Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Ամերիկյան համասարանի հրավերով Հայաստանում է թուրք պատմաբան, Մասաչուսեթսի «Քլարք» համալսարանի պատմության դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամը: Նա այսօր ԵՊՀ-ում հանդիպեց ուսանողների հետ՝ հանդես գալով դասախոսությամբ:
Պատմաբանը կարևորեց, որ այսօր Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում արդեն ընդունում են Հայոց ցեղասպանությունը: Աքչամի խոսքով` այն «դասական» ցեղասպանությունների շարքն է դասվում, սակայն Հայոց ցեղասպանության հարցում, քաղաքականության տեսանկյունից, տարբերություններ կան, քանի որ Ցեղասպանության վերաբերյալ կա երկու տեսակետ՝ հայկական և թուրքական:
«Ինձ, առհասարակ, համարում են հայկական տեսակետի կողմնակից: Խնդիրն այն է, որ Առաջին համաշխարհայինի տարիներին թուրքերը հայերին մտադրված են բնաջնջել, իսկ թուրքական թեզը հակառակն է պնդում՝ հատուկ մտադրություն չեն ունեցել, պատերազմ է եղել: Ցավոք, թուրքական թեզը հերքող փաստաթղթեր դժվար է շատ գտնել: Թուրքիայի պատմությունն այսպես է ստեղծվում՝ սկզբում փաստաթղթեր են ստեղծում, հետո դրանցով արխիվ ունենում ու դրա հիման վրա պատմություն ստեղծում»,-ասաց Աքչամը:
Նրա խոսքով՝ հայտնի է, որ, օրինակ, Ցեղասպանության ժամանակ սպանվեցին Զոհրապը, Վարուժանը, իսկ թուրքական կողմն այնպիսի փաստաթղթեր են ստեղծել ու ներկայացրել, որ Վարուժանին իրենք Ռուսաստան են ուղարկել, իսկ Զոհրապը սրտի անբավարարությունից է մահացել, ինչի մասին նաև գրել էին թուրքական թերթերը: «Այսինքն՝ այսպիսի փաստերով են իրենք արխիվ ստեղծել, իսկ պատմաբանն ինչ է անում, երբ ինչ-որ բան է գրում, բնականաբար, առաջին գործն արխիվն ուսումնասիրելն է: Ստացվում է՝ քաղաքական վերնախավն իր ճշմարտությունն է հորինում ու ներկայացնում, իսկ մենք պետք է նաև գիտական փաստերի հիման վրա կարողանանք ուսումնասիրությունները հրապարակել: Իմ վերջին գրքում, օրինակ, փորձում եմ ոչնչացնել Ցեղասպանության վերաբերյալ թուրքական տեսակետը՝ ներկայացնելով, որ Թուրքիայի ՆԳՆ-ն փաստաթղթերն արխիվից հանում և փոխարենն այլ փաստաթղթեր է դնում»,- ասաց պատմաբանը:
Աքչամի խոսքով՝ Ցեղասպանության թեմայի ուսումնասիրության հարցում անընդհատ բախվում են այն խնդրին, որ փաստաթղթերի, թերթերի բնօրինակներն են պահանջում, որոնք արդեն իսկ ոչնչացվել են: Իսկ երկրորդ խնդիրը, որի հետ բախվում ես, ըստ պատմաբանի, այն է, որ բոլոր փաստաթղթերը հայկական կողմի փաստաթղթերն են, ինչը երբեմն կանխակալության տպավորություն կարող է թողնել:
«Ինձ ասում են, որ ես Հայոց ցեղասպանության Շերլոք Հոլմսն եմ: Ես մի բան գիտեմ՝ շուտով Թուրքիայում ընտրություններ են, և դրանից հետո էլ չի փոխվի Թուրքիայի վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ»,- նշեց պատմաբանը:
Yerkir.am-ի հարցին, թե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին, հատկապես` փաստաթղթերի բացահայտման առումով, պատմության վրա լույս է սփռվում և այս համատեքստում Թուրքիայի ժխտողական քաղաքականության վերջը տեսնո՞ւմ է Աքչամը պատասխանեց, որ Թուրքիան անուղղակիորեն ընդունում է այդ փաստը, բայց դրանից արդյունքից չկա: «Չեմ կարծում՝ այդքան կարևոր խնդիրը է աշխարհի երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու հարցը, իսկ Թուրքիայի դեպքում՝ ճանաչի-չճանաչի, հետո ի՞նչ: Այդ հարցում Ադրբեջանի դերը շատ կարևոր է: Թուրքիան Ադրբեջանից բնական գազ, նավթ է առնում, և ադրբեջանցի գործարարները Թուրքիայում մեծ ներդրումներ են անում, նրանց դերն այնտեղ մեծ է: Եվ քանի դեռ Արցախի հարցում Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է, Թուրքիայի ձեռքերը մնում են կապված»,- կարծիք հայտնեց նա:
Պատմաբանի խոսքով՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում փոփոխություն բերող միակ երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է: Ըստ Աքչամի՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու արդյունքում փոփոխությունը լինելու են ոչ միայն «բրավո»-ները, այլև ամերիկյան դատարաններում Թուրքիայի դեմ դատական պրոցեսները: «Այդ դատերի արդյունքում կարող են առգրավվել Թուրքիայի առևտրական, տնտեսական ունեցվածքները, և այդ ժամանակ Ամերիկայի դատարանները, ինչպես ներկայումս Իրանի դեմ պատժամիջոցներ և սահմանափակումներ է կիրառում, այնպես էլ Թուրքիայի հետ կարող է վարվել»,- ասաց նա: