կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-07 20:17
Հասարակություն

Բնական է, որ կա անվստահություն. կառավարությունը թող մարդկանց հետ ազնիվ խոսի եւ համոզի, որ պատվաստվելն է ճիշտը. Զոհրաբյան

Բնական է, որ կա անվստահություն. կառավարությունը թող մարդկանց հետ ազնիվ խոսի եւ համոզի, որ պատվաստվելն է ճիշտը. Զոհրաբյան

Վստահ եմ՝ կառավարության նիստում շատ բան մանիպուլացվեց, քանի որ մենք պարտադրանքին ենք դեմ, ինչի առնչությամբ մեր փաստարկներն ենք ներկայացնում: Այս մասին Հանրապետության հրապարակում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց պարտադիր պատվաստման դեմ հանդես եկող «Ազատ կամք» նախաձեռնության ղեկավար Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում վարչապետի այն հայտարարություններին, որ պատվաստման վերաբերյալ կեղծ տեղեկություններ շրջանառողներով պետք է իրավապահները զբաղվեն:

«Ցավալի է, որ վարչապետը սպառնում է հանրությանը, օգտագործում է «ձերբակալեք», «կալանավորեք» եզրույթները, ինչի իրավասությունը նա չունի: Դա նաեւ հաղորդագրություն է քաղաքացիներին՝ առանց այդ էլ վիրուսից եւ պատերազմից հանրությունը վախեցած է, հիմա էլ վարչապետն է վախեցնում: Մեր ասածը մեկն է՝ ժողովրդի հետ ազնիվ խոսեք, պատմեք, համոզեք, բացատրեք, որ պատվաստվելն ավելի լավ է: Վարչական լծակներով են փորձում գործընթացն առաջ տանել: Վիրուսը նոր է՝ դեռ 2 տարեկան չկա, պատվաստանյութերը մեկ տարվա պատմություն ունեն, իսկ դրանք փորձարկումների երկար փուլ են անցնում: Հաշվի առնելով սա՝ մենք չգիտենք պատվաստանյութի հետագա հետեւանքները ոչ մոտակա եւ ոչ էլ հեռավոր ապագայում, եւ բնական է, որ մարդիկ զգուշացնում են: Ավելին՝ լավագույն բժիշկներն այս հարցում բազմաթիվ խնդիրներ են մատնանշում, օրինակ՝ ինչու մարդը պետք է պատվաստվի, եթե տարել է հիվանդությունն ու բնական իմունիտետ է ձեռք բերել, որեւէ պատվաստանյութ բնական իմունիտետից ավելի արդյունավետ չի կարող լինել:

Պետական մարմիններն անպատասխանատու վերաբերմունք են ցույց տալիս՝ ստիպեցինք մարդկանց, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը ՊՇՌ հետազոտություն անցնեն, շատերը գնացին, վճարեին, կատարեցին դա, պարզվեց՝ անիմաստ է, այն էլ մեր նախաձեռնությունը բացատրեց, որ դրա իրավունքը չունեք, երկրորդ, որ հոկտեմբերի 1-ից 14 օրը մեկը դա չի նշանակում, որ հենց հոկտեմբերի 1-ին է պետք՝ այդ 14 օրը պետք է անցնի, որ այդ 1-ը գա, պարզ տրամաբանություն է: Շատ քաղաքացիներ ինձ նամակներ են գրում, դիմում, որ վճարել են հետազոտության դիմաց, եւ իրենց գումարներն են պահանջում, փոխհատուցում են ուզում»,- նշեց Զոհրաբյանը:

Անդրադառնալով իշխանության այն հակափաստարկին, որ հանրության մեծ մասը վստահում է կառավարությանը՝ ելնելով խորհրդարանական ընտրություններում ստացած ձայների քանակից, եւ որ պատվաստվելու հարցում իշխանությանը չվստահելու խնդիր չկա, Զոհրաբյանը հակադարձում է՝ իրեն վստահող քաղաքացիների հետ իշխանությունը հարգանքով եւ մարդավարի պետք է խոսի:

«Երբ այդ ժողովրդին ստիպում ես, մուրճի քաղաքականություն գործադրում, դա վստահության մասին չի խոսում, ի՞նչ է, ժողովուրդն անհասկացո՞ղ է, որ հարկադրվում է: Եթե ժողովուրդն իրենց վստահում է, ապա կառավարությունն առավել պատշաճ վերաբերմունք պետք է ցույց տա»,- նկատեց Զոհրաբյանը:

Նրա համոզմամբ՝ վարչապետը ձերբակալելու եւ կալանավորելու հրամաններ իրավապահներին տալու լիազորություն չունի. այդ գործառույթը հետաքննության եւ նախաքննության մարմիններին է պատկանում, իսկ վարչապետը դատավարական վերադասություն չունի, կալանավորման լիազորությունն էլ միայն դատարաններին է վերապահված: