմն ու հիվանդությունները ներառած, 300.000 հայ է մահացել»: Սակայն կրկնապատիկ է հայերի կողմից սպանված և տեղահանության ենթարկված մուսուլմանների թիվը՝ 600.000 թուրք: «Ըստ պաշտոնական տվյալների՝ միայն Էրզրումում (Կարինում), Էրզինջանում, Տրապիզոնում, Բիթլիսում և Վանում հայերը սպանել են թվով մոտ 600.000 թուրք և 500.000 հոգու տեղահանության պարտադրել»:
Եվ 1915 թվականի վերաբերյալ պնդումներից ամենավերջինը` ասես կատակերգության վերջին մասն է: «Եթե Օսմանյան կայսրությունը հայերին բնաջնջելու նպատակ ունենար, տեղահանության սկզբին և ավարտին ապահովության այդքան միջոցներ կձեռնարկե՞ր: Էլ ուր մնաց՝ որտե՞ղ են նրանց պնդած զանգվածային գերեզմանատները»: Մի պահ վերհիշեցի այստեղ՝ Մարտինում, մի քարանձավում գտնվող և զանգվածային գերեզմանատանը պատկանող ոսկորները, որոնք ակնթարթորեն վերացվել էին Յուսուֆ Հալաչօղլուի կողմից…Կարծում եմ` ամենաճիշտը զանգվածային գերեզմանատներն ազատ հետազոտելու վերաբերյալ պետությանը պահանջ ներկայացնելն է:
Գրքում տեղ գտած դատարկախոսություններն այսքանով չեն եզրափակվում: Պնդումներից մեկն այն է, որ «տեղահանված հայերը վերադարձել և իրենց նախկին ունեցվածքը, հարստությունները… հետ են վերցրել»: Աչքիցս չի վրիպել նաև, որ թուրքերը հատուկ ուշադրություն են դարձրել «ԱՍԱԼԱ-ի կողմից թուրք դիվանագետների նկատմամբ իրագործած սպանություններն ու Սփյուռքի ջանքերը՝ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ» պնդմանը: Այստեղ հայտնածս դատարկախոսությունները այդ երկու դասագրքերում ընդամենը 1915 թվականի մասին գրվածներն են: Այս դասագրքերում հայերի մասին գրվածների հիման վրա կարելի է եզրակացնել հետևյալը` «Նոր Թուրքիա»-ի մեկ այլ թշնամին հայերն են:
Աննախադեպ առաջարկ ունեմ «Արդարություն և զարգացում» կուսակցության «Նոր Թուրքիա» տեսլականին 4 ձեռքով փաթաթված մտավորականներին` եթե այդքան կարողություն ունեք, այնպես արեք, որ պետությունն այս դասագրքերը հանի: Այնպես արեք, որ պետությունը ներողություն խնդրի դասագրքում հայի կերպարն ու Հայկական հարցը որպես իրենց անվտանգությանն ուղղված սպառնալիք ներկայացվելու համար:
Օգնության կարի՞ք ունեք: Իմ ձեռքից ոչինչ չի գալիս, սակայն ձեր ուզածն ընդամենը թող օգնություն լինի: Կարևորն այս գարշություններին վերջ տրվի: Ես կարիք չեմ տեսնում խոսել այս գարշությունները գրող և դրանք հրապարակելու թույլտվությունը տված մտքերի հետ… դա ձեր խնդիրն է:
Իսկ Թուրքիայի հայե՞րը: Ես նրանց ընդամենը մեկ հարց ունեմ` այս երկրում ինչպե՞ս եք ապրում: Իսկապես, ինչպե՞ս եք սա հաջողեցնում:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի