կարևոր
6010 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-20 17:14
Քաղաքական

Թաներ Աքչամ․ «Անկարայի կառավարությունը Միություն և առաջադիմություն կուսակցության շարունակությունն էր»

Թաներ Աքչամ․ «Անկարայի կառավարությունը Միություն և առաջադիմություն կուսակցության շարունակությունն էր»

Էդվարդ Տանձիկյան

Վերջին ամիսներին «Արաս» հրատարակչության կողմից հրատարակվել է Թուրքիայի պատմության թեմաներով իր ուսումնասիրություններով հայտնի Թաներ Աքչամի «Հարյուրամյա ապարտհեյդ 1918-1923 թթ. Թուրքիան. անկախությունը և ապարտհեյդ ռեժիմի կառուցվածքը» գիրքը, և կարճ ժամանակում տպագրվել է դրա երկրորդ հրատարակությունը: Հիմնվելով գրքի վրա՝ ես և Աքչամը մոտիկից անդրադարձանք փոքրամասնությունների նկատմամբ հանրապետական վարչակարգի քաղաքականությանը, որը նա սահմանեց որպես «ապարտհեյդ»։ Հրապարակում ենք մեր հարցազրույցի երկրորդ և վերջին մասը, որն ընդգրկում է բազմաթիվ թեմաներ (առաջին մասի թարգմանությունը տես՝ https://akunq.net/am/?p=93306

Ձեր գրքում դուք հատուկ տեղ եք հատկացնում 1921 թ. «Ազգային հարկային» օրենքին։ Ո՞րն է այս օրենքի կարևորությունը ձեր աշխատանքի համատեքստում:

«Ազգային հարկային» օրենքը (կամ կարգադրությունները) խորհրդանշում է «ապարտհեյդ» ռեժիմի ձևավորումը: Խոսքը գնում է 1921 թ․ օգոստոսի 7-8-ին հրապարակված 10 կարգադրությունների մասին։ Պատերազմը վարելու համար ժողովրդից ուժով հավաքվում են անհրաժեշտ ապրանքներ և գումար՝ դրա դիմաց վճարվելու խոստումով։ Եթե հաշվի առնենք, որ Հունաստանի դեմ պատերազմը ծավալվեց մեծ դժվարությամբ՝ այս կարգադրությունները հասկանալի են։ Նաև խոստացվել է, որ կվճարվի հավաքված ապրանքների ու գումարների դիմաց, իսկ վերցրած ապրանքի ու գումարի համար ստացական է տրվել։ Սակայն հարցի բարդությունը պարզ է դառնում, երբ սկսում են վճարել ստացականների դիմաց։ 1923-ին և 1924-ին ընդունված որոշումներով վճռվեց, որ քրիստոնյաներից հավաքված ապրանքներն ու գումարները չեն վերադարձվի։ Եվ այս գումարն արդեն իսկ կազմում էր ամբողջ «Ազգային հարկային» օրենքի 75%-ը։ Պետությունը վճարում է մուսուլման քաղաքացիներին ապրանքների և փողերի համար, բայց քրիստոնյա քաղաքացիներին՝ ոչ: Գործընթացը շատ պարզ է՝ քրիստոնյաները չեն համարվում իրավահավասար քաղաքացիներ, նրանք զրկված են քաղաքացիության ամենատարրական իրավունքներից և բացահայտորեն թալանվում են պետության կողմից։ Այս որոշումը կայացնողը ժամանակակից Թուրքիայի հիմնադիրը խորհրդանշող խորհրդարանն է։ Իմ «Հարյուրամյա ապարտհեյդ» գրքում դուք կարող եք կարդալ, թե այդ ժամանակաշրջանի խորհրդարանի գաղտնի նիստի արձանագրության մեջ ինչպես է «ըստ գրքի» իրականացվել այդ կողոպուտը։ Այստեղ էլ կար «ապարտհեյդ» համակարգի մի պարզ կիրառություն, որը ես կբնութագրեի որպես «նենգ ու խորամանկ»։

Առաջին խորհրդարանում այլ միջոցներ ձեռնարկվե՞լ են քրիստոնյաներին քաղաքացի չհամարելու ուղղությամբ։

Իհարկե, դա ակնհայտ է, բայց նախքան օրինակներին անցնելը, ամենահիմնավոր փաստը, որ պետք է բոլորը իմանան, սա է՝ Անկարայի կառավարությունը Միություն և առաջադիմություն կուսակցության կառավարության շարունակությունն է։ Առանց քրիստոնյաների հասարակություն ստեղծելու նախագիծը, որը Միություն և առաջադիմություն կուսակցության կոմիտեն գործի էր դրել 1913 թ․, առաջին իսկ օրվանից շարունակեց իրականացնել այնտեղից, որտեղ այն կանգ էր առել։ Օրինակ՝ Անկարայի վեհաժողովի ընտրություններում քրիստոնյաները չեն ընդգրկվել։ Քրիստոնյա քաղաքացիներից բռնի կերպով խլվել է ընտրելու և ընտրվելու իրավունքը։

Խորհրդարանի բացումից անմիջապես հետո քննարկված առաջին հարցերից մեկը 1915 թ․ Հայոց ցեղասպանության հանցագործության համար դատվողների ազատ արձակումն էր։ Որոշումն ընդունվել է 1920 թ․ մայիսի 8-ին։ Բացման երկրորդ շաբաթում ընդունված որոշման խորհրդանշական արժեքը ակնհայտ է։ Դրան հաջորդեց 1920 թ․ օգոստոսի 11-ին «տեղահանության գործերը» քննող դատարանների վերացումը։

Ինչպես երևում է, Անկարայի վեհաժողովը զբաղված է Հայոց ցեղասպանությունից մնացած գործերի մաքրմամբ։ Այս կարևոր քայլերից մեկը բանտերից ազատված և Հայոց ցեղասպանությանը մասնակցած «Հատուկ կազմակերպության» (Թեշքիլաթ-ը Մահսուսա) ստորաբաժանումներին միացած մարդասպանների ներումն է։ Այս մարդասպանները ներում կստանան 1921 թ․ հունվարի 22-ին Մուստաֆա Քեմալի և նրա ընկերների կողմից արված առաջարկով։ Քրիստոնյաների դեմ կոտորածների ներումը չի սահմանափակվել միայն ցեղասպանության տարիներով։ 1923 թ. հոկտեմբերի 31-ին ընդունված մեկ այլ օրենքով 1918 թ. Մուդրոսի զինադադարից հետո «Քուվայի Միլլիե» ուժերի կողմից կատարված բոլոր կոտորածները ներվեցին:

Քրիստոնյաների դեմ ձեռնարկված միջոցները չեն սահմանափակվելու միայն ջարդերին մասնակցած հանցագործների ներումով։ Անկարայի կառավարությունը Միություն և առաջադիմություն կուսակցության՝ հայկական ունեցվածքը թալանելու քաղաքականությունն էլ է շարունակելու։ Այս առումով առաջին քայլը կատարվեց 1922 թ․ սեպտեմբերի 14-ին, և վերստին ընդունվեց 1915 թ․ սեպտեմբերի 26-ի օրենքը, որը կարգավորում էր Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից հայկական ունեցվածքի կողոպուտը: Ժամանակի ընթացքում անհրաժեշտ կլինի նոր պայմանավորվածություններ ձեռք բերել։ 1923 թ․ ապրիլի 15-ին ընդունված օրենքով 1918-1923 թթ․ բռնագրավված կամ բռնագրավվելիք գույքը նույնպես ներառվեց օրենքում։ Այսինքն՝ վերադառնում են իթթիհաթական​ համակարգին։

Խորհրդարանի մեկ այլ որոշում է քրիստոնյա և հրեա քաղաքացիների աշխատանքի դադարեցումն այն ընկերություններում, որտեղ նրանք աշխատում են: 1923 թ․ մայիսին և հունիսին օտարերկրյա ընկերությունները Ստամբուլից հրավիրվեցին Անկարա, և նրանց խնդրեցին աշխատանքից հեռացնել քրիստոնյա և հրեա քաղաքացիներին և փոխարենը աշխատանքի վերցնել թուրքերին: Մի շարք օրենքներ ընդունվեցին, որոնք արգելում էին քրիստոնյաներին և հրեաներին աշխատել ոչ միայն պետական ​​հիմարկություններում, այլ նաև որոշ մասնագիտություններով։ Այս օրենքներով ամրապնդվեց ապարտհեյդը:

Այստեղ պարզապես թվարկենք մի քանի օրինակ՝ 1924 թ․ մարտի 10 օրենքը, որը երկարաձգում է Օսմանյան բանկի կոնցեսիոն ժամկետը, 1924 թ․ ապրիլի 2-ի փաստաբանության մասին օրենքը, 1926 թ․ մարտի 3-ի և 1936 թ․ հուլիսի 4-ի դատավորների մասին օրենքը, 1926 թ․ մարտի 18-ի քաղծառայողի մասին օրենքը, 1927 թ․ հունվարի 24-ի «Դեղատների և դեղագործների մասին» օրենքը, 1927 թ․ մայիսի 28-ի արդյունաբերության խրախուսման օրենքը, 1927 թ․ հունիսի 25-ի օրենքը ապահովագրության և ապահովագրական ընկերությունների տեսչական և վերահսկողության մասին, 1928 թ․ ապրիլի 14-ի Բժշկական գործունեության և նրա ճյուղերի մասին օրենքը, 1932 թ․ հունիսի 11-ի Թուրքիայում Թուրքիայի քաղաքացիներին հատկացվող արվեստի և ծառայությունների մասին օրենքը…

Ինչպես երևում է, հիմնադրման հետ աստիճանաբար կառուցվեց ապարտհեյդի մի համակարգ, որը քրիստոնյաներին և հրեաներին չէր համարում հավասար քաղաքացիներ և արգելում էր նրանց որոշակի մասնագիտություններով զբաղվել:

1923-ին Լոզանի պայմանագրով հայերի վերադարձը հարցականի տակ դրվեց։ Այնուամենայնիվ, նրանց մեծ մասին արգելված է երկիր մուտք գործել: Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել այդ ընթացքում։

Պետք է կրկնել։ Անկարայի կառավարությունը շարունակեց Միություն և առաջադիմություն կուսակցության քաղաքականությունը քրիստոնյաների դեմ այնտեղից, որտեղ նրանք կանգ առան: Այս քաղաքականությունն ուներ չորս կարևոր հիմնասյուն։ Առաջին՝ արտաքսման կամ այլ պատճառներով արտասահման գնացածներին թույլ չէին տալու երկիր մուտք գործել․ երկրորդ՝ ներսում մնացածները տարբեր կերպ վտարվելու էին Թուրքիայից. երրորդը՝ նրանք, ովքեր այս կամ այն ​​կերպ կմնան երկրում, թույլ չէին տալու ցրված ապրել և կհավաքվեն որոշակի կենտրոններում, և չորրորդ՝ քրիստոնյաներն ու հրեաները զրկվելու էին իրենց հիմնական քաղաքացիական իրավունքներից: Դա հենց այդպես էլ արվեց։

Լոզանի պայմանագրի 30-րդ և 36-րդ հոդվածները կարգավորում են քաղաքացիության իրավունքը: Ըստ դրա՝ Օսմանյան պետության սահմաններում ստեղծված նոր պետություններից ով որտեղ մնար, կդառնար այդ երկրի քաղաքացի։ Բայց նրանց քաղաքացիության իրավունքները, ովքեր ցանկանում էին վերադառնալ նախկինում ապրած վայրեր, վերականգնվելու էին երկու տարվա ընթացքում։ Յուրաքանչյուր ցանկացող կարող էր վերադառնալ և այս ժամկետում հետ ստանալ իր ունեցվածքը: Բացի այդ, նրանք, ովքեր չեն վերադարձել, շարունակելու էին իրավունքներ ունենալ իրենց ունեցվածքի նկատմամբ։ Լոզանի կետերի հայտնի դառնալուց հետո հայեր են եղել, ովքեր վերադարձել են 1923 և 1924 թթ․։ 1923 թ․ օգոստոսին նավերով ԱՄՆ-ից ժամանածներին թույլ չեն տվել մտնել իրենց երկիր։ 1924 թ․ կային մարդիկ, ովքեր կաշառք տալով՝ հաջողացրել էին երկիր մտնել։ Լուրը լսելը մեծ ճգնաժամ առաջացրեց, քանի որ ներգրավված էր նաև կաշառակերությունը: Մամուլն անդրադարձավ խնդրին, և այն վերածվեց կառավարական ճգնաժամի։ Մի նախարար հրաժարական տվեց, և բազմաթիվ ավագ պետական ​​պաշտոնյաներ հեռացվեցին աշխատանքից։ Այնինչ հայերի մուտքին երկիր՝ օրենքով հակասող ոչինչ չկար։ Բայց կառավարությունը չցանկացավ, որ ոչ մի քրիստոնյա վերադառնա։ Այդ նպատակով Ճանապարհորդական հրահանգները ստեղծվեցին 1924 թ․ հուլիսի 2-ին։

Հրահանգը ապարտհեյդի համակարգի կարևոր անկյունաքարն է։ Քաղաքացիները բաժանվել են երկու խմբի։ «Թուրքահպատակ մուսուլմանների» և հայ, հույն և հրեա քաղաքացիների։ Մուսուլմանները կարող էին վերադառնալ՝ անկախ իրենց հեռանալու պատճառներից: Սակայն հայ, հույն և հրեա քաղաքացիներին արգելված էր վերադառնալ երկիր։ Միայն Անկարայի ազգային կառավարության թույլտվությամբ և անձնագրով մեկնածները կարող էին վերադառնալ։ Նրանք, ում  վերադարձը ցանկալի չէր, օրենքում սահմանվել են որպես «տարբեր ցեղերի պատկանողներ, որոնց վերադարձն անցանկալի է»։ Նոր ընդունված այլ օրենքներով թուրքական ցեղի օտարերկրյա քաղաքացիները սահմանվեցին որպես «շատ արժեքավոր կապիտալ», և նրանց խրախուսեցին մուտք գործել երկիր:

Այս առումով շատ կարևոր է 1931 թ․ թվագրված մի փաստաթուղթ, որը նկարագրում է Ներքին գործերի նախարարության անվտանգության գլխավոր վարչության ներքին կառուցվածքը։ Առաջին մասնաճյուղը ստացել է «Քաղաքական մասով առաջին մասնաճյուղ» անվանումը։ Մասնաճյուղը բաժանված էր չորս մասի։ Երկրորդ մասի պարտականությունը հետևյալն էր. «Զբաղվել թուրքահպատակ կամ օտարահպատակ բոլոր դավանանքի այդ թվում՝ Հայ առաքելական, բողոքական, կաթոլիկ հայերի, Թուրքիայի կամ օտարերկրացի հույների և հրեաների գործունեության, քաղաքական գործիչների նույնականացմամբ և համայնքային գործերին հետևելով, ինչպես նաև ոչ մուսուլմանների բոլոր կրոնական և ազգային հաստատությունների բացահայտմամբ և հետևումով, և ոչ մահմեդական փախածների երկիր վերադառնալու հարցերով»։

Այս փաստաթղթի լեզուն շատ պարզ է։ Անվտանգության գլխավոր վարչության կազմում ստեղծվեց ստորաբաժանում՝ շարունակելու իթթիհադականների քաղաքականությունը և քրիստոնյաներին երկիր չթողնելու, երկրում գտնվողներին վտարելու և նրանց, ում չէին կարող վտարել, որպես երկրորդ կարգի քաղաքացիներ պահելու համար։ Կարելի՞ է արդյոք սրանից ավելի հստակ պատկերացում կազմել ապարտհեյդի ռեժիմի մասին:

1923 թ հետո հայերին, ավելի ճիշտ՝ ոչ մահմեդականներին, որոշ ժամանակով արգելվեց ճանապարհորդել (ազատ տեղաշարժվել-Ակունքի խմբ) երկրի ներսում։ Ինչպիսի՞ տրամաբանություն է կիրառվում այստեղ։

Ճամփորդելու արգելքներն սկսվել են Ցեղասպանության ընթացքում։ Հանրապետության շրջանում ճանապարհորդելու արգելքի ամենակարեւոր պատճառներից մեկը Ստամբուլի հայերի, հույների և հրեաների տնտեսական կյանքին հարված հասցնելն էր։ Գործարարները, հատկապես վաճառականները, այս արգելքի պատճառով չէին կարողանում առևտուր անել Անատոլիայի հետ և շարունակել տնտեսական գործունեությունը։ Բայց այս արգելքի պատճառով, օրինակ, Ստամբուլում ապրողները չէին կարող գնալ իրենց ամառանոցները։ Արգելքները շարունակվեցին մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Սա ապարտհեյդի ռեժիմի հստակ ցուցիչ էր։

1930-ականներին միտում կար՝ թույլ չտալ հայերին ապրել գյուղաքաղաքներում ու գյուղերում։ Թվում է, թե դա չի տարածվում ողջ Թուրքիայի վրա, բայց կարծում եմ, որ որոշ շրջանների հայերը չեն կարողացել խուսափել տեղահանությունից:

Սա տարածվել է ողջ Թուրքիայի վրա։ Կենտրոնացումը, հատկապես գյուղական վայրերում, համարվում էր անվտանգության լուրջ սպառնալիք: 1930-ականներին Դերսիմի գյուղերում հատուկ ռազմական խուզարկություններ են իրականացվել, և հայտնաբերված հայերի մասին զեկույցներ են գրվել։ Սասունի գործողություններում գերի ընկածները բռնի աքսորվել են Սիրիա։ Որոշ շրջաններ հայտարարվել են ռազմական սահմանափակ գոտիներ՝ հայերին արտաքսելու համար։ Համապատասխան օրենքի համաձայն՝ օտարերկրացիներին արգելվում էր բնակվել այդ տարածքներում։ Հայերը, ովքեր Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ էին, «օտարներ» հայտարարվելով՝  բռնի կերպով հեռացվեցին այս շրջաններից։

Մնացած քչերին ձեռք չտվեցին, բայց ամեն տարի նահանգապետերից տեղեկություններ էին ուզում իրենց շրջանների հայերի թվի մասին։ Հարցերի թվում էր, թե այս հայերից քանիսն էին «տեղացի», իսկ քանիսը` եկվոր: Նահանգապետերի զեկույցները բավարար չեն համարվել։ Ամեն տարի մարզեր էին ուղարկում կանոնավոր տեսուչներ և զեկույց կազմում հայ բնակչության և հայության տնտեսական վիճակի փոփոխության մասին։ Արձանագրվում էին տնտեսական ակտիվներ, ինչպիսիք են ապրանքները, գույքը և ընկերությունները: Նման ստուգումների արձանագրությունների օրինակներ գրքումս կան: Հարցը, որին պետք է պատասխանել, սա է. ինչո՞վ ենք բացատրում հայերի նկատմամբ այս գործելաոճը, որոնց թիվը գրեթե հասցվել էր վերացման մակարդակի: Երկրի անվտանգության համար վտանգ չներկայացնող այս մարդկանց նկատմամբ իրականացվող գործելաոճը պետք է ընդունել որպես ռասիզմի վառ օրինակ։

Այսպիսի մի բան հարցնեմ Հակոբ Մարթայանը, ստիպված լինելով փոխել ազգանունը (Դիլաչար), իր տեղն է գտնում ռեժիմում։ Պերճ Քերեսթեճյանը ևս փոխել է ազգանունը (Թուրքեր) և դարձել պատգամավոր։ Նմանատիպ ուրիշ օրինակներ էլ կան։ Արդյո՞ք այս օրինակները հակասում են ձեր թեզին, թե՞ դրանք ինչ-որ կերպ աջակցում են թեզին:

Իհարկե, աջակցող օրինակներ են։ Ամերիկայի ամենաուժեղ ստրկական համակարգով նահանգը Վիրջինիա նահանգն էր: Բայց այստեղ կային նաեւ սեւամորթ ստրկատերեր։ Կարո՞ղ է արդյոք սեւամորթ ստրկատերերի գոյությունը արդարացնել ստրկության առկայությունը: Թուրքիայում էլ, ցուցադրության համար ժամանակ առ ժամանակ հատուկ թույլտվություն էին տալիս հայ, հույն կամ հրեա պատգամավորներին, ընդգրկում էին խորհրդարանում եւ այլն։ Այն, ինչ ես վերը բերեցի, բավարար է այս երկրում ապարտհեյդի ռեժիմի գոյությունը հստակ ցույց տալու համար։

Ամփոփելով կարելի է արձանագրել, որ այս երկրում հաստատվել է բացահայտ ապարտհեյդի ռեժիմ՝ մի շարք բացահայտ կամ գաղտնի օրենքներով և հրամանագրերով, որոնք հրապարակվել են 1920 թ․ ապրիլին նոր խորհրդարանի բացումից հետո, որը համարվում է ժամանակակից Թուրքիայի սկիզբը։ Այս օրենքներից ու հրամանագրերից շատերն այսօր էլ ուժի մեջ են։ Այն դեպքերում, երբ դրանք ուժի մեջ չեն եղել, դրանց սխալ լինելու մասին չնչին հաշվետվություն անգամ չի եղել։ Այս օրենքների ոգին և գոյությունը շարունակում են ինստիտուցիոնալ ազդեցություն ունենալ:

Այս հարցազրույցում քննարկեցինք ապարտհեյդի ռեժիմը, որը ստեղծվել էր հատուկ հայերի համար, որոնք գտնվում էին դասակարգման համակարգի ստորին հատվածում։ Քրդերի ու ալեւիների մասին անգամ չհիշատակեցինք… Խնդիրը հետևյալն է․ հանրապետության հարյուրամյակն է, բայց դեռ հայտնի չէ, որ երկրում գործում է ապարտհեյդի ռեժիմ, դրա կարևոր պատճառներից մեկն այն է, որ այս ռեժիմը հաստատվել է ծայրահեղ «նենգորեն ու խորամանկորեն»։ Այն, ինչ թաքնված է այս «նենգության ու խորամանկության» հետևում՝ թուլությունից բխող վախն է։ Հետաքրքիր ավանդույթ կա, որը Աբդուլ Համիդից անցել է իթթիհադականներին, նրանցից էլ՝ Անկարայի ռեժիմին. ռեժիմները գիտեն, որ թույլ են և վախենում են, որ եթե քրիստոնյաների դեմ բռնի միջոցներ ձեռնարկեն, դա արտաքին միջամտության հնարավորություն կստեղծի։ Այդ իսկ պատճառով նրանք փորձում են իրենց բռնի ելույթները կոծկել «նենգ ու խորամանկ» մեթոդներով։ Ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված ոչ մի խնդիր չի լուծվի, մինչև չնկատվի այս երկրում գործող «նենգ ու խորամանկ» ապարտհեյդի ռեժիմը, որն առաջացել է Աբդուլ Համիդից հետո պահպանված այս վախկոտությունից։ Սա է դառը ճշմարտությունը։

https://www.agos.com.tr/tr/yazi/29431/ankara-hukumeti-ittihat-ve-terakki-iktidarinin-bir-devamiydi

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net