Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Բանանց»-ը Երևանում մրցեց Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ի հետ:
Հայտնի է, որ առաջին խաղում «Բանանց»-ը խայտառակ ելույթ էր ունեցել` նվազագույն հաշվով պարտվելով մի թիմի, որի կազմում չկան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ` խաղացողները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, օրինակ` ֆուտբոլիստներից մեկը այգեպան է, մյուսը` մանկապատանեկան ֆուտբոլի դպրոցի մարզիչ:
Հաջորդ փուլ դուրս գալու համար «Բանանց»-ին պատասխան խաղում անհրաժեշտ էր հաղթել 2 գնդակի առավելությամբ: Հանդիպման 19-րդ րոպեին «Սանտա Կոլոմա»-ի հարձակվող Ինդելսոն Լիման մոտ 40 մետր հեռավորությունից հարված կատարեց, որից հետո թվաց, թե դարպասապահ Արթուր Թորոյանը փրկել է իրավիճակը, սակայն, ըստ մրցավարի, գնդակը հատել էր դարպասային գիծը՝ 1:0:
5 րոպե անց մրցակիցը կարող էր նաև կրկնապատկել հաշիվը, սակայն այս անգամ «Բանանց»-ին օգնության հասավ դարպասաձողը: 28-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը հավասարեցրեց հաշիվը: 2-րդ խաղակեսը սկսվելուն պես Հոռնյակի սաները 2-րդ գնդակն ուղարկեցին մրցակցի դարպասը, իսկ 55-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը հաշիվը դարձրեց 3:1, ինչից հետո թվաց, թե «Բանանց»-ն արդեն լուծել է հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հարցերը:
Սակայն այն, ինչ կատարվեց խաղի վերջին վայրկյաններին, ողբերգական էր «Բանանց»-ի համար… Ողբերգական՝ «Բանանց»-ի համար, և խայտառակություն` հայկական ֆուտբոլի համար…
Ստանալով անկյունային հարվածի իրավունք` «Սանտա Կոլոմա»-ի դարպասապահը գրավեց Թորոյանի դարպասը, եւ անդորրական ակումբը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ հաջորդ փուլ, ինչին կարծես չէին էլ հավատում հենց մրցակցի խաղացողներն ու մարզիչները:
Եվ այպես` հայկական ակումբները շարունակում են նսեմացնել հայկական ֆուտբոլի պատիվը: Եվրագավաթների մրցաշարերը մեզ համար ավարտվում են` դեռ չսկսված: Արդեն սովորական երևույթ է, ինչպես ասաց ավագ գործընկերներիցս մեկը, պետք չէ զարմանալ պարտություններից, հաղթանակներն են զարմանալի: Ազգային առաջությունում հանդես եկող թիմերը խայտառակ ելույթներ են ունենում սիրողական մակարդակի թիմերի հետ, այսքանից հետո էլ ի՞նչ պահանջենք ազգային հավաքականից:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ