կարևոր
6343 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-16 13:59
Հասարակություն

Սա ուղղակի խայտառակություն է և ադրբեջանական օրակարգի բառացի կրկնություն. ադրեջանագետը՝ Միշելի հայտարարության մասին

Սա ուղղակի խայտառակություն է և ադրբեջանական օրակարգի բառացի կրկնություն. ադրեջանագետը՝ Միշելի հայտարարության մասին

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Փաշինյան–Շառլ Միշել–Ալիև եռակողմ հանդիպումից հետո  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ:

Այդտեղ առանձնակի խնդրահարույց է հայտարարության չորրորդ կետը, որտեղ փաստացի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը համարվում է զուտ հումանիտար խնդիր:

Հայտարարության այդ հատվածում մեջ նշված է. «Մենք քննարկել ենք Ղարաբաղի հայ բնակչության վիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ներկայիս իրավիճակն ակնհայտորեն անկայուն է և չի բխում որևէ մեկի շահերից: Մենք քննարկել ենք նաև հնարավոր կոնկրետ քայլերը, որոնք կօգնեն իրավիճակը վերադարձնել բնականոն հուն:

Ես ընդգծել եմ դեպի Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու վերաբերյալ։ Ես երկու տարբերակներն էլ տեսնում եմ որպես կարևոր և խրախուսում եմ երկու կողմերի մարդասիրական մատակարարումները՝ բնակչության կարիքները բավարարելու համար: Ես նաև ողջունեցի ԿԽՄԿ-ի բժշկական տարհանման վերսկսումը»:

Փաստորեն, մարդու իրավունքների ջատագով համարվող ԵՄ–ի համար խնդիրը բնականոն հուն կարող է վերադառնալ, եթե Աղդամից ուտելիք տան Արցախում ապրող հայերին:  Սա ուղղակի խայտառակություն է և ադրբեջանական օրակարգի բառացի կրկնություն: Ոչ մի խոսք Արցախում ստեղծված աղետի, Ալիևի ռազմատենչ հռետորաբանության ու ագրեսիվ քայլերի մասին: Այսպես վարվում է Ադրբեջանին «հուսալի գործընկեր» համարող ԵՄ–ն: ԵՄ հարթակը ամենաանհաջողն է բոլոր բանակցային հարթակներից: Թե՛ իրենց շահերի առումով և թե՛ բանակցային գործընթացի ու խնդրի էության մասին գիտելիքների բացակայության առումով այս հարթակը խնդրահարույց է: Այս հանդիպումներից հետո մենք, ցավոք, էսկալացիայի մեծ ռիսկ ենք ունենում: Ինչու՞: Որովհետև ագրեսիվ ու ռազմատենչ Ադրբեջանի համար ԵՄ–ի կողմից նման ձևակերպումների օգտագործումը ուղղակի կանաչ լույս է համարվում...Կան խնդրահարույց այլ կետեր ևս, օրինակ՝ Բաքու–Ստեփանակերտ երկխոսության մասին խոսելիս որևէ բառ չկա միջազգային մեխանիզմների մասին:

Դե Փաշինյանի կողմից վարվող խայտառակ բանակցությունների մասին ասելիք չկա...փաստացի մեր երկրի շահերը ներկայացնող չկա այս բանակցություններում»։