կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-22 19:01
Առանց Կատեգորիա

Ներկայումս հարկ է խոսել թուրքական հարցի մասին. Թաներ Աքչամ

Ներկայումս հարկ է խոսել թուրքական հարցի մասին. Թաներ Աքչամ

Հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի կարծիքով` անիմաստ են Թուրքիայում կատարվող բոլոր քննարկումները` ուղղված Հայոց ցեղասպանության ժխտմանը:

 

«Հայտնի իրավագետ Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթը շրջանառության մեջ դրեց` հիմնվելով հենց 1915 թվականի իրադարձությունների վրա: Թուրքիայում այդ մասին գիտեն քչերը: Իր հիշողություններում Լեմկինը գրում է, որ այդ եզրույթը շրջանառության մեջ է դնում, որ պատմի հայերի մասին կատարվածի մասին: Եվ դրանից հետո մենք քննարկում ենք` եղե՞լ է ցեղասպանություն: Դա տարօրինակ չե՞ք համարում: Կարծում եմ` չարժե ժամանակ կորցնել նման քննարկումների վրա: Թուրքիայի` 1915 թվականի իրադարձությունները ժխտող շրջանակները, օգտվելով ժողովրդի անտեղյակությունից, ցանկանում են անիմաստ քննարկումներ սկսել»,- թուրքական Zaman թերթին տված հարցազրույցում ասել է պատմաբանը:

 

Ըստ նրա` ներկայումս հարկ է խոսել թուրքական հարցի մասին: «Մենք` թուրքերս, պետք է սովորենք խոսել պատմության ընթացքում կատարվածի մասին: Առաջին հերթին` կարեւոր է սովորել հասկանալ ու կիսել ցավը: Հասկանալ, թե ինչ են ապրել հայերը, լսել դա նրանց բերանից: Մեր կառավարությունը, եթե իրապես ցանկանում է լուծել այդ խնդիրը, պետք է փոխի իր հռետորությունը: Պետք է վերջ դնել այն հրապարակումներին, որոնք լի են հայերի հանդեպ թշնամանքով: Պետք է վերացնել Ազգային անվտանգության խորհրդի հովանավորությամբ գործող` Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարը համակարգող խորհուրդը: Քանի դեռ այդ խորհուրդը գոյություն ունի Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցում առաջընթացն անուրջ է»,- ընդգծել է Աքչամը:

 

Երկրորդ քայլը, ըստ նրա, պետք է լինի Հայաստանի հետ սահմանի բացումը. «Եթե Թուրքիան բացի սահմանը եւ այդ քայլն անվանի «Դինքի դուռ», դա գեղեցիկ ժեստ կլինի»:

 

Իսկ երրորդ քայլն ապաշխարությունն է: «Պետությունների առաջնորդները ներողություն են խնդրում անցյալի ցավերի համար, դա ամենեւին նվաստացում չէ, այլ ընդհակառակը` հարգանքի արժանի ժեստ»,- նշել է պատմաբանը` հավելելով, որ Թուրքիան պետք է ազատվի նաեւ Ադրբեջանի բեռից: «Անկարան թույլտվություն է վերցնում Բաքվից նույնիսկ սեփական երկիր չվերթեր կազմակերպելու համար: Արձանագրությունները կյանքի չկոչվեցին Ադրբեջանի ճնշումների հետեւանքով: Հուսով եմ` Թուրքիան, որն այնքան քաջ է իրեն պահում քրդական հիմնախնդրի կարգավորման հարցում, նույնքան քաջ կլինի Հայոց ցեղասպանության հարցում»,- եզրափակել է Աքչամը: