Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզվում է, արդեն շուրջ 11 000 արցախցիներ լքել են Հայաստանը, դառնալով կրկնակի փախստականներ։ Եվ ամենասարսափելին այն է, որ եթե առաջին փախուստը պատմական հայրենիք Արցախից, պայմանավորված էր Ադրբեջանի ագրեսիայով, ապա երկրորդը՝ Հայաստանի իշխանության ոչ թե անգործության կամ անկարողության պատճառով, այլ նպատակաուղղված գործողություններով։
Սպասելի՞ էր․․․Վստահաբար ասում եմ՝ այո՛։ Մի պահ ընդունենք, որ Արցախի ողբերգության հետ Հայաստանի իշխանությունները ոչ միայն կապ չունեն, այլ ամեն ջանք գործադրել են պաշտպանելու համար մեր հայրենակիցներին։ Այդ դեպքում, պետական ողջ բյուջեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները կուղղվեին դեպի արցախցիները, նրանց կացարաններով և այլ ամեն անհրաժեշտ պարագաներով ապահովելու համար։ Արցախցիներին կտրամադրվեր ողջ ազատ բնակարանային ֆոնդը, չբավարարելու դեպքում՝ հյուրանոցներն ու հանգստյան տները։ Նրանց կտրամադրվեր ոչ թե, այսպես կոչված, կենսական նվազագույն զամբյուղին, այլ արժանապատիվ կյանք վարելուն համապատասխան գումար։ Արցախցիները պետք է որևէ ֆինանսական, կենցաղային, կրթական, աշխատանքային խնդիրներ չունենային, ամենուր և ամեն վայրկյան զգային իրենց նկատմամբ ամենաջերմ և հոգատար վերաբերմունքը, ինչպես պետական կառույցների, այնպես էլ Հայաստանի բնակչության կողմից։
Իսկ ինչ եղավ իրականում։ Արցախցիներին ընտանիքներով տեղավորել են լքված, կիսավեր շենքերում, առանց տարրական կենցաղային պայմանների, դպրոցների մարզադահլիճներում, որպես բնակարանային վարձ տրվում է չնչին գումար, որով նույնիսկ մեկ սենյականոց չես կարող վարձել։ Չնչին գումարը ստանալու, ուսումը շարունակելու և աշխատանք ունենալու համար, արցախցիներին ստիպում են հրաժարվել Արցախի քաղաքացիությունից․․․Ի՞նչ ասես։
Այս ամենը ոչ միայն աբսուրդի ժանրից է, այլ մեր ժողովրդի, Հայաստան կոչված պետության խայտառակությունը։ Այս ամենը դեռ բավարար չի՝ արցախցի անչափահաս փախստականը հայտվում է բանտում։
Ի՞նչ դնես այս ամենի անունը, միայն մեկ բառ՝ դա-վա-ճա-նու-թյուն։ Սա հայրենի Արցախի նկատմամբ դավաճանության տրամաբանական ավարտն է, որ սկսվեց 2018թ․, հետևողականորեն շարունակվեց և գագաթնակետին հասավ 2020թ․, ապա նորից շարունակվեց՝ 2022թ․ Հայաստանի վարչապետ կոչեցյալի կողմից ուրանալով Արցախը, ապա այս տարի՝ հայաթափելով Արցախը։ Բայց այս ամենով, վարչապետ կոչեցյալը չի բավարարվում։ Նա հետևողականորեն շարունակում է իր հակաարցախյան քաղաքականությունը, վերջնականապես ազատվելու համար ինչպես Արցախից, այնպես էլ արցախցիներից։ Պարտավորություն վերցնելով, հանձնել Արցախը, թշնամական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված վարչապետ կոչեցյալն իր նպատակին հասնելու համար, ինքն իր մեջ, նաև հստակ քարոզչական աշխատանքով, ժողովրդի մի զգալի հատվածում ատելություն սերմանեց արցախցիների հանդեպ․ «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից», 2008թ ։ Այլ բացատրություն, համոզված եմ՝ գոյություն չունի։ Այսպիսով, Հայաստանի իշխանությունը, հանձին վարչապետ կոչեցյալի, իր նպատակաուղղված գործունեությամբ, խրախուսում է Հայաստանից արցախցիների հեռացումը։
Լավ, սա Հայաստանի իշխանությունը, որն ամբողջովին ենթարկվում է Արցախն ու արցախցիներին ատող վարչապետ կոչեցյալին։ Բա մե՞նք, Հայաստանի հասարակությունը, ժողովուրդը։ Արդյոք, գոնե մենք գրկաբաց ընդունեցի՞նք մեր փախստական դարձած, տառապած հայրենակիցներին։ Կասկածում եմ․․․ Միայն այն փաստը, որ տեսնելով այս ամենը, մենք ոչ միայն չենք ապստամբում, այլև մեր մեծամասնությունը լռում է, ինչ իմանաս, գուցե և ներքուստ ուրախ է, շատ բաների մասին է ասում։ Հիշում եմ․ 2020թ․խայտառակ պարտությունից հետո, ինչ ստահոդ լուրեր էին տարածվում արցախցիների մասին, ինչպես օրինակ․ «Ասում են ղարաբաղցիները չեն կռվել, ճի՞շտ է․․․»։
Վախենամ, փախստական դարձած արցախցիներն իրենց չզգալով հայրենիքում, համարյա բոլորը հեռանան։ Հիշենք, թե անցյալում ինչպես ենք ընդունել մեր փախստական կամ հայրենադարձ քույրերին և եղբայրներին։ 1915թ, ցեղասպանությունից մազապուրծ եղած արևմտահայերին անվանեցինք «կեղտոտ գաղթականներ», 1946-48թթ․ հայրենադարձներին՝ «ախպարներ», նրանց անվերջ ծաղրելով, 1988-90թթ․ Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերից փրկվածներին՝ «թուրքեր»։ Այսպիսի դաժան վերաբերմունքի արժանանալով, վերոնշյալներից շատերն իրենց չզգացին իրենց հայրենիքում ու հարմար առիթի դեպքում ,հեռացան։
Հայաստանում որքան ընտանիքներ կան, որ ոչ միայն բարեկեցիկ են ապրում, այլ մեկից ավելի բնակարանների, ամառանոցների սեփականատեր են։ Նրանցից քանի՞սն են իրենց ազատ բնակարանները, կամ ամառանոցը տրամադրել արցախցի փախստականներին։
Սուտ է, թե հայերը հյուրասեր ժողովուրդ են։ Հյուրասեր ժողովուրդն, առաջին հերթին կարեկցանքով ու սիրով կվերաբերվեր իր տառապյալ հայրենակիցների նկատմամբ։ Այդ կարծեցյալ հյուրասիրության անվան տակ, մենք օտարին ենք հաճոյանում, կեղծ ժպիտով, մտածելով միայն անձնական շահի մասին։ Այսօր էլ, համոզված եմ, որ շատերն օգտվում են արցախցիների ցավից, թանկացնելով բնակարանների վարձերը։
Ինչևէ, իշխանությունն իր հակազգային քաղաքականությամբ ձգտում է ազատվել արցախցիներից, այն է՝ լրացուցիչ հոգսերից և ծախսերից և ինչպես 2020թ․, պատերազմի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքված միլիոնները վայելեցին, այնպես էլ ախորժակով կվայելեն տարբեր երկրների կողմից փախստական արցախցիներին տրամադրված միլիոնները։ Իսկ ժողովու՞րդը․․․կշարունակի իր առօրյան, մինչև․․․մինչև իրենք էլ դառնան փախստականներ։
Ավետիք Իշխանյան