կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-02 14:33
Իրավական

Խոշտանգված և Հայաստանին հաղթած Գրիշա Վիրաբյանը վեց ամիս բելգիական բանտում է եղել` մահափորձ կատարելու մեղադրանքով

Խոշտանգված և Հայաստանին հաղթած Գրիշա Վիրաբյանը վեց ամիս բելգիական բանտում է եղել` մահափորձ կատարելու մեղադրանքով

Հայաստանում խոշտանգված և Եվրադատարանում ՀՀ-ի դեմ հաղթանակ տարած Գրիշա Վիրաբյանը բելգիական բանտում վեց ամիս կալանքի տակ է եղել: Նրան մեղադրանք է առաջադրված եղել ոմն Արմեն Ալաջանյանի դեմ մահափորձ կատարելու համար:

 

-Պարո'ն Վիրաբյան, կպատմե՞ք` դեպքն ինչպես է եղել, ինչպես եք բանտում հայտնվել:

-Այս մարդը վատ անձնավորություն է` գող, հանցագործ, կրիմինալ: Պատահական ենք ծանոթացել: Հետո ինքն իմ բնակարանից գողություն կատարեց, իմ հեռախոսը գողացավ: Նրա ընկերներին էի զգուշացրել, որ  վերադարձնի: Չվերադարձրեց, խաբեց: Ես նրան ծեծել եմ, իրոք, ծեծել եմ: Դա եղել է հոկտեմբերի 4-ին:

 

Դրանից հետո ես նրան կանչել էի իմ տուն, որ իմանայի, թե հեռախոսս երբ էր բերելու: Մի ծանոթ հայ տղա էլ կար, նրանք ընդհարվեցին: Դրանից հետո երեկոյան ժամը 8-ին դուրս եկավ ու երկու ժամ հետո գնացել է հիվանդանոց, ասել, որ  իրեն դանակահարել են: Էդպիսի բան չկա: Բժիշկն էլ եզրակացություն տվեց, որ նա հոգեկան խնդիրներ ունի և ի վիճակի է  ինքն իրեն սպանել:

 

Նա ամենահարազատ մարդուն էլ պատրաստ է ծախել` քաղաքացիություն ստանալու համար: Փորձում էր դեպքը քաղաքականացնել, որ դիմեր կոմիսարիատ և քաղաքական ապաստան ստանար: Իր ցուցմունքում գրել էր, որ ես Հայաստանի իշխանությունների պատվերն եմ կատարում, ինքն ընդդիմադիր քաղաքական գործիչ է, վտանգ է ներկայացնում Հայաստանի իշխանությունների համար, դե նրանք էլ պատվիրել են ինձ, որ  սպանեմ իրեն: Պատկերացնո՞ւմ եք:

 

-Այդ դանակահարության դեպքը ե՞րբ է եղել, և ե՞րբ են Ձեզ ձերբակալել:

-Դեպքը եղել է նոյեմբերի 6-ին, քսան օր հետո ինձ ձերբակալել են` նոյեմբերի 26-ին:

 

-Իսկ ո՞վ է այդ մարդը, Հայաստանում ինչո՞վ է զբաղվել:

-Ինքն ասում է, որ «Շանթ» ՀԸ-ում սերիալների նկարահանող-օպերատոր է  եղել, Արարատի Սուրենավան գյուղից է: Նրա նմաններն այստեղ հարցազրույցներ են տալիս, ներկայանում որպես ընդդիմադիր, այդ հարցազրույցները հանձնում կոմիսարիատ, որ ապաստան ստանան:


Մի անգամ «Առաջին լրատվական»-ից Մարիամ Գրիգորյանը հարցազրույց էր անում ինձ հետ`կապված վիզաների պարզեցված ռեժիմի հետ, դրա հետ կապված  հարցրեց է, թե ուրիշ ի՞նչ հայեր կան, ես տվեցի նրա համարը: Դրանից հետո Մարիամին անընդհատ խնդրել է, որ հարցազրույց տա: Իսկ դրանից հետո «Հրապարակ»-ում Լուսինե Շահվերդյանի միջոցով հոդված է տպում, որ ես այստեղ իբր հարցեր եմ լուծում, պատժում են նրանց, ովքեր իմ թրի տակով չեն անցնում: Հիմարություն մի հատ: Իսկ նա հանձնում է կոմիսարիատ այդ թերթը, որն իմ դեմ գործեց, ոնց որ գործ տվող թերթ լիներ: Հակառակը` ես էստեղ բոլոր հայերին օգնել եմ:

 

-Օգնե՞լ եք քաղաքական ապաստան ստանալու հարցում:

-Չէ, իրեն չեմ օգնել: Բացի նրանից, կան այլ մարդիկ, ովքեր ինձ խնդրում են, թե գրի, որ իբր իրենք ընդդիմադիր են, եթե գնան Հայաստան, կհալածվեն, ես էլ ասում եմ` չեմ գրի, որովհետև գողությամբ են զբաղվում: Էն որ ես էստեղ ֆինանսական կարիք չունեմ, ոնց որ մյուսների աչքը ծակի, էլի: Ես էլ եմ էստեղ նեղ վիճակում եղել, բայց երբեք գողություն չեմ արել: Էստեղ ամբողջ հայությունն ինձ գիտի:

 

-Կասե՞ք` ինչպես ազատ արձակվեցիք: Չապացուցվե՞ց մեղադրանքը:

-Դատավարություն տեղի ունեցավ, դատախազը պահանջեց 15 տարվա ազատազրկման դատապարտել` կանխամտածված սպանություն նախապատրաստելու համար: Առաջին նիստից հետո որոշ հանգամանքներ պարզվեցին, և դատախազը փոխեց իր դիրքորոշումը, պահանջեց պայմանական պատիժ: Հաշվարկ արեցին, որ ինչքան նախատեսվում էր, ես արդեն նստել էի` այդ վեց ամիսը:

 

-Իսկ ինչի՞ համար պայմանական տվեցին:

-Եթե ինձ լրիվ արդարացնեին, ապա ինձ պետք է փոխահատուցում տային` այդքան ժամանակ կալանքի տակ մնալու համար: Էստեղի  օրենքներն ավելի վատն են, քան Հայաստանի օրենքները: Հայաստանի կոռումպացված  դատական համակարգը ավելի լավն է, քան էստեղինը: Եթե ես բողոքարկեի այն ժամանակ, երբ բանտում էի, պետք է նստեի էնքան  ժամանակ մինչև հարցը լուծվեր: Ամսի չորսին հանդիպելու եմ փաստաբաններիս հետ, քննարկելու ենք, թե ինչ պետք է անել:  Ես, իհարկե, դատի եմ տալու նրան (Արմեն Ալաջանյանին – Ա.Կ.):

 

-Երևի տեղյակ եք, որ Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ում հաղթելուց հետո Ձեր գործը վերաբացվել է և ուղարկվել նոր նախաքննության: Մասնակցելո՞ւ եք քննությանը:

-Գիտեմ: Անպայման: Երբ բացակայել եմ, կալանավայրից էլ կապի մեջ եմ եղել իմ փաստաբանների հետ:  Մայիսի 26-ին ազատվեցի,  եկա, իմ տունը թալանել էին` հեռախոսը, նոթբուքը, հագուստներս տարել են: Հիմա կապի միջոցներից մի քիչ վատ եմ: Անպայման էս քանի օրը նոթբուքը կլինի, ու ամեն ինչին ես հետևելու եմ: Եթե  կարիք լինի, կգամ Հայաստան կամ Վրաստան: Եթե Հայաստան գալ թույլ չտան, ապա Վրաստան կգամ, կհանդիպեմ փաստաբաններիս հետ:

 

-Ինչո՞ւ պիտի թույլ չտան:

-Ես քաղաքական ապաստան եմ ստացել այստեղ և իրավունք ունեմ բոլոր երկրները գնալ, բացի Հայաստանից:

 

-Ձեր գործում առկա է ներկայիս Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի անունը: Նա Ձեզ խոշտանգողներից մեկն է եղել: Ի՞նչ եք կարծում, նոր քննության ընթացքում բանը նրան կհասնի՞:

-Ես ամեն ինչ անելու եմ, որ հասնի: Ես էն ժամանակ չգիտեի, որ Աշոտ Կարապետյանը դառնալու է Երևանի ոստիկանապետ: Եվ նրա անունը էս էդ ժամանակ տվել եմ կոնկրետ գործի հանգամանքների բերումով, որովհետև ինքն, իրոք, այդ խփողներից մեկն էր: Նա ամենադաժան խփողն էր, երկաթով ու բանալիով էր ինձ խփում:

 

Հարցազրույցը` Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

 

Հ.Գ. Հարցազրույցը հրապարակելուց առաջ կապվեցինք նաև Արմեն Ալաջանյանի հետ` նրա տեսակետը լսելու  համար: Նա նախ վիրավորական ու զրպարտչական արտահայտություններ սկսեց անել լրագրողների ու խմբագիրների, ինչպես նաև Գրիշա Վիրաբյանի հասցեին` «սպառնալով Աստծով», իսկ վերջում էլ պարզապես հրաժարվեց որևէ բան պատմել դեպքի մասին: