Այսօր՝ հունիսի 2-ին, Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել Աբխազիա-Չամերիա ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվել է Աբխազիայի հաղթանակով:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախքան խաղի մեկնարկը՝ հայրենասիրական երգերով ու պարերով հանդես է եկել «Տնջրե» ավանդական երգի պարի համույթը:Մեզ հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանն ասել է, որ Ասկերանն առաջին անգամ է հյուրընկալում արտերկրից ժամանած մարզիկների այսպիսի լայն զանգված:
«Անցկացնելով մրցաշարը մեր հանրապետությունում՝ վստահ ենք, որ այն կնպաստի տարբեր երկրների հետ բարեկամական կապերի ամրապնդմանը և խթան կհանդիսանա ֆուտբոլի և զբոսաշրջության զարգացման համար: Այն դրական ազդեցություն կունենա Արցախի սոցիալ տնտեսական կյանքի զարգացման, մարզամշակութային կապերի ընդլայնման և միջազգային ճանաչման վրա: Բոլոր թիմերին մաղթում եմ ոգևորիչ խաղ և ազնիվ մրցակցություն»,-ասել է նա:
Ֆուտբոլային հանդիպումը մեկնարկել է Աբխազիայի և Չամերիայի հավաքականների պետական օրհներգերի հնչեցմամբ:
Խաղի ընթացքում առաջին գոլը 27-րդ րոպեում խփել է Չամերիայի հավաքականը, այնուհետև 47, 48 և 72-րդ րոպեներում խփած գոլերով Աբխազիան 1-3 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպմանը ներկա Աբխազիայի հերոս, հայ համայնքի ներկայացուցիչ Գալուստ Տրապիզոնյանն ասել է, որ Արցախում առաջին անգամ է և տպավորված է նրա հյուրընկալությամբ ու կազմակերպվածությամբ: Նա նշել է նաև, որ ոգևորված է թիմի հաղթական ու հաջողակ մեկնարկային խաղով:Չամերիայի թիմի դարպասապահ Էդմոնդ Հոխհան էլ ասել է, որ խաղը բավականին հետաքրքիր անցավ և պարտությունը չի հուսահատեցնում նրանց թիմին:Նա նաև նշել է, որ տպավորված է Արցախի ժողովրդի հյուրընկալությամբ ու բարությամբ:Հանդիպմանը ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այրեր, ֆուտբոլասերներ: