կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-08 17:18
Առանց Կատեգորիա

Սերժ Սարգսյանը մատնեց իր «աքիլեսյան գարշապարը»

Սերժ Սարգսյանը մատնեց իր «աքիլեսյան գարշապարը»

ՀՀԿ խորհրդի նիստում, որն անցած շաբաթ օրն անցկացվեց կառավարության նիստերի դահլիճում, նախագահ Սերժ Սարգսյանը տվեց քաղաքական նոր սեզոնի մեկնարկը` ուրվագծելով այն երեք ուղղությունները, որոնցով իշխող կուսակցությունը հունավորելու է քաղաքական պրոցեսներն առաջիկայում: Դրանք են` սահմանադրական բարեփոխումները, որոնք մտնում են իրավական պրոցեդուրաների շրջափուլ, ԼՂ հիմնահարցի շրջանակում վարվող արտաքին քաղաքական կուրսի շարունակումը և խորհրդարանի ու կառավարության առավել կոնսոլիդացված, փոխհամաձայնեցված աշխատանքը կամ, ավելի ճիշտ, ներքաղաքական պրոցեսները վերահսկողության տակ պահելը:

 

ՀՀԿ խորհրդի նիստը գրեթե կուսակցական համագումարի ձևաչափով անցկացնելու այս որոշումը ոչ այնքան պետական կառավարման համակարգում քաղաքական մեծամասնությունը կազմող ուժի ունեցած բացառիկ դերի ընդգծման նպատակ է հետապնդում, որքան ամրագրում է հայացքը դեպի ներքին քաղաքականություն շրջելու` երկրի ղեկավարի կեցվածքը:

 

Պատահական չէր այս յուրահատուկ շոուի համար ընտրված պահը. Սերժ Սարգսյանը նոր էր վերադարձել Ուելսից` ՆԱՏՕ-ի գագաթաժողովից, և վերադարձել էր, կարելի է ասել, ԼՂ հարցում ձեռք բերած շոշափելի դիվիդենդներով: Բավական է միայն նշել Դաշինքի եզրափակիչ հայտարարության մեջ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ հայկական հետաքրքրություններից բխող կամ առնվազն դրանք չանտեսող ձևակերպումներ ամրագրելու փաստը, որն, ըստ էության, ՆԱՏՕ-ի շրջանակում ադրբեջանա-թուրքական լոբբինիգի ազդեցության չեզոքացման եզակի հաջողված դրսևորում էր: Եվ թեեւ դա ոչ թե հայկական դիվանագիտության հաղթանակի, այլ ավելի շատ ադրբեջանա-թուրքական տանդեմի տակտիկական պարտության հետևանքն էր, սակայն դա թույլ տվեց Սերժ Սարգսյանին Երևան վերադառնալ հաղթողի «դափնիներով», եթե հաշվի առնենք նաև օգոստոսի սկզբներին հայ-ադրբեջանական փոքրիկ դիվերսիոն պատերազմում հայկական բանակների տարած կարևոր հաղթանակների էֆեկտը և Սոչիում, Ուելսում նախագահների մակարդակով հանդիպումների արդյունքում սահմանային իրավիճակի նկատելի կայունացումը:

 

ՀՀԿ-ի Խորհրդի նիստն այսպես անցկացնելու և քաղաքական սեզոնի բացման նախաձեռնությունը վերցնելու` այս յուրօրինակ «ակցիայով», փաստորեն, Սերժ Սարգսյանը փորձում է արտաքին ֆրոնտի այդ հաղթանակները, որոնք շատ ավելի հայկական բանակի նվերն էին իշխանությանը, վերածել քաղաքական կապիտալի և ներդնել իշխանության ներսում իր դիրքերն ամրապնդելու հաշվարկներում: Դրա համար Սերժ Սարգսյանն ունի երեք առանցքային պատճառ:

 

Առաջինը՝ սահմանադրական բարեփոխումների` իր սկսած պրոցեսի օբյեկտիվ անհրաժեշտության քաղաքական հիմնավորվածությանը հասնելն է: Այդ կապիտալն անհրաժեշտ է նախագահին` բարեփոխումների շուրջ եթե ոչ ազգային համաձայնություն կամ ուժեղ կոնսոլիդացիա, ապա գոնե հասարակական-քաղաքական դրական ընկալում ձևավորելու համար:

 

Երկրորդ՝ երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանրացող դրության քաղաքական հետևանքները իշխանության և անձամբ իր դիրքերի ամրության տպավորությամբ չեզոքացնելն է: Ակնհայտ է, որ կառավարությունը, նույնիսկ օգտագործելով օլիգարխիայի ստվերային ռեսուրսները, չի կարողանում կատարել պետական բյուջեն, ինչը, բնականաբար, ի հայտ է բերելու քաղաքական պատասխանատվության խնդիր և հանգեցնելու է թե' խորհրդարանում, թե' դրանից դուրս իշխանության դեմ պայքարի ուժեղացման: Այս իմաստով նախագահին և վարչապետին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ոչ միայն ներիշխանական համերաշխությունն ու միասնականությունը, այլև իշխանության երկու թևերի` օրենսդիրի և գործադիրի համաձայնեցված և փոխլրացնող գործունեությունը: Ահա, թե ինչու էր ՀՀԿ Խորհրդի նիստում նախագահը պատգամավորների` խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ աշխատանքներից բացակայելը համարում անթույլատրելի և այդպիսիներին համեմատում խրամատը լքող, դասալիք զինվորի հետ:

 

Երրորդ պատճառը, իհարկե, իշխանության ժառանգման հրամայականն է, որն ավելի ու ավելի է ակտուալ դառնում համապետական ընտրությունների, իսկ մինչ այդ նաև սահմանդրական հանրաքվեի անցկացման ժամկետների մոտենալուն համընթաց: Այս իմաստով նախագահն ունի երկու հիմնական մտավախություն` մեկն ինքնին այդ հանրաքվեի տապալումն է` կատարվող բարեփոխումների դեմ ուժեղ քաղաքական բևեռի առկայությամբ թելադրված, մյուսը` նախկին նախագահի` Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանության վերադառնալու ցանկությունն ավելի ու ավելի համառորեն պարտադրելու մարտավարությունը և այն հիմնավոր կասկածները, որ եթե այդ ցանկությունը մի օր հանկարծ դառնա հստակ քաղաքական հայտարարություն, իր իշխանական ներկայիս բուրգը կարող է երկփեղկվել:

 

Այս իմաստով Սերժ Սարգսյանի համար ամենախոցելի կետը խորհրդարանն է: Խնդիրն այն է, որ ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալուց հետո ՀՀԿ-ն օրենքներն ու որոշումներն անցկացնելու, խորհրդարանական փոքրամասնության նախաձեռնությունները չեզոքացնելու խնդրում հայտնվել է բարդ իրավիճակում և չափազանց մեծ դժվարություններ է ունենում քվորում ապահովելու հարցում: Բավական է, որ «առնետավազքի» պատրաստ կամ, այսպես կոչված, քոչարյանական ճամբարը թաքնված կերպով ներկայացնող մի քանի հանրապետականներ չենթարկվեն խմբակցության միասնական դիրքորոշումներին, և ԱԺ-ն կարող է հայտնվել քաղաքական ճգնաժամի մեջ, ինչը ԱԺ-ն ցրելու իրական սահմանադրական հիմքեր է ապահովում:

 

Դրա վտանգը մեծանում է սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտության հարցում առկա բացահայտ և թաքուն անհամաձայնությունների պարագայում: Այս տեսանկյունից խորհրդարանում ՀՀԿ պատգամավորների վարքագիծը դառնում է առանցքային: Սերժ Սարգսյանն, ըստ էության, իր ելույթում նրանց հասկացրեց, որ ոչ միայն այսուհետ գտնվելու են իր մանրադիտակային ուշադրության կենտրոնում, այլ նաև` որ իր նախանշած ուղուց, աշխատաոճից ցանկացած շեղում ընկալելու է որպես դավաճանություն անձամբ իր նկատմամբ` դրանից բխող բոլոր հետևանքներով: Այլ կերպ ասած` խորհրդարանն առնելով տոտալ վերահսկողության տակ, խորացնելով նրա կախվածությունը կառավարությունից` Սերժ Սարգսյանը փորձում է փակել ԱԺ-ն կաթվածահար անելու միջոցով մեծ քաղաքականություն, եթե չասենք իշխանության վերադառնալու` Քոչարյանի սողանցքը:

 

Սա, իհարկե, չի նշանակում, թե նախագահը պահանջում է ՀՀԿ խմբակցության բոլոր անդամներից` մեկ մարդու նման մասնակցել ԱԺ բոլոր նիստերին և հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով: Նման պահանջ նա չի կարող դնել այն պարզ պատճառով, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորների մոտ 2/3-ը դրա ունակությունը չունի: Նրանց խնդիրն անհրաժեշտ պահին խմբակցության ղեկավարի առաջին իսկ կոչով նիստերի դահլիճում հայտնվելն է և մեկ մարդու նման քվեարկություններին մասնակցելը: Համենայն դեպս, այսօր ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկին մի քանի արտոնյալ ՀՀԿ-ականների` սովորության համաձայն քվեարկություններից հետո ԱԺ-ն լքելու վարքագիծը ցույց տվեց, որ նրանք նախագահի խոսքի տողատակում հենց այս ուղերձն են ընկալել: Հակառակ դեպքում ամենացինիկ դրսևորումներով այդ սովորության շարունակումն այլ բան չէ, քան նույնիսկ սեփական երկրի, կուսակցության ղեկավարի պահանջները բանի տեղ չդնել:

 

Գևորգ Աղաբաբյան