Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թաներ Աքչամը, ով Հայոց ցեղասպանությունը ճանաչող սակավաթիվ թուրք պատմաբաններից է, Taraf պարբերականում Հայոց ցեղասպանության մասին հոդված է հրապարակել:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը:
Երբ Թուրքիայի դասագրքերում, գիտական աշխատություններում տեղեկություններ են մատուցվում Հայոց ցեղասպանության մասին, ընթերցողի մոտ հարցեր են առաջանում, մասնավորապես` իսկ ի՞նչ է ներկայացվում հայաստանյան դասագրքերում: Իսկապես, ինչպե՞ս են ներկայացնում 1915 թվականը հայկական դասագրքերում, ինչպիսի՞ն է «թուրքի կերպարը» դրանցում:
Մասնավորապես` 11-րդ դասարանի պատմության դասագրքերից վերցրած երկար մեջբերումներն ի մի բերելով՝ կփորձեմ, թեկուզ մասամբ, բացատրություն տալ: Սակայն մինչ դրան անցնելը, անդրադառնամ հայտնի՝ «յուրաքանչյուր կողմի» հարցին:
Ասում են՝ յուրաքանչյուր հակամարտություն (կոնֆլիկտ) ունի երկու կողմ և այդ հակամարտության մասին կարծիք կազմելու համար հարկավոր է լսել կողմերից յուրաքանչյուրի կարծիքը: Առաջին հայացքից սա թվում է շատ տրամաբանական:
Եթե ուսումնասիրում եք թուրքական դասագրքերը, իհարկե, պետք է հայկական կողմի դասագրքերը ևս ուսումնասիրեք: Դրանից ավելի բնական ի՞նչ կարող է լինել:
Սակայն եթե այդ «յուրաքանչյուր կողմի» թեզին այլ տեսանկյունից նայեք, կտեսնեք, որ դրանք ունեն բավական «որդնած» կողմեր, և հարկ եղած-չեղած տեղերում շատ սխալ են օգտագործվում:
Օրինակ՝ 1915 թվականին առնչվող ամեն ինչում փնտրվում են թուրքի, մեկ էլ հայի տեսակետները, ասես՝ գոյություն ունեն երկու տարբեր ճշմարտություններ:
Մինչդեռ 1915 թվականի իրադարձությունների մասին ասվածը բաղկացած է մեկ ճշմարտության տարբեր տեսանկյուններից: Չի կարող լինել 1915 թվականի թուրքական ու հայկական վարկած, ինչպես որ չի կարող լինել 1940-45 թվականների` հրեաների ցեղասպանության եբրայական ու գերմանական տարբերակ:
«Յուրաքանչյուր կողմի» թեզի կիրառման մեկ այլ` տարօրինակ ձևն էլ շատ տարածված է լիբերալ մտավորականների շրջանակում: Ամեն անգամ, երբ խոսքը վերաբերում է ցեղասպանությանը, նրանք խոսում են «յուրաքանչյուր կողմի ազգայնականության մասին» և դա թե’ բնութագրում են որպես անցյալի իրադարձությունների հիմնական պատասխանատու, թե’ դիտարկում որպես ներկայիս լուծումների ամենամեծ խոչընդոտ:
Իրենց այս վերաբերմունքով լիբերալները գծում են «կողմերից և կողմերի ազգայնականությունից զերծ»՝ իրենց յուրովի՝ մաքուր ու կանոնավոր ոլորտի սահմանները եւ, լինելով նման սահմանի ներկայացուցիչ, «յուրաքանչյուր կողմին» քննադատում են հավասարապես և համարժեքորեն:
Ես նույնպես ընդունում եմ, որ 1915 թվականի վերաբերյալ այդ` «յուրաքանչյուր կողմն ու նրանց ազգանականության» միտքը սխալ է:
Նախ` ասեմ, որ չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում «յուրաքանչյուր կողմի ազգայնականության պատասխանատվությունը» թեզը: Հասկանում եմ թուրքական ազգայնականությունը (ազգայնամոլությունը), ակնհայտ է՝ նկատի ունեն «Իթթիհատ և թերաքի» կուսակցությունը: Սակայն ովքե՞ր են հայ ազգայնականները, եւ ո՞րն է նրանց մեղքը: Ի՞նչ արեցին նրանք 1915 թվականին, որ թուրք ազգայնականներին հավասար պատասխանատու դարձան: Ի՞նչ չպիտի անեին:
Այս թեմայի մասին փաստացի տեղեկության հիման վրա գրված որևէ վերլուծություն չեմ ընթերցել: Բոլոր ասվածներն ինձ համար որպես դատարկ հռետորություն են հնչում:
Իմ անձնական կարծիքով` այս հարցը հայերի ազգայնականության հետ կապ չունի, այլ հայերի հավաքական դերի, նաեւ խնդիրը վիճելի չէ «պատասխանատվության» ենթատեքստում:
Երկար ժամանակ Ցեղասպանության մասին աշխատություններում զոհերը, մասամբ էլ Հոլոքոստի ազդեցությամբ, ներկայացվեցին որպես Ցեղասպանության պասիվ, ոչ ազդեցիկ և իրենց ճակատագրին սպասող հատված: Քանի որ վախեցան, որ նրանց որպես ակտիվ դերակատար ներկայացնելու դեպքում Ցեղասպանությունն արդարացված կցուցադրվի: Հանցագործները կարող էին մատնանշել զոհերի խմբի այս կամ այն վարքագիծն ու դրա հիման վրա զոհերը կարող էին պատասխանատու լինել: Մինչդեռ «պասիվ և ոչ ազդեցիկ զոհերի խումբ» միտքը սխալ էր: Ներառյալ հրեաները՝ զոհերի խմբերն իրենց ժամանակահատվածի իրադարձությունների ակտիվ դերակատարներ էին: Իսկ, որպես դերասան, նրանց արածները քննարկելը «պատասխանատվության» հարցի հետ ոչ մի կապ չուներ:
1915 թվականի մասին հարցը սա է՝ եթե հայերը (անկախ ազգայնական լինել-չլինելուց) ժամանակահատվածի ակտիվ դերակատարներ էին, դա որքանո՞վ էր ազդել նրանց գործողությունների ընթացքի վրա: Հարկ չկա անգամ նշել, որ խնդիրը կապ չունի լիբերալների ՝ «կողմերի ազգայնականության» կամ «հայերի պատասխանատվության» քննարկման հետ:
Եթե, «հայերի ազգայնականություն» ասելով, Դաշնակցությանը նկատի ունեն, կարծում եմ` նրանց ուղղված ամենամեծ քննադատությունը ազգայնականությունը չէր, այլ, իթթիհատականներին վստահելով, հաշտվողական լինելը:
Այսուհետ, կարծում եմ, այս «յուրաքանչյուր կողմը» կարող ենք մի կողմ թողնել և հայկական դասագրքերն ավելի մանրամասն ուսումնասիրել:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի