կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-09 13:50
Իրավական

Դատարանները շեղվել են արդարադատություն իրականացնելուց. փաստաբան

Դատարանները շեղվել են արդարադատություն իրականացնելուց. փաստաբան

Չորս տարի ձգձգված դատական վեճը, անցնելով երեք ատյաններով, վերջապես ստացավ իր վերջնական լուծումը, բայց արդեն կայացված վճռի դեմ բողոք է ներկայացնում քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Վճռի առարկային Yerkir.am-ն արդեն անդրադարձել է: Հիշեցնենք` երկու քաղաքացի` Նազիկո Պալյանը եւ Սումբատ Մարտիրոսովը,  Երևանի Սեւքարեցի Սաքոյի փողոցում գնել են մեկ սեփական տան երկու մասեր: Որոշ ժամանակ անց Սումբադ Մարտիրոսովը (նրա մահից հետո դատական վեճի ժամանակ պատասխանողներ են եղել նրա զավակաները` Հենրիկ և Ծովիկ Մարտիրոսյանները` որպես իրավահաջորդներ) իրեն պատկանող հողամասի մի մասում երեքհարկանի առանձնատուն է կառուցել: Եվ որպեսզի բակն ավելի մեծ լինի, քաղաքապետարանից մյուս տան իրեն պատկանող հատվածը քանդելու թույլտվություն է ստացել ու անցել գործի: Տան մասնակի քանդումից հետո այն գնահատել են որպես 3-րդ կարգի վթարային շենք:  Նազիկո Պալյանի  անշարժ գույքին պատճառված վնասները դատական կարգով` անցնելով 3 ատյաններ, փոխհատուցվել են:  Սակայն խնդրի լուծումից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել է վերաքննիչ դատարան` նշելով երկու հանգամանք` առաջին`դատական ակտը վերաբերում է նաև քաղաքապետի իրավունքներին և շահերին, երկրորդ` քաղաքապետը դատական վեճի մասին իմացել է վերջերս, և այդ իսկ պատճառով էլ ուշ է բողոք ներկայացրել:

 

Ըստ Նազիկո Պալյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի` վերաքննիչ դատարանը պարտավոր էր հարգել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: «Անգամ ասեմ, որ քաղաքապետը չեկավ դատական նիստին, ինչը նշանակում է, որ քաղաքապետը հրաժարվում է իր բողոքից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: «Մենք արդեն բողոք ենք ներկայացրել, որպեսզի գործը վարող դատավորների լիազորությունները դադարեցվեն: Դա գուցե զսպաշապիկ կլինի մյուս դատավորների համար: Բացի այդ` մենք դատարան ենք ներկայացրել Երևանի քաղաքապետի կողմից ստորագրված և կնքված մի քանի փաստաթղթեր, որոնցով հաստատվում է, որ հենց քաղաքապետն է հաստատել, որ իրենց շահերը չեն շոշափվում այս վեճի ընթացքում»,- ասաց Հայրապետյանը:

 

Ըստ նրա` այսօր դատական համակարգում անհասկանալի իրավիճակ է տիրում, դատարանները շեղվել են արդարադատություն իրականացնելուց:

 

Իսկ Նազիկո Պալյանն ասաց, որ խնդրի լուծման համար դիմելու են հանրապետության նախագահին, դեսպանատներին, մարդու իրավունքների Եվրոպական դատարան: