Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակ էր հղել ՀՀ վարչապետին: Տիկին Բախշյանը նշում էր, որ 2009-ին ընդունված՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով, ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր կոչվող փաստաթղթով, որը տրվում է 5 տարով, և նորը ստանալու համար տնօրենի թեկնածուից օրենքը պահանջում է վերապատրաստվել ու հանձնել նոր քննություն:
«Ստիպված եմ հրապարակային նամակով դիմել Ձեզ՝ հայտնելով, որ ԿԳ նախարար պարոն Լևոն Մկրտչյանի 18.05.2010թ. N 395-Ն հրամանը հակասում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված՝ ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման եւ ընտրության ընթացակարգին: Ըստ օրենքի՝ ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար հայտարարվում է մրցույթ, որին մասնակցելու իրավունք է ստանում այն անձը, ով վերջին 10 տարվա մեջ ունի 7 տարվա մանկավարժական ստաժ, անցել է վերապատրաստում համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից, այնուհետեւ քննություն՝ գրավոր եւ բանավոր փուլերով և ստանում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր: Հստակ գրված է, որ ղեկավարման իրավունքի հավաստագիրը տրվում է 5 տարի ժամկետով:
Նույն օրենքի 15-րդ կետն ասում է. «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է մինչեւ հավաստագրի ժամկետի լրանալը դիմել եւ անցնել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերապատրաստումը եւ ստանալ ուսումնական հաստատության ղեկավարման ՆՈՐ հավաստագիր»:
Օրենքի 12-րդ հոդվածի 15-րդ կետում շեշտված «հավաստագրի ժամկետ» ու «նոր հավաստագիր» նորմերի անհրաժեշտությունն ամրագրված է Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար քննության կազմակերպման և անցկացման կարգի 82-րդ և 83-րդ կետերով, որտեղ սահմանված է ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ՝ «Վերապատրաստված, քննությանը մասնակցած և Հավաստագրման հանձնաժողովի որոշումով «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)» շնորհման ենթակա հավակնորդին շնորհվում է «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր»՝ 5 տարի ժամկետով, որը նա ստանում է քննության արդյունքները ամփոփելուց հետո 10-օրյա ժամկետում»: Միանշանակ է՝ միայն վերապատրաստված, ՔՆՆՈՒԹՅԱՆԸ մասնակցած հավակնորդը կարող է ստանալ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ, այն էլ քննությունների արդյունքները ամփոփելուց 10 օր հետո:
Ըստ նախարարի 18.05.2010թ. N 395-Ն հրամանի՝ մեկ անգամ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստացած անձինք վերապատրաստումից հետո այլեւս քննություն չեն հանձնելու և այս անօրինական հրամանն արդեն մտել է ուժի մեջ:
Պարոն Վարչապետ, Ձեզ եմ դիմում, որպեսզի կառավարությունը կասեցնի ԿԳ նախարարի անօրինական հրամանի գործունեությունը»,-գրում է տիկին Բախշյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը նշեց, որ կրթության ոլորտի խնդիրների մասին հրապարակային արտահայտվելու տիկին Բախշյանի սովորույթը նոր չէ, այն պարբերական բնույթ է կրում: Մասնավորապես, ըստ Մարգարյանի, ՀՀ վարչապետին ուղղված «Բաց նամակում» Բախշյանն անդրադարձել է ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների հավաստագրման վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանին՝ նշելով, թե իբր հրամանը հակասում է օրենքին:
«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն սահմանված կարգով անցել է փորձաքննություն և ստացել պետական գրանցում: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է դրույթներ «վերապատրաստում», «հավաստագրում» գործընթացների վերաբերյալ, մասնավորապես` նույն հոդվածի 15-րդ մասը սահմանում է, որ «ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է մինչև հավաստագրի ժամկետի լրանալը դիմել և անցնել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերապատրաստումը և ստանալ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի նոր հավաստագիր»: Նոր կարգավորումներով չեն փոփոխվել տնօրենի թափուր տեղի համար հավակնորդին ներկայացվող պահանջները, մրցույթի ընթացակարգը, դրանք չեն ենթադրում տնօրենի թափուր տեղի համալրում առանց մրցույթի կամ լիազորված մարմինի կողմից տնօրենների պաշտոնավարման ժամկետի երկարացում»,-ասում է Մարգարյանը:
Նա նշեց նաև, որ Անահիտ Բախշյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենն է և որպես կրթության ոլորտի խնդիրներով «մտահոգ» մարդ` կարող էր մինչև հրապարակային ելույթ ունենալը` իր մտահոգությունները ներկայացնել նախարարություն և ստանար պարզաբանումներ.«Ամեն դեպքում տիկին Բախշյանը հրավիրվել է նախարարություն` պատասխանատուների հետ նամակում բարձրաձայնած հարցերը քննարկելու համար»:
Նշենք նաև մի հանգամանք` տիկին Բախշյանը նամակում նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի 18.05.2010թ. N395-Ն հրամանի մասին, որի ընդունման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարը Լևոն Մկրտչյանը չէր: