Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-07-07 17:51
Իրավական

Խոշտանգված Գրիշա Վիրաբյանը` ոստիկանապետին. «Եթե ուզում է իմ աչքերին նայի, համոզի, որ ինձ չի խոշտանգել, ես խոստանում եմ գալ…»

Խոշտանգված Գրիշա Վիրաբյանը` ոստիկանապետին. «Եթե ուզում է իմ աչքերին նայի, համոզի, որ ինձ չի խոշտանգել, ես խոստանում եմ գալ…»

Բելգիայում քաղաքական ապաստան ստացած ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանի` ոստիկանությունում խոշտանգումների ենթարկվելու վերաբերյալ գործն այսօր քննվելու էր վերաքննիչ դատարանում: Սակայն ավելի ուշ տեղեկացանք, որ նիստը հետաձգվել է մինչև այս ամսվա 18-ը:

 

Yerkir.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ թեև առաջին ատյանում դատախազը կողմ էր արտահայտվել Վիրաբյանի ներկայացուցիչների պահանջը բավարարելուն, սակայն, այնուամենայնիվ, դատական ակտը բողոքարկել էր:

 

Այս հարցի վերաբերյալ զրուցեցինք ներկայումս Բրյուսելում ապրող Գրիշա Վիրաբյանի հետ: Նա նշեց, որ Եվրադատարանի վճռի կատարման ձգձգումը կատարվում է «վերևներում կայացված քաղաքական որոշման» հետևանքով:

 

«Զարմանալին այն է, որ Եվրադատարանի վճռից հետո ժամանակ էր տրված, որ Հայաստանը բողոքարկի այն, բայց չբողոքարկեց, գումարը վճարեցին: Հետո առաջին նիստին դատախազը կողմ է լինում, իսկ հետո բողոքարկում է դատարանի որոշումը: Սա ի՞նչ է նշանակում, որ նրանք դատարանի որոշումից հետո փաստի առաջ են կանգնել և փորձում են խուսափել դրանից, գործը ձգձգել, նորմալ չանել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գ. Վիրաբյանը:

 

Վիրաբյանին խոշտանգումների ենթարկելու գործով նոր նախաքննությունը ենթադրում է, որ քննությունից դուրս չի մնալու նաև Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով, Վիրաբյանի պնդմամբ, իրեն խոշտանգողներից մեկն է եղել:

 

Հիշեցնենք, որ 2004 թվականին Գ. Վիրաբյանը` որպես ՀԺԿ անդամ և Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ, մասնակցել է ցույցերի, ինչի պատճառով նրան ապրիլի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժին են կանչել: Այստեղ նրան խոշտանգել են, փորձել ինչ-որ ցուցմունքներ կորզել, ինչի հետևանքով նրան առողջական լուրջ վնաս է հասցվել` հեռացվել է օրգաններից մեկը:  

Սակայն, ի պատասխան Վիրաբյանի այս պնդումների, Աշոտ Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում հերքել էր ամենը ու ասել. «Եթե Գ. Վիրաբյանը գա, իմ աչքերին նայի ու հիշի մեր առերեսումը, եթե կասի, թե այդպես է ու պնդի»: Իսկ Վիրաբյանը պատրաստ է նայել ոստիկանապետի աչքերին ու պնդել իր ցուցմունքները:

 

«Եթե ուզում է իմ աչքերին նայի, համոզի, որ ինձ չի խփել, չի խոշտանգել, ես խոստանում եմ գալ Վրաստան երկու ամսվա ընթացքում, թող ասի օր, ժամ, երբ է իրեն հարմար: Ես 2000 կմ գալիս եմ, թող մի 200 կմ էլ ինքը գա»,- ասաց Վիրաբյանը, նաև նշեց, որ երբ ցուցմունքներ է տալիս եղել, չի իմացել, որ Աշոտ Կարապետյանը մի օր Երևանի ոստիկանապետ է նշանակվելու:

 

«Ես էն ժամանակ ուրիշ անուններ էլ եմ տվել: Ով ոնց իրեն պահել է, ես գրել եմ: Գիտեի` եթե մի տեղ ստեմ, ինձ ոչ ոք չի հավատա: Ես ոչ մի գաղտնիք չեմ պահել, մանավանդ, որ ես էդ ժամանակ դաշնակիցներ էլ չունեի` ընդդիմությունը մի կողմ էր քաշվել, ու ես մենակ էի: Կոլեկտիվ հանցագործություն էր կատարվել, բայց կոնկրետ մարդիկ են խփել, որոնց խփելուց հետո ես ինձ վատ եմ զգացել»,- պատմեց Գրիշա Վիրաբյանը:

Նշենք, որ 2012 թվականի հոկտեմբերի 2-ին Եվրադատարանի կողմից ընդունված վճռով հաստատվել է Գ. Վիրաբյանի հանդեպ խոշտանգումներ կատարելու, ինչպեսև նրա անմեղության կանխավարկածի ու արդար դատաքննության իրավունքների խախտումը և որոշվել գործն ուղարկել վերաքննությանՀՀ-ին պարտավորեցրել են Գ. Վիրաբյանին 31 հազար եվրոյի փոխահատուցում տալդատական ծախսերի և խախտված իրավունքների համար, ինչպեսև վերացնել իրավունքի խախտումը` ներպետական օրենսդրության համապատասխան: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Վիրաբյանի գործով նոր նախաքննություն կատարելու մասին պահանջը:

 

Հ.Գ. Գրիշա Վիրաբյանը մեզ հետ զրույցում անդրադաձավ նաև վերջերս Բելգիայում իր դեմ առաջադրված մեղադրանքին` սպանություն փորձ կատարելուն, որի համար 6 ամիս բելգիական բանտում կալանքի տակ է եղել: Նա նշեց, որ օրեր առաջ հանդիպել է փաստաբանին և իմացել, որ դատարանն իրեն լիովին արդարացրել է: