կարևոր
13036 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-01 14:41
Քաղաքական

Իշխան Սաղաթելյանն ուղիղ կպել է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նյարդին, նրա աքիլեսյան գարշապարին

Իշխան Սաղաթելյանն ուղիղ կպել է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նյարդին, նրա աքիլեսյան գարշապարին

Չափազանց ուրախալի է, որ հիմնադիր-կապիտուլյանտ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Իշխան Սաղաթելյանին: Այո, հենց Լևոն Տեր-Պետրոսյանը և ոչ Արման Մուսինյանը. տեքստի հռետորաբանությունը հենց նրանն է: Բացատրեմ՝ ինչու է ուրախալի:

Ընդհանրապես, մարդը միշտ ցանկանում է ինչ-որ կերպ մնալ պատմության մեջ: Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նույնպես: Եվ հրաժարականից հետո ուղիղ 24 տարի նա պայքարել է՝ վրայից, դեմքից ու ուղեգծից քերելու, լվանալու Արցախը հանձնողի, դրա համար վռդվածի, կարճ ասած՝ «սխալ ապրածի» խարանը: Դրա համար նա ամեն ինչ արել է մինչ այն պահը, երբ  2018-ին ՀՀՇ-ական «նյութերից» կծնվեր բաղձալի գործիքը (կացինը)՝ Նիկոլի իշխանությունը:   

Եվ արդեն 4 տարի է, ինչ տեղի է ունենում երազած հրաշքը. նշված կացինը Արցախը հանձնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ քիրվայության գնալու հարցում հիանալի կատարում է իր դերը, այն, ինչը ժամանակին չէր հաջողվել Տեր-Պետրոսյանին: Միևնույն ժամանակ՝ իրագործվում է հիմնադիր – կապիտուլյանտի տարիների երազանքը՝ պատմության մեջ «ճիշտ ապրածի» կերպարի կերտումը՝ սեփական գործիքը «դատափետելու» միջոցով:  

Սա է պատճառը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը սեփական այդ գործիքի՝ Նիկոլի իշխանության դեմ «պայքարում է» մինչև այնտեղ, որտեղից արդեն կարող է վնասել նրան: Իրականում՝ նա ոչ թե գործում է ընդդեմ Նիկոլի, այլ՝ հանձնողի ու հանձնվողի սեփական դեմքը պատմության մեջ լվանալու և այնտեղ իբրև «մեծ մտածող», «էն գլխից ճիշտ ուղեգիծ ընտրած» մեկը մնալու  համար:

Այս աքսիոմատիկ ճշմարտությունը մի առիթով խոստովանել է նաև Լևոն Տեր-Պետրոսյան – Նիկոլ Փաշինյան զույգի սրտի օլիգարխը՝ նեղ զրույցում ասելով՝ գիտե՞ք ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատում Նիկոլին, որովհետև նախանձում է նրան, քանզի Նիկոլը կարճ ժամանակում արեց այն, ինչը չկարողացավ տարիների ընթացքում անել Լևոն Տեր-Պետրոսյանը:

Դե, լինելով գավառական մանր վաճառականի գիտակցության տեր՝ սրտի օլիգարխը խորքի մեջ չի հասկացել, թե ինչու՞ է քննադատում Լևոնը Նիկոլին: Սակայն՝ դա չի այստեղ էականը: Կարևորը՝ խոստովանությունն է, որ Լևոնն ու Նիկոլը դրանք նույն բանն են, գաղափարապես՝ հայր ու որդի, ավելին՝ հայրը նախանձում է որդուն:   

Իշխան Սաղաթելյանի հայտարարությունն ուղղակի հարված էր Լևոն Տեր-Պետրոսյանի քառորդդարյա պայքարին ու բաղձալի երազանքի իրագործմանը: Եվ չդիմացավ հիմնադիր-կապիտուլյանտը, իսկ հարվածն այն աստիճան շեշտակի էր, որ նա, բերելով իբր զորեղ, իրականում՝ մանիպուլյատիվ փաստեր, չէր զլացել անգամ վիրավորել դիմացինին:

Իշխան Սաղաթելյանն ուղիղ կպել է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նյարդին, նրա աքիլեսյան գարշապարին: Դրա վկայությունն է փրփրակալած պատասխանը, և դա չափազանց ուրախալի է:

 

Վահե Սարգսյան