կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-16 16:40
Քաղաքական

Իմ 90 տարեկան տատիկը չի պատասխանելու` սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ. Հրայր Թովմասյան

Իմ 90 տարեկան տատիկը չի պատասխանելու` սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա՞,  թե՞ ոչ. Հրայր Թովմասյան

Այսօր` «Ժառանգություն» կուսակցության կողմից հրավիրված` «Սահմանադրական փոփոխություններ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ, ԱԺ աշխատակազմի ղեկավար, նախկին արդարադատության նախարար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը նշեց, որ ոչ ոք չի ասում, թե երկրի առկա խնդիրները պետք է դնել մի կողմ և զբաղվել միմիայն սահմանադրական փոփոխություններով:

 

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումները չընդունող քաղաքական ուժերի այն փաստարկին, թե սահմանադրական փոփոխությունների ժամանակը չէ, Հրայր Թովմասյանը հարց ուղղեց այդ քաղաքական ուժերին. «Իսկ որտեղի՞ց ձեզ այդքան վստահություն, որ, մի որոշակի պահից սկսած, ժամանակը լինելու է պատեհ»:


Մեկ այլ հարցադրման, թե ներկայիս Սահմանադրությունը լավն է, մնում է միայն կիրառել, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Չկա նման բան, որովհետև եթե Սահմանադրությունը լավն է, ապա այն կիրառվում է»:

 

«Չեմ ուզում, որ իմ երկրում ինչ-որ բան կախված լինի բացառապես քաղաքական կամքից, իսկ եթե  չկա քաղաքական կամք, միգուցե հնարավո՞ր է Սահմանադրությամբ իրականացնել փոփոխություններ: Դեմ ենք, որ մեկ խմբակցություն ՍԴ դիմելու իրավունք ունենա՞: Դեմ ենք, որ 30-40 թվով մարդկանց նախաձեռնությունը պարտադիր ԱԺ-ում քննարկման առարկա դառնա՞, դեմ ենք, որ արդարադատության խորհուրդը շատ ավելի թափանցիկ աշխատի՞»,- հարցեր ուղղեց Հրայր Թովմասյանը:

 

Որոշ քաղաքական ուժերի այն դիտարկմանը, թե սահմանադրական փոփոխությունների համար հասարակական պահանջ չկա, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Իմ 90 տարեկան տատիկը չի պատասխանելու` սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա՞,  թե՞ չկա, և պետք չէ ժողովրդահաճո բաներ ասել, թե բոլորի հետ պետք է քննարկել այդ հարցը»: