կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-24 13:44
Տնտեսական

էներգակիրների ինքնարժեքն արտադրանքի արժեքի մեջ, քանի գնա, պակասելու է. էկոնոմիկայի նախարար

էներգակիրների ինքնարժեքն արտադրանքի արժեքի մեջ, քանի գնա, պակասելու է. էկոնոմիկայի նախարար

Տեխնոլոգիական վերազինումն ընթանում է արտադրության զարգացմանը զուգահեռ՝ ընդհանրապես, եւ այդ առումով էներգակիրների ինքնարժեքը, այսպես, թե այնպես, արտադրանքի արժեքի մեջ, քանի գնա, պակասելու է. լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն' անդրադառնալով էներգակիրների թանկացման ազդեցություններին Հայաստանի տնտեսության վրա:

 

Ընդգծելով, որ կառավարությունն այսօր ավելի էներգախնայող ու տեխնոլոգիապես ավելի բարձր արտադրությունների է ձգտում, նախարարը, մասնավորապես, նշեց. «Ե'վ ձգտումը, ե'ւ քաղաքականությունն ուղղված են նրան, որ մտավոր կարողություններն ավելի շատ ավելացված արժեք ստեղծեն Հայաստանի արտադրություններում: Համենայն դեպս, կառավարության քաղաքականությունն ուղղված է դրան, եւ ինովացիոն քաղաքականության, ինովացիոն համակարգի ներդրումն է, որ հասցնելու է ավելի բարձր ինտելեկտուալ կոմպոնենտ ունեցող արտադրանքի ստեղծմանը»:

 

Անդրադառնալով ԵՏՄ-ին անդամակցելու հարցում Հայաստանի վարվող բանակցությունների այն հատվածին, որով Հայաստանը փորձում էր համաձայնություն ձեռք բերել մի շարք ապրանքախմբերում Հայաստանի նկատմամբ բացառություններ կիրառելու հարցում, նախարարը նշեց, որ բանակցություններն ավարտված են, ու հայկական կողմին հաջողվել է 750-800 անուն ապրանքների մասով ստանալ բացառություններ, ու դրանց նկատմամբ կկիրառվի նույն մաքսային քաղաքականությունն, ինչ այսօր է գործում:

 

«Բանակցություններն ավարտված են: Այսօրվա դրությամբ նոր առաջարկներ չկան, ինչ համաձայնեցված է' համաձայնեցված է... Համաձայնեցված է այն ռեժիմով, որը գործում է ներկայումս»,- նշեց Կ. Ճշմարիտյանը: