Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն վեց ամիս է, ինչ խոչընդոտում են ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերում (ՁՊՎ) դիտորդական խմբի գործունեությանը: Սրա հետևանքով դիտորդները չեն կարողանում վերահսկել` ձերբակալված անձի իրավունքները պատշաճ կերպո՞վ են իրացվում, թե՞ խախտումներով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանը նշեց, որ, բացի գրանցամատյաններից, ՁՊՎ-ում կատարվող մյուս գրագրություններն իրենց չեն տրամադրվում: Իսկ վերջերս էլ մարզերից մեկում գտնվող ՁՊՎ-ի հերթապահը հեռախոսազրույց է ունեցել ինչ-որ տեսուչի հետ, ով կոպտորեն ասել է, թե` դրանց ոչ մի փաստաթուղթ չտաք:
Այս խնդրի վերաբերյալ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետի տեղակալ Արայիկ Առաքելյանը նշեց, որ այդ գրագրություններում երևում են ոչ միայն ձերբակալվածի անհատական տվյալները, այլև հարազատական կապերը, մատնադրոշմները, բնական արատները, սպիները, դատվածության մասին տեղեկություններ: Եվ եթե այս դեպքում դիտորդական խմբի անդամն այդ փաստաթղթերին ծանոթանալու համար հենց ձերբակալվածից թույլտվություն ունենա, ապա իրենք ոչ մի խնդիր չունեն, կտրամադրեն դրանք:
Սակայն Հ. Սահակյանը հակադարձեց, որ մինչև վերջին վեց ամիսը որևէ խնդիր չկար այդ գրագրությունները իրենց տրամադրելու հարցում, և անհասկանալի է, թե ինչու է այդ խնդիրն առաջացել հենց վեց ամիս առաջ:
Դիտորդական խմբի անդամները բարձրաձայնեցին նաև այն խնդրի մասին, որ իրենց աշխատանքների վերաբերյալ եզրակացություն տվող փորձագետի ներգրավումը աշխատանքներում չի թույլատրվում ոստիկանության կողմից: Այնինչ` իրենց համար կարևոր է այդ տեսակետը, թե արդյո՞ք ճիշտ ուղղությամբ են աշխատում, թե` ոչ:
Դիտորական խմբի անդամ Արթուր Հարությունյանն ասաց, որ այս դեպքում ամբողջ խնդիրը օրենսդրական դաշտի է հետ է կապված: Բանն այն է, որ ձերբակալվածների պահման վայրերի վերաբերյալ օրենսդրությունը սահմանում է, որ պետք է հասարակության կողմից վերահսկողություն իրականացվի, սակայն այդ վերահսկողության իրականացման կարգը մշակելու իրավունքը տրվում է ոստիկանությանը: Այսինքն` ոստիկանությունն է մշակել կանոններ, թե ինչպես պետք է իրեն վերահսկեն:
Ոստիկանությունը նշում է, թե դիտորդները հնարավորություն ունեն փորձագետին ներագրավել իրենց խմբում, սակայն դիտորդական խմբի անդամները նշում են, որ դա ձևական քայլ է և ոչ նպատակահարմար: Բանն այն է, որ դիտորդական խմբի անդամ դառնում են երեք տարով, և անդամ դառնալու համար այդ անձը առնվազն պետք է բավական շատ ժամանակ ունենա` այդ գործով զբաղվելու համար:
Դիտորդները նշեցին, որ 13 կետից բաղկացած առաջարկություններ են ներկայացրել ոստիկանությանը կանոնադրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ: