Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատավոր - Ամբաստանյալի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք` գործընկերային, բարեկամական, թշնամական:
Տուժող - Բարեկամ ենք, ես նրա քավորն եմ:
Դատավոր - Դե լավ, կատակը մի կողմ դրեք:
Տուժող - Բայց ես կատակ չեմ անում:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվում է «կառավարության կեղծ աշխատակցի գործով» դատավարությունը: Ավարտվեց նաև տուժող Է.Գ.-ի հարցաքննությունը, ով պնդեց, որ իր և մյուս 8 տուժողների դեմ կատարված խարդախության թիկունքում կանգնած է Դավիթ Սարգսյանը` կառավարության աշխատակազմի նախկին ղեկավարը, ֆինանսների նախկին նախարարը:
Ամբաստանյալն այս տուժողի վստահությունը շահելու համար նրա հետ փորձել է բարեկամական կապեր ստեղծել: Իր հետ փաստացի ամուսնական կապերի մեջ եղող Գայանե Մաթևոսյանի (ով Դավիթ Սարգսյանի քարտուղարուհին է եղել) հետ եկեղեցով ամուսնանալիս քավոր է ընտրել հենց Է.Գ-ին. «Նա (Դավիթ Սարգսյանի – հեղ.) պիտի սրա (ամբաստանյալի –հեղ.) կողքը նստած լիներ` երկու ախպերով: …Էնքան ստոր մարդ էր, որ ստիպեցին ինձ քավոր դառնալ»,- իր ցուցմունքում ասաց այս տուժողը` ձեռքով ցույց տալով ամբաստանյալին:
Իր ցուցմունքում Է.Գ-ն պատմեց, որ շուրջ երկու տարվա ծանոթության ընթացքում, ընդհանուր առմամբ, 146 հազար դոլար է տվել ամբաստանյալին և մինչ օրս հետ չի ստացել գումարը: Գումարի մի մասը որպես պարտք է տվել, մի մասն էլ «համընդհանուր բիզնեսում» ներդրում է արել:
Որպես Արտյոմ Առուստամյան ներկայացած անձին հանդիպել է իր ընկեր և այս գործով վկա անցնող Սերգեյ Ծատուրյանի միջոցով` 2011-ի սեպտեմբերին: Վերջինս ներկայացրել է, թե «Մետալլես» ընկերությունը, որի իրական հիմնադիրներից մեկը հենց Դավիթ Սարգսյանն է, մեծ պլաններ ունի` դեսպանատների կառուցումից մինչև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատում: Նաեւ` որ խոստացել են իրեն, որպես փոխտնօրեն, աշխատանքի ընդունել:
Նույն Ս. Ծատուրյանը Է.Գ-ին հայտնում է, թե «Մետալլես»-ը ժամանակավորապես ֆինանսական խնդիրներ ունի և փոխառություն պետք է վերցնեն: Է.Գ-ն համաձայնում է և մոտ 59 հազար դոլար գումար է տալիս` պայմանով, որ երեք ամսվա ընթացքում պետք է վերադարձնեն թե' մայր գումարը և թե' դրա տոկոսները` ամսական 2 տոկոսով հաշվված:
Փոխառության պայմանագիրը կազմվել է հոկտեմբերին: Տուժողի պատմելով` մինչև տարեվերջ տոկոսադրույքները վճարել են, սակայն դրանից հետո սկսել են խույս տալ: Է.Գ-ն դրանից հետո գումարը հետ ստանալու համար դիմել է գործով մեկ այլ տուժող, այդ ժամանակ «Մետալլես»-ի «դե յուրե» տնօրեն Բ.Ա-ին, ով էլ ասել է, թե` հանգիստ եղիր, Դավիթ Սարգսյանը 60 միլիոն եվրո պետք է տա, և բոլոր պարտքերը փակելու են:
Սակայն այսքանով Է.Գ-ն չի բավարարվում և սկսում է պահանջել գումարն ու ճնշում գործադրել ամբաստանյալի վրա: Այդ ժամանակ էլ Արթուր Սարգսյանը իրեն հայտնում է, թե Դավիթ Սարգսյանը Դալմայի այգիներում 2 գազալցակայանի կառուցման համար տեղ է վերցրել, ու կարող են այդ բիզնեսը երկուսով սկսել: Գրանցում են կազմակերպությունը, և 50 տոկոսի բաժնետերը լինում է Է.Գ-ի կինը, մյուս 50 տոկոսինը` ամբաստանյալի կինը: Համաձայն պայմանավորվածության` ֆինանսական ծախսերը պետք է ապահովեր Է.Գ-ն, թղթաբանությունը անելու էր ամբաստանյալը: Եվ այսպես, որպես ընդհանուր գործում ներդրում, Է. Գ-ն պարբերար գումարներ է տալիս: Երբ զգում է, որ տված գումարների դիմաց արդյունք չկա, սկսում է անհանգստանալ, սակայն մի օր փակ համարից իրեն զանգահարում է հենց Դավիթ Սարգսյանը և ասում. «Չկասկածեք, գործն ընթացքի մեջ է, հարցի լուծումը տալու ենք»: Տուժողը պնդում է, որ իր հետ խոսել է հենց Դավիթ Սարգսյանը, քանի որ նրա ձայնը բազմիցս է լսել հեռուստատեսությամբ և ֆիքսել այն:
Այս հեռախոսազրույցից հետո Արթուր Սարգսյանը նրան կառավարության որոշման պատճեն է տալիս` Դավիթ Սարգսյանի ստորագրությամբ: Այդ որոշման մեջ նշված է լինում, որ հողակտոր է հատկացված, և դրա դիմաց պետք է 40 միլիոն դրամ վճարվի գույքի պետական կառավարման վարչություն: Այս գումարը, ինչպեսև հետագայում ընդհանուր բիզնեսի համար նախատեսված սարքավորումների համար գումարները, տալիս է Է.Գ-ն:
Հարցին, թե ինչո՞ւ է վստահել այդ փաստաթղթին, տուժողը պատասխանեց. «Ես դա սև շուկայից չէի գնել, որ չհավատայի: Դավիթ Սարգսյանի քարտուղարուհին էր տվել իր ամուսնուն, ամուսինն էլ ինձ էր տվել»:
Դավիթ Սարգսյանը ևս երկու անգամ զանգում է տուժողին, հուսադրում, որ ամեն ինչ լավ է լինելու և շնորհակալ լինում, որ աջակցել է Արտյոմին: Իսկ ահա երրորդ զանգից հետո գործը կանգնում է: Եվ տուժողին գործին անձնապես միջամտել ու գործերը ղեկավարել թույլ չեն տվել` մեկ պատճառաբանելով, թե չեն ուզում աղմուկ լինի, մեկ` ընտրություններով, քաղաքական իրավիճակով, և այլն:
Այս տուժողը պնդում է, որ Դավիթ Սարգսյանն ու ամբաստանյալն ամեն ինչ անում էին` իրենց համոզելու համար, որ «քցողները» իրար «հարազատ» են: Նա պատմեց, թե մի անգամ բանկի մոտ կանգնած են եղել, Դավիթը զանգել է Արթուրին, ասել, թե` մենք հիմա վարչապետի հետ գալիս ենք: Վայրկյաններ անց կառավարական ավտոմեքենաներ են անցել այդ մասով, ու մեքենաներից միայն մեկի պատուհանը բաց է եղել, տեսել են Դավիթ Սարգսյանին:
Այս դեպքերից հետո մի անգամ Է.Գ.-ն պատահաբար հանդիպել է Դավիթ Սարգսյանին Մերգելյանի ինստիտուտի մոտակայքում, մոտեցել է, բարևել, սակայն Դավիթ Սարգսյանը ցույց է տվել, թե չի ճանաչում: Տուժողն իր, Արտյոմի, Գայանեի և գործին մասնակից այլ անձանց անուններն է տվել, սակայն Դավիթ Սարգսյանն ասել է, թե չի ճանաչում: «Հետ-հետ գնաց, աչքերը մի տեսակ փայլեցին»,- պատմում է Է.Գ.-ն:
Հենց այդ պահին տուժողը զանգում է ամբաստանյալին և ասում, թե այստեղ Դավիթ Սարգսյանն է իր դիմաց կանգնած և չի ճանաչում ոչ ոքի: Ամբաստնյալը «հրամայում» է հեռախոսը տալ Դավիթին, սակայն Դավիթը հրաժարվում է հեռախոսը վերցնել:
«Հետո Արտյոմն էկավ, բառացի կրկնեց էն, ինչ մենք Դավիթի հետ խոսել ենք ու ասեց, թե ընենց ես խոսացել, մարդուն վախացրել ես: … Բայց ախր հանրապետության 3-րդ մարդն էր, ո՞նց էր վախենում, թող հենց էդ պահին իրավապահ մարմին կանչեր»,- պատմեց տուժողը: Այս դեպքից հետո արդեն կասկածները խորացել են:
Արթուր Սարգսյանի ձերբակալվելուց հետո այս տուժողը նույն տեղում նորից է հանդիպել Դավիթ Սարգսյանին, մոտեցել է, ասել, թե հենց ինքն է փողերը վերցրել, իսկ Դավիթը պատասխանել է, թե կարող են դիմել համապատասխան մարմիններին:
Տուժողներին հատկապես զարմացնում է այն, որ Արթուր Սարգսյանը, հետախուզման մեջ լինելով հանդերձ (խարդախություններ է կատարել դեռևս 2008 թվականից), ինչպե՞ս է այլ անձի անուն-ազգանունով ելումուտ արել կառավարության շենք, հարաբերություններ ունեցել կառավարության աշխատակազմի ղեկավարի, հետագայում ֆինանսների նախարարի հետ:
Հ.Գ. Հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի: ՀՀ Սահմանադրություն, հոդված 21