կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-19 13:10
Քաղաքական

90-91 թվականներին շատ լավ ընտրություններ ենք ունեցել, բայց դրանից հետո երկիրը շեղվել է. Արմեն Ռուստամյան

90-91 թվականներին շատ լավ ընտրություններ ենք ունեցել, բայց դրանից հետո երկիրը շեղվել է. Արմեն Ռուստամյան

Ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան պաթոսի մթնոլորտում, իսկ այդ պաթոսն արդեն բավականին լուրջ հնարավորություններ ու առավելություններ է տալիս մեկ քաղաքական ուժի. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ըստ պատգամավորի` այդ պաթոսի ֆոնին չեն լինի ընտրակեղծիքներ, իշխանությունը չի փորձի այլ ճանապարհներով ձայներ հավաքել, որովհետև դրա կարիքը չկա, սակայն ըստ նրա, դա ամենևին էլ չի նշանակում, որ ընտրությունները կլինեն ժողովրդավարական:

«Այս ընտրությունները չեն լինելու գնահատելու հիմնական միջոց`  արդյո՞ք Հայաստանում հաստատվեց ժողովրդավարական ընտրությունների անցկացման ավանդույթ, թե՞ ոչ: Երկրում միշտ էլ եղել են շատ լավ ընտրություններ, որոնք բոլորի կողմից էլ ընդունված են եղել, բայց դա չի բերել ժողովդրավարության հաստատման: Մենք 90-91 թվականներին շատ լավ ընտրություններ ենք ունեցել, բայց դրանից հետո երկիրը շեղվել է,  և մենք շատ երկար ժամանակ` մինչև հիմա, այդ խնդիրն ունենք և չենք կարողանում վերագտնել ժողովրդավարական ընտրությունների բնականոն ընթացքը»,- ասաց նա:

Ռուստամյանն ընդգծեց, որ մյուս ընտրություններն արդեն ցույց կտան, թե այն պայմաններում, երբ իշխող ուժն իշխանությունը կորցնելու վտանգ ունի, նորմալ ժողովրդավար ընտրություններ կանցկացվե՞ն, թե՞ ոչ:  «Հիմա դրա կարիքը չկա, բայց դա չի նշանակում, որ մենք ունենք անշրջելի ժողովրդավարական ընտրությունների անցկացման ընթացք: Արդեն իսկ որոշակի անհավասար պայմաններ կան` պաթոսի պայմաններում են տեղի ունենում ընտրությունները, բայց այլ ձևի միջամտություն չեմ տեսնում, չեմ էլ կարծում, որ այդպիսի բան տեղի կունենա: Ես չեմ ուզում թերագնահատել իշխանություններին: Նրանք ամեն ինչ անելու են, որ լավը լինեն ընտրությունները, որովհետև սա փորձություն է իշխանությունների համար, սա հիմք է տալիս ասելու, որ այս ընտրությունները, նախորդների համեմատ, որակյալ կլինեն»,- ասաց նա: