կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-31 16:29
Իրավական

Ամբաստանյալի հայրն ինքնասպան է եղել` որդու խաբեբայությունների պատճառով. տուժող

Ամբաստանյալի հայրն ինքնասպան է եղել` որդու խաբեբայությունների պատճառով. տուժող

Իտալահայ բիզնեսմեն և կառավարության աշխատակից ներկայացած 35-ամյա Արթուր Սարգսյանի գործով դատավարությունը շարունակվում է. հարցաքննվում են վկաները: Նրանցից մի քանիսը սակայն դատարան չի ներկայանում` թեև ծանուցվում է:

 

Ամբաստանյալի մոր վերաբերյալ դատախազը խնդրեց բերման ենթարկելու որոշում կայացնել: Սակայն դատարանը` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հաշվի առնելով ամբաստանյալի խնդրանքը և նաև այն հանգամանքը, որ նրա համար ցուցմունք տալը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք, որոշեց ևս մեկ անգամ ծանուցել:

 

Նիստին ուշացումով ներկայացավ վկա Հայկազ Հովհաննիսյանը: Վերջինս ամիսներ շարունակ իր մեքենայով տաքսի ծառայություններ է մատուցել ամբաստանյալին: Հարցաքննության ժամանակ հայտնեց, որ իր հասկանալով, Արթուր Սարգսյանը Մալաթիայում գտնվող գովազդային վահանակների արտադրությամբ զբաղվող արտադրամասի տնօրենն է եղել:

 

Այն ժամանակահատվածում, երբ աշխատել է Արթուրի համար, այդ արտադրամասում մոտ 10 վահանակ է պատրաստվել: Բացի դրանից` տեսել է նաև, որ արտադրամասի պահեստում մեծ քանակությամբ մետաղական շինանյութ կա:

 

Այս վկան սակայն դժվարանում էր պատասխանել տուժող Հակոբ Գրիգորյանի հարցերին, թե արդյոք նա տեսե՞լ է, թե ինչ փաստաթղթեր է ինքն Արթուրին փոխանցել կամ նրանից վերցրել, թե արդյոք Արթուրի հրահանգով չափագրողներ չի՞ տարել Էրեբունիում գտնվող հողատարածքում չափումներ անելու համար: Վկան պատճառաբանում էր, որ չի հիշում:

 

Նա չէր հիշում նաև տարեթիվը, թե երբվանից է ճանաչել ամբաստանյալին: Միայն ասաց, որ քննիչից իմացել է ամբաստանյալի հանդեպ հետախուզում սկսելու ամսաթիվը, և ենթադրել է, թե որ թվին է աշխատել նրա համար:

 

Հայկազ Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ վերջին անգամ Արթուրին տեսել է 2009 թվականի հունվարի 29-ին` իր ծննդյան օրը: Դրանից հետո Արթուրն անհետացել է, և միայն հանդիպել է մարդկանց, ովքեր հետաքրքրվել են նրանով, իմացել է, որ նրանց գումարներ է պարտք:

 

Ի դեպ, այն հարցին, թե արդյոք իրեն ամբաստանյալը նորմալ վճարե՞լ է, վկան պատասխանեց, որ պարտքուպահանջ չունի, որքան մեքենայի հաշվիչը գրանցել է, այնքան էլ վճարել է:

 

Դատական նիստին հրապարակվեց նաև գործով տուժող ճանաչված Արամայիս Բեգլարյանի նախաքննական ցուցմունքը: Վերջինիս դատարան հրավիրելու դատավարական բոլոր միջոցները սպառված են: Ոստիկանությունից հայտնել են, որ նա Գյումրու օդանավակայանից մեկնել է Հայաստանից և այլևս չի վերադարձել:

 

Նախաքննական ցուցմունքում նա պատմել է, որ իր ընկեր Հակոբը ( տուժող Հակոբ Գրիգորյան)  Գյումրի են եկած եղել Արթուրի հետ, և հացի սեղանի մոտ նստած, Հակոբը զանգել է իրեն, կանչել: Ասել են, թե Արթուրը հողամաս է վաճառում, «լավ հարևան» է ման գալիս: Արամայիսը հրաժարվել է, սակայն պատմել է, որ Գյումրիում իր հողամասին կից մի հողակտոր կա, որն ուզում է սեփականաշնորհել: Արթուրը խոստանում է օգնել:

 

Որոշ ժամանակ անց, Հակոբն իրեն զանգել է, ասել, թե գործերն արդեն եղել են և որոշ մուծումներ պետք է արվեն` 4000 դոլարի չափով: Տուժողը եկել է Երևան, գումարը տվել Հակոբին: Իսկ որոշ ժամանակ անց էլ հետաքրքրվել է, թե երբ պիտի փաստաթղթերը ստանա, ասել են, թե մինչև 2009 թվականի փետրվար պիտի սպասի: Իսկ դրանից հետո էլ Հակոբից իմացել է, որ Արթուրը փախել է, իսկ նրա հայրը, իմանալով որդու խաբեբայությունների մասին, իրեն կախել է: Այս տուժողն իր ցուցմունքում նշում է նաև, թե քանի որ գումարը վճարել է Հակոբին, հենց նրանից էլ պահանջում է:

 

Նշենք նաև, որ Արամայիս Բեգլարյանը ցուցմունք է տվել միայն մեկ անգամ`ոստիկանության Աջափնյակի բաժնում` 2009 թվականի մարտի 12-ին:

 

Եվ նրա այս ցուցմունքը դատարանում հրապարակելու վերաբերյալ հարցը քննարկելու ժամանակ, ամբաստանյալի պաշտպան Հունան Բաբայանն ասաց, որ դատարանում այս տուժողին չհարցաքննելը սահմանափակում է պաշտպանական կողմին, քանի որ նախաքննության ընթացքում առերեսում չի եղել նաև իր պաշտպանյալի և Արամայիս Բեգլարյանի միջև: Սակայն քանի որ դատարանում հարցաքննելու հնարավորություն չկա, չառարկեց ցուցմունքի հրապարկման դեմ: