կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-24 13:43
Քաղաքական

ԿԸՀ-ն փորձել է զերծ պահել «Անկախ դիտորդ» նախաձեռնությանը լռության օրը հակաքարոզչություն իրականացնելուց

ԿԸՀ-ն փորձել է զերծ պահել «Անկախ դիտորդ» նախաձեռնությանը լռության օրը հակաքարոզչություն իրականացնելուց

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ քարոզարշավի լռության օրը «Անկախ դիտորդներ» կազմակերպության մամուլի ասուլիսին:

«Մամուլի ասուլիսի վերաբերյալ տեղեկատվությունը սկսվելուց հաշված րոպեներ առաջ տեղադրվել էր նաև էլեկտրոնային հարթակում, որի մասին մենք անմիջապես տեղեկացանք և մինչև սկսվելը փորձեցինք կապ հաստատել նրանց հետ ընդամենը մեկ բանի համար` հորդորելու, որ պետք է հիշել` ընտրության նախորդ օրվա հետ կապված քարոզչության արգելքի սկզբունքի մասին և այդ ասուլիսի ժամանակ զերծ մնալ որոշակի հայտարարություններից, որոնք կարող են որակվել որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն: Ես փորձեցի կապվել ասուլիս հրավիրողներից, մասնավորապես, Դանիել Իոաննիսյանի հետ: Ցավոք, այդ պահին երբ զանգեցինք, ասուլիսը մեկնարկեց, և զրույց տեղի չունեցավ»,- հայտնեց Մուկուչյանը:

Նա նշեց, որ ասուլիսի ժամանակ հնչել են որոշ գնահատականներ, որոնց մասին հիմա ձեռնպահ կմնա տեսակետ հայտնելուց:

«Մեր մոտեցումը հետևյալն էր` պետք է հրավիրվեր վարույթ, բայց քանի որ արարքն արդեն ավարտված էր, իսկ վարույթի հրավիրումը կարող էր դառնալ հարթակ, որտեղ կողմերը պետք է գային և ներկայացնեին տեսակետներ, ուստի կստացվեր, որ մենք, կոչ անելով զերծ մնալ լռության օրը քարոզչություն իրականացնելուց, ինքներս կդառնայինք հարթակ, որտեղ ուղղակիորեն այդ ամբողջ պրոցեսը կվերածվեր քարոզչության կամ հակաքարոզչության»,- պարզաբանեց ԿԸՀ նախագահը:

Նա հավելեց, որ կողմերը կարող են դիմել վարչական դատարան: